Ինքնախոստովանությամբ համեմված հեքիաթներ. ինչպես էր Սերժ Սարգսյանը փորձում սփյուռքահայերին համոզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Սփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն առանձնապես չէր տարբերվում նախորդներից: Ասելիքը նույնն էր: Սերժ Սարգսյանը փորձում էր սփյուռքահայերին համոզել, թե Հայաստանն օրեցօր ծաղկում ու ավելի ժողովրդավար երկիր է դառնում, հատկապես հիմա՝ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի:

Հետո սփյուռքահայերին կոչ արեց Հայաստանում ներդրումներ իրականացնել՝ հավաստիացնելով, թե դրա համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ ու միջավայր. ճիշտ եւ ճիշտ 2014թ. անցկացված վերջին համաժողովում ունեցած ելույթի նման, երբ ասել էր, թե «Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել՝ ներդրումներ կատարելու համար»:

Նախորդ համաժողովից երեք տարի անց պետք է արձանագրենք, որ այս հարցում որեւէ լուրջ տեղաշարժ չեղավ, եւ լուրջ ներդրումներ չարվեցին: Նույնն է սպասվում նաեւ այս անգամ: Առավել եւս, երբ սփյուռքահայ գործարարներից եղան մարդիկ, որ արդեն լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեցին իրենց դժգոհությունների մասին՝ պատմելով, թե ինչպես են Հայաստանում իրենց ձեռքից խլել բիզնեսը: Ամերիկահայ գործարար Զարեհ Պալյանն, օրինակ, պատմել է, թե ինքը Հայաստանում 4 բիզնես է դրել, բայց 4-ն էլ թալանել են.

«Ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը»,- պատմել է նա: Ամերիկահայ մեկ այլ գործարար՝ Ստեփան Հովակիմյանն էլ խոսել էր Հայաստանում տնտեսական մենաշնորհների մասին՝ շեշտելով, թե սփյուռքից շատերը կուզեն Հայաստանում ներդրումներ անել, բայց վստահ չեն, որ խոչընդոտների չեն հանդիպի:

Եւ, ընդհանրապես, երեկ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ սփյուռքահայերը խորը անվստահություն ունեն Հայաստանի իշխանությունների հանդեպ: Այն աստիճան, որ նրանք չեն փորձում թաքցնել բացասական վերաբերմունքը, լուրջ դժգոհությունը: Սա միանգամայն բնական է. սփյուռքահայերը շատ լավ պատկերացում ունեն, ինչ է կատարվում Հայաստանում, որքան էլ իշխանությունները փորձեն հեքիաթներ պատմել եւ իրականությունը ցանկալի գույներով ներկայացնել:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը երեկ համաժողովի մասնակիցներին փորձում էր վստահեցնել, թե ԱԺ վերջին ընտրություններն անցան «աննախադեպ թափանցիկության» հիման վրա, եւ «միջազգային եւ տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարության կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը»:

Ինչ-ինչ, բայց գոնե այս հարցում պետք չէր ստել, որովհետեւ արտերկրի մեր հայրենակիցներն էլ կարող են համացանցում գտնել միջազգային ու տեղական դիտորդների՝ ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցները եւ տեսնել, որ ոչ միայն բարձր գնահատականի մասին խոսք չկա, այլեւ նրանք քննադատել են իշխանություններին՝ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրողներին ահաբեկելու, ընտրակաշառք բաժանելու, բողոքները ոչ պատշաճ կերպով քննարկելու համար՝ արձանագրելով, որ այդ ամենը «հանգեցրին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը»:

Ու դրանից հետո հազիվ թե հավատան Սերժ Սարգսյանի մյուս խոսքերին. ազատ եւ թափանցիկ ընտրությունների, ժողովրդավարության, խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետության մասին հեքիաթներով հնարավոր չէ խաբել մարդկանց: Սփյուռքահայերն ամեն ինչ էլ տեսնում ու հասկանում են, նաեւ այն, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, այլ ոչ թե երկրի փրկությունը, եւ այսպես շարունակ:

Ի դեպ, նկատենք, որ Սերժ Սարգսյանի ելույթում մեկ նորույթ, այնուամենայնիվ, կար. հայրենադարձության կոչը՝ համեմված ժողովրդագրական վատ վիճակի մասին խոստովանությամբ: Նա հայտարարեց որ նախորդ 25 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թիվն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով նվազել է.

«Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են»,- խոստովանեց Սարգսյանը: Հետո նշեց, թե իրենք մտադիր են առաջիկա 25 տարում ՀՀ բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի եւ կոչ արեց.

«Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք եւ դեպի Հայաստան ուղղենք նաեւ սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել եւ շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը եւ, ի վերջո, հայրենադարձությանը… Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման»:

Ճիշտ է՝ ժամանակին նույն Սերժ Սարգսյանը փորձում էր լրագրողներին համոզել, թե Հայաստանում արտագաղթը ոչ միայն չի «ահագնանում», այլեւ, ընդհակառակը, նվազում է: «Ահագնանալը ո՞րն է: Ի՞նչ է նշանակում ահագնանալ:

Կարող ե՞ք ինձ բացատրել… Մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է, եւ անցյալ տարի կրճատվել է, եւ այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ էլ ավելի է կրճատվելու: Ահագնանալը ո՞րն է»,- 2014թ. հայտարարել էր նա: Մինչդեռ այսօր նա ընդունում է, որ ժողովրդագրական վիճակը վատ է, ու կոչ անում հայրենադարձության:

Այլկերպ, թերեւս, չէր կարող լինել. ժողովրդագրական վատ վիճակի մասին արդեն ահազանգում են բոլորը: Համաժողովի ժամանակ իր ելույթում Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը բարձրաձայնել էր այս խնդիրը՝ հայտարարելով. «Եկեք, լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել եւ վերքերը դարմանել:

Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից եւ այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարեւոր հիմքերից մեկը… Անհրաժեշտ է եւ անհետաձգելի՝ արտագաղթը նվազեցնելու եւ Հայաստանի բնակչության թվային աճը ապահովելու ձգտող կոնկրետ միջոցների ծրագրված կիրառումը»:

Ամենայն Հայոց կաթողիկոսը եւս կարեւոր ելույթ ունեցավ: «Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով»,- հայտարարեց Գարեգին Երկրորդը: Նա նաեւ ասաց, որ Հայաստանը ձախողել է, եւ Հայաստանում անարդարություն է:

Հ.Գ. Հանուն արդարության նշենք, որ 6-րդ համաժողովի միջոցառումը լավ էր կազմակերպված: 1800 հյուրեր կային 71 երկրներց, ինչը բավականին տպավորիչ էր: Անշուշտ, այսպիսի միջոցառումները կարեւոր են, որքան էլ որ դրանք քննադատվեն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս