Ի՞նչ պայմանավորվեցին Թուրքմենստանում՝ հարսանիքի «ընդմիջմանը». հագեցած հանգստյան օրեր էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերը ՀՀ իշխանական էլիտայի համար իսկապես հագեցած էր: Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ ողջ վերնախավը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում էր «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանեկան արարողությանը:

Իհարկե, հարսանեկան արարողությունը չի անցել առանց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարապետյանի. վերջինս, ընդ որում, հարսանեկան արարողության կնքահայրն էր:

Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ պաշտոնյաների՝ ՌԴ այցելության մասին պաշտոնապես ոչինչ նշված չէ, այնինչ՝ պաշտոնական լրահոսում կարող էր նշվել գոնե նրանց՝ մասնավոր թեկուզ մեկօրյա այցով Մոսկվա մեկնելու մասին: Չարվեց, փոխարենը համացանցը պայթում էր վարչապետի եւ նախագահի հարսանեկան ուրախ տրամադրության մասին պատմող տեսանյութերով:

Ու այսքանից հետո հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք թաքցնել մասնավոր այցերը: Նկատենք, որ փոխարենը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը լուսաբանում էր Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 17-ին Թուրքմենստան կատարած այցը:

Ընդ որում, պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցել է Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, իսկ մինչ այդ էլ հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նշենք, որ դեռեւս սեպտեմբերի 4-ին «Ժոողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունները ճշտելու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի մամուլի քարտուղարին՝ հետաքրքրվելով.

-Ճի՞շտ են, արդյոք, տեղեկությունները, որ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի` Հայաստան այցի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան գազ ներկրելու մասին:

-Ճի՞շտ են տեղեկությունները, որ սեպտեմբերի 16-17-ին Թուրքմենստան է մեկնելու Սերժ Սարգսյանը, եւ օրակարգում նաեւ այդ հարցն է:

-Արդյո՞ք ՌԴ-ն կհամաձայնի ռուսական «Գազպրոմ»-ի մատակարարած գազին այլընտրանք ունենալու տարբերակին:

Ի պատասխան՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը սեպտեմբերի 6-ին այսպիսի պատասխան տվեց. «Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների միջեւ ս.թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանդիպման, ինչպես նաեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տարածել է համապատասխան մամուլի հաղորդագրություն:

Թուրքմենստան մեկնելու տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի այցելությունների մասին հանրությունը տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»:

Եւ, ահա, կիրակի օրը տարածված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Թուրքմենստանում նախագահի հետ «հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երեւանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»: Հուսանք՝ այլընտրանքային գազի ներկրումը կստացվի:

Հ. Գ. Նախօրեին էլ Սերժ Սարգսյանը մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովին եւ նույն օրն էլ աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս