Վերնիսաժի առևտրականներին տեղավորել են, սակայն պայմաններից նրանք գոհ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Վերնիսաժի հարակից տարածքում հնաոճ սպասք վաճառող մարդկանց չեն թույլատրում նույն տեղում առևտուր անել՝ պատճառաբանելով, որ վերջիններս փակում են մայթը, միևնույն ժամանակ նշելով, որ այդ հատվածը դառնալու է մեքենաների կանգառ: Առևտրականները սեպտեմբերի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալ Դավիթ Օհանյանին նամակ-խնդրագիր հանձնեցին. վերջիններս ուզում էին վերադառնալ իրենց նախկին տեղերը: Դավիթ Օհանյանը մի քանի օր ժամանակ խնդրեց՝ հարցին լուծում գտնելու նպատակով:

ArmLur.am-ի հետ զրույցում առևտրականներից մեկը՝ տիկին Նազիկը նշեց, որ այս շաբաթ-կիրակի իրենց թույլատրել են աշխատել, այդ առումով գոհ են, սակայն պայմաններից ոչ այնքան.

«Շաբաթ օրը եկանք Վերնիսաժ, մեկ մետրանոց սեղաններ էին դրել: Սակայն դա սպասքի սեղան չի, մեկ-երկու աման դնում ես և վերջ: Ժամանակին, երբ այդ նույն մեկ մետրի վրա աշխատում էինք, 300 դրամ էինք տալիս, հիմա տալիս ենք 1000 դրամ: Սեղանները մեր նախկին տեղում չեն դրվել, այլ Վերնիսաժի ամենասկզբում՝ շատ նեղ տարածքում: Մարդիկ նույնիսկ այդտեղ չեն մտնում, քայլում, որովհետև վախենում են դիպչեն իրերին: Ասում են, որ ժամանակավոր լուծում է, մեծ սեղաններ են տեղադրելու, սակայն դա երբ տեղի կունենա և որտեղ այդ սեղանները կտեղադրվեն, պարզ չէ: Մեր ներկայիս տեղում ծածկ չկա, արևից և անձրևից չենք կարողանում պաշտպանվել: Քաղաքապետարանը պարտադրել է Վերնիսաժի վարձակալին տեղավորել առևտրականներին վերևի հատվածում, սակայն մենք էլ պայքարում էինք, որ ներքևի հատվածում լինի կամ էլ այնպիսի տեղ, որ չենթարկվենք Վերնիսաժի վարձակալին, այլ քաղաքապետարանին կամ էլ թեկուզ հարկային մարմնին: Մենք չենք ուզում գումար տալ Վերնիսաժի վարձակալին», – ասաց տիկին Նազիկը:

Թե որքան ժամանակ կմնան այդ տեղում տիկին Նազիկը չգիտի.

«Հնարավոր է մեկ տարի, մեկ ամիս, մեկ շաբաթ: Այդտեղ մեզ ձեռնտու չէ, իրենք իրենց գումարի տերն են: Բայց այդտեղ առևտուր անել հնարավոր չէ, ապրանքը չի երևում չի նայվում, հաճախորդները չեն գալիս այդտեղ: Օրինակ, կիրակի օրը 10 դրամի առևտուր չեմ արել: Բացի դա, Վերնիսաժի կրակոցներից հետո հաճախորդների թիվը պակասել է, մանավանդ տուրիստներինը: Համենայն դեպս այս պահին սա է ելքը: Գոնե հիմա աշխատում ենք», – եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս