Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշում էր, որ աշխատելու է կինոյի մասին օրենքի ընդունման ուղղությամբ։ Այժմ, երբ հայկական կինոյի ոլորտում զգալի փոփոխություններ են սպասվում` ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը, կինոմիության նոր նախագահի ընտրությունը, «Կինոյի մասին» օրենքի ընդունումը դառնում է օրակարգային: «Ժողովուրդ»-ը գրավոր հարցման միջոցով դիմել է մշակույթի նախարարություն` պարզելու համար` ինչ փուլում է օրենքի ընդունումը, ինչ է այն ենթադրում: Մեր հարցերին պատասխանել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
-Կարո՞ղ եք նախանշել որեւէ ժամկետ, որի շրջանակում կընդունվի «Կինոյի մասին» օրենքը։ Այս տարվա ընթացքում սպասե՞նք նման զարգացման։
-Այո՛, «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի այս տարվա նոյեմբերի 3-րդ տասնօրյակում:
-Ի՞նչ կտա Հայաստանին այդ օրենքը։ Նշեք, խնդրեմ, մեր երկրում նկարահանումներ իրականացնող պրոդյուսերական կենտրոններին եւ կազմակերպություններին օրենքի շնորհիվ որոշակի հարկատեսակներից ազատելու մեխանիզմները։
-Օրենքը կկարգավորի կինեմատոգրաֆիայի ոլորտում պետության եւ ֆիլմարտադրողների իրավահարաբերությունները, կապահովի նորմատիվ դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը եւ հիմք կհանդիսանա կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի մշակման եւ ընդունման համար: Օրենքի ընդունումը խթան կհանդիսանա ոլորտի զարգացմանը եւ ֆիլմարտադրության համար գրավիչ պայմանների ստեղծմանը, մասնավորապես պետական աջակցության արդյունավետության բարձրացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ երաշխիքի տրամադրման, կրթական համակարգի բարելավման, ենթակառուցվածքների եւ նյութատեխնիկական հենքի արդիականացման համար: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների շրջանակներում առնվազն 100 մլն դրամի չափով ֆիլմարտադրություն իրականացնելու դեպքում ֆիլմարտադրողը ֆիլմարտադրության ծախսերի կազմում ներառված աշխատանքները, ծառայությունները մատակարարներից ձեռք է բերելու դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով, իսկ մատակարարների չստացած եկամուտը փոխհատուցվելու է պետական բյուջեից:
-Նախարարն ավելի վաղ նշել էր, որ կինոյի մասին օրենքը կխթանի կինոարտադրությունը Հայաստանում եւ մեր երկիրն արտերկրում ներկայացնելու լավ միջոց կլինի։ Ինչպե՞ս։
-Օրենքի նախագծով նախատեսված է նոր կառույցի` «ֆիլմ-հանձնաժողով» ազգային մարմնի ստեղծումը, որը ներկայացնելու է ֆիլմարտադրողների շահերը` դառնալով կապող օղակ վերջիններիս եւ պետության, ինչպես նաեւ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների միջեւ: Ֆիլմ հանձնաժողովը իրականացնելու է կրթական, խորհրդատվական եւ օժանդակ բնույթի այլ գործունեություն, աջակցելու է մասնագետների տեսական գիտելիքների պրակտիկ կիրառման եւ ֆիլմ-դեբյուտների ստեղծման հարցում, համագործակցելու է օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնելու է Հայաստանը եւ հայկական ֆիլմարտադրանքը միջազգային փառատոներում եւ շուկաներում, նպաստելու է համատեղ ֆիլմարտադրության կայացմանը:
-Իսկ օրենքը որքանո՞վ կնպաստի հեղինակային իրավունքի պաշտպանությանը։
-Օրենքի նախագծով ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը հենց հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությունն է:
-Օրենքը որքանո՞վ կնպաստի պետական բյուջեից ֆիլմարտադրությանը հատկացված գումարներն արդյունավետ ծախսելու պրոցեսի վերահսկմանը։
-Օրենքի նախագծով ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից են ֆինանսավորման հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը: Պետական աջակցությունը ֆիլմերին տրամադրվելու է նախարարին կից կինոխորհրդի կողմից` գեղարվեստական խորհրդի եզրակացության հիման վրա:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՎԱՉԵՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՍԻԹՔՈՄՈՒՄ
Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը առաջիկայում հանդես կգա նոր սիթքոմում՝ որպես պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Վաչեն։ Սիթքոմը կոչվում է «Ոսկե դպրոց» (ռեժիսոր՝ Կարեն Ադամյան), այն կհեռարձակվի «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: «Ի դեպ, սիթքոմի սյուժեով կա հոլիվուդյան ֆիլմ։ Այն պատմում է մի հանցագործի մասին, որը ոսկի է գողացել, փախչում է ոստիկաններից, սակայն գիտակցելով, որ շուտով պետք է բռնվի, փոս է փորում եւ գողոնը պահում է մեջը։ Եվ երբ հերոսը հինգ տարի անց ազատվում է բանտից, գնում է տվյալ տարածք եւ տեսնում է, որ այդ տեղում դպրոց է կառուցվել։ Հետո նա խաբեության միջոցով ընդունվում է այդ դպրոց, փորձում մոտ լինել ոսկիներին։ Այդ ընթացքում շատ զվարճալի զարգացումներ են լինում հերոսի եւ ուսմասվարի, պահակի, ուսուցիչների ու աշակերտների հետ հարաբերություններում»,-պատմեց Վաչեն։
Նա նշեց, որ սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 24 սերիայից, այն եթերում կլինի մինչեւ Ամանոր. «Թե որքան երկար կձգվի նախագիծը, ցույց կտա ժամանակը»,-ասաց Վաչեն։
Նա հավելեց, որ սիթքոմի կերպարները, դրանում ծավալվող հարաբերությունները, այսպես ասած, հայաֆիկացված են եւ ադապտացված են հումորային ժանրի լոգիկային։ Հարցին, թե արդյո՞ք սիթքոմում կնկարահանվեն այլ հայտնի դեմքեր, Վաչեն տվեց դրական պատասխան, սակայն դեռեւս չցանկացավ անուններ տալ։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ «Վիտամին» հումորային ակումբի անդամները առաջիկայում միավորվելու եւ մեկ համատեղ նախագծում հանդես գալու մտադրություն ունե՞ն. «Մտածում ենք այդ ուղղությամբ, բայց առայժմ կոնկրետ ծրագիր չկա»։ Դիտարկմանը, թե ակումբի անդամները, կարծես, անվերադարձ պառակտվեցին, Վաչեն պատասխանեց. «Մենք շարունակում ենք պահել ընկերական ջերմ հարաբերությունները, պարզապես ամեն մեկս մեր զբաղվածությունն ունենք, եւ ժամանակի սղության հարցը կա, այդ է պատճառը, որ միավորվելու ծրագրեր չենք կազմում»։
Շարունակելով գործնական ծրագրերի թեման՝ Վաչեն նաեւ նշեց, որ սթենդ-ափ շոուներով հանդես գալու ծրագրեր ունի. «Նպատակ ունեմ այդ ֆորմատում հանդես գալ ե՛ւ որպես սցենարիստ, ե՛ւ որպես դերասան։ Պարզապես այս պահին ամբողջությամբ զբաղված եմ սիթքոմով, ուստի շոուի համար ժամանակ դեռ չի մնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ