Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչու ուրիշները կարող են, մենք` ոչ. Կարեն Կարապետյանի ելույթը` համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ունի հսկայական ներուժ, դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր, համարժեք արձագանքելու ներքին և արտաքին մարտահրավերներին: Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, այսօրվա աշխարհը, այդ թվում, Հայաստանն, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: «Մենք սկսել ենք բարեփոխումներ բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով` ապահովելու Հայաստանի արժանի դերն աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են, ոչ միայն անմիջական խնդիրների կարգավորմանը, այլև հիմք են դնում Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ կենսունակություն ապահովող բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպ և գործելակերպ փոխող հիմնարար փոփոխություն: Այս ամենի իրականցմանն է ձեռնամուխ եղել մեր թիմը և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք բոլորս միասին չենք կարող հաջողել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ դարերի ընթացքում հայ ազգը մղել է պայքար և իր ուժերը համախմբել հիմնականում այն պահին, երբ վտանգ է զգացել: Նրա խոսքով, հպարտանում ենք այն փաստով, որ մեր ազգն, ի տարբերություն այլ ազգերի, պահպանել է իր ինքնությունը, կարողացել է մշտապես զարգանալ ու արարել: «Մենք անցել ենք կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության միջով: Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել իր արժանապատվությունը, չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից: Մեր այսօրվա դժվարություններն անհամեմատելի են այն դժվարությունների հետ, որոնց միջով անցել են մեր նախնիները: Արդյունքում` մենք այսօր կանք, ունենք մեր անկախ պետությունը: Սա գերագույն արժեք է»,-ասաց նա:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ ժամանակակից, արդյունավետ, զարգացող, պատմության լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պետք է համախմբվել: «Մենք ինքներս պետք է մեզ հարց տանք, թե ինչպես կարող ենք մասնակցել և ինչպես կարող ենք ծառայել այդ նպատակին: Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչու ուրիշները կարող են, մենք` ոչ: Համոզված եմ, որ բոլորիս նպատակն ազատ, անվտանգ, արդար Հայաստան ունենալն է»,-հավելեց վարչապետը:




Լրահոս