Երեւանի տրանսպորտային ցանցը չի բավարարում անվտանգ եւ որակյալ սպասարկում իրականացնելու չափանիշներին: Ու այս խնդիրը լուծում չի ստանում: Գործին անգամ խառնվել է քաղաքային իշխանությունների կողմից հրավիրված բրիտանացի թանկարժեք խորհրդատուն, բայց արդյունքները տեսանելի չեն:
Ինչպես հայտնի է` քաղաքային իշխանությունը բազմաթիվ անգամ փորձել է հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնել: Բայց այդ փորձերը երբեւէ չեն հաջողել՝ հասարակական ճնշման տակ: Վերջին անհաջող փորձը 2013 թվականին էր, որը ձախողվեց երեւանցիների համառ պայքարի արդյունքում: Ճիշտ է՝ հիմա քաղաքացիները երթեւեկում են 100 դրամ սակագնով, բայց քաղաքապետարանը քաղաքի բնակիչներից «հաշվեհարդար» տեսնելու այլ` ավելի նենգ ճանապարհ է գտել: Այժմ քաղաքի բազմաթիվ երթուղիներ ձեւափոխել են իրենց երթուղին: Այսինքն՝ ավելի կարճացրել են այն, ինչի արդյունքում քաղաքացին երկու տրանսպորտից է օգտվում: Այսպես քաղաքապետարանը թաքուն-թաքուն երթուղիները կրճատելով կամ ձեւափոխելով՝ փորձում է մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի իրենք իրենց անունից պահանջեն ուղեւվարձը բարձրացնել, միայն թե ներկայիս պայմաններով չերթեւեկեն: Եւ սա քաղաքապետարանն արեց գողեգող` առանց իր քաղաքացիների կարծիքի հետ հաշվի նստելու:
Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը: «Եւ սա այն դեպքում, երբ նախկինում ընդամենը մեկ նստեցումով էր տեղ հասնում: Այս ամենի պատճառն ուղեւորավարձի սակագին չբարձրացնելն է: Երկու-երեք նստեցումով իրենց աշխատավայր կամ տուն հասնող մարդիկ նոր են հասկացել, որ իրենց համար ուղեվարձը կրկնակի է թանկացել»,- ներկայացրեց մասնագետը: Նա փոխանցեց նաեւ, որ իր ղեկավարած միության տվյալներով՝ մայրաքաղաքում 2013 թվականից հետո ավելի քան 12 երթուղի այլեւս չի շահագործվում:
Ըստ Եղիազարյանի` այն տարածքներում, որտեղ ուղեւորահոսքը քիչ է, երթուղիները կրճատվել են: «Վարորդներն ասում են` իմ սեփականությունն է, ես չեմ կարող երկու կամ երեք մարդու համար այդ ամբողջ երթը կատարել: Այսօր ոչ մի վարկային կազմակերպություն մեր վրա չի նայում, որովհետեւ վտանգավոր գոտում ենք: Շուտով կասեն՝ առանց վառելիքի աշխատեք, մի նորոգեք ավտոմեքենան: Բայց դուք գիտեք, որ վարորդները գործող մեքենաները քանդում են, որպեսզի դրա պահեստամասերով նորոգեն մյուսները»,- տեղեկացրեց փոխադրողների խնդիրներով զբաղվող Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի խնդիրները կարգավորելու համար հրավիրել է բրիտանական WYG International ընկերության խորհրդատուի, որին, ի դեպ, վճարվել է 840 հազար եվրո: Սակայն բրիտանացի թանկարժեք խորհրդատուն առարկայական ոչինչ չի արել մինչ օրս՝ բացի քննարկումներ անցկացնելուց:
Բայց փոխադրողների միության նախագահը համոզված է, որ քաղաքապետարանի ուղեվարձը թանկացնելու այս փորձը եւս չի հաջողելու: «Ես այդ բրիտանացի պարոնին հարցեր ունեմ տալու, չգիտեմ՝ ոնց պետք է պատասխանի, բայց խնդիր ունի լուծելու, ինքը պետք է ապահովի 100 դրամ սակագնով շահութաբեր աշխատանք: Իսկ այսօրվա երթուղային ցանցով դա հնարավոր չէ: Դեռ չեմ խոսում այն մասին, որ նոր համակարգին անցնելու համար շատ գումարներ են պետք: Եվրոպական տարբերակը չի կարող հեշտությամբ ներդրվել մեր քաղաքում, հակառակ դեպքում` փոխադրավարձը շատ բարձր է լինելու, ոչ թե 100 կամ 200 դրամ, այլ 500 դրամն անցնելու է: Թանկարժեք տրանսպորտ է»,- նկատեց Եղիազարյանը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։
Հ.Գ. Հավելենք, որ «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված է, որ Երեւանում տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը քաղաքապետի պարտադիր լիազորությունների մաս է կազմում: Իսկ դրանց ոչ պատշաճ իրականացման դեպքում կառավարությունը իրավունք ունի պաշտոնանկ անելու քաղաքապետին: Գուցե պարոն Տարոն Մարգարյանը տեղյակ չէ՞, թե այսօր ինչ պատկեր է այս ոլորտում, եւ բոլոր հիմքերը կան՝ իրեն պաշտոնանկ անելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉՓՈԽՎԵՑ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած իր գործունեությունը սկսեց նորամուծություններով, պատգամավորների աշխատավարձերն է անգամ որոշել պահել, սակայն մեկ հարցում նա այդպես էլ հավատարիմ մնաց նախկինների գործելաոճին: Այս անգամ եւս խորհրդարանում մեծ թվով ԶԼՄ ներկայացուցիչներ էին դիմել հավատարմագրման՝ մոտ 280 անձ, եւ այդպես էլ ոչ ոք չի մերժվել:
Բոլորին, առանց հավատարմագրման կարգը ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացնելու, տրվել է հավատարմագիր, եւ ԶԼՄ 280 ներկայացուցիչ իրավունք ունի լուսաբանելու ԱԺ աշխատանքները: Ինչպես հայտնի է՝ նորընտիր այս խորհրդարանում առկա է 105 պատգամավոր. փաստորեն նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ԶԼՄ երկու ներկայացուցիչ:
Ըստ ամենայնի, Արա Բաբլոյանին խորհուրդ են տվել որեւէ տեսակի լրագրողի հետ չվատացնել հարաբերությունները եւ բոլոր, անգամ նորելուկ կամ անհայտ հասցեով կայքերին անխտիր հավատարմագրել, ինչպես արել են նախորդները: Եվ այդ պատճառով ունենք նույն իրավիճակը. պատգամավորները բողոքում են, թե ով ասես՝ լրագրողի անվան տակ իրենց մոտենում, գործարք է առաջարկում, սակայն իրավիճակը այդպես էլ չի փոխվում:
ՉՎԵՐԹԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ՝ Երեւան-Պրահա ուղիղ չվերթը, հնարավոր է, վերականգնվի սույն թվականին: «Երեւան-Պրահա ուղիղ չվերթի վերականգնման վերաբերյալ որոշումը կայացվել է մասնավոր ընկերությունների կողմից: Երկու կողմից էլ ավիաընկերությունները մասնավոր են, եւ որոշումը՝ իրականացնել չվերթ, թե ոչ, հիմնված է իրենց բիզնես հաշվարկի վրա»-, նշել է Մելքոնյանը: Նրա խոսքով՝ չվերթի վերականգնումը նպաստում է ուղիղ կապերին, տուրիզմի զարգացմանը: Վերջինս նաեւ հույս հայտնեց, որ տարվա ընթացքում կիրականացվի չվերթը, որովհետեւ այս պահի դրությամբ դրա նախադրյալները կան:
ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԵՂԱՆԱԿ
Սեպտեմբերի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: