ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ամերիկյան զենքով ապահովելու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է US News-ը: Ավելի վաղ ադմինիստրացիայից ԱՄՆ կոնգրեսին հայտնել էին, որ ծրագրում են Նյու Հեմփշիրի զենք արտադրող Sig Sauer ընկերությունը թույլատրել զենքի վաճառքը Էրդողանի թիկնազորի անդամներին:
Գործարքը կազմելու էր 1,2 ԱՄՆ դոլար: Սակայն կոնգրեսականներն իրենց բողոքն էին սկսել հայտնել այն բանից հետո, ինչ 2017 թվականի մայիսի 16-ին Էրդողանի թիկնազորի անդամները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Սա Թուրքիայի ղեկավարների թիկնազորի մասնակցությամբ ԱՄՆ-ում տեղի ունեցած միջադեպերից վերջինն էր: Հունիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը դիմել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ հորդորելով հրաժարվել զենքի վաճառքի մտադրությունից՝ թուրք թիկնապահներին անվանելով «ոչ պրոֆեսիոնալ և կոպիտ»: Ի վերջո` որոշում է կայացվել հետ կանչել զենքի վաճառքի առաջարկը: