ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է սպանության փորձի փաստով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Արամ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ա. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Թաթուլ Մանթաշյանը, Ռուստամ Ամիրխանյանը և մի շարք այլ ոստիկաններ տևական ժամանակով իրեն ապօրինի պահել են ոստիկանության նշված բաժնում և խոշտանգել, որի պատճառով առանց կարդալու ստորագրել է հարցաքննության արձանագրությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Ա. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ: Ա. Ղուկասյանի կողմից ծանր հանցագործության` խոշտանգման վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սմբատ Սաղաթելյանին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ինքը երբևէ չի հարցաքննվել և որևէ ցուցմունք չի տվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են հենց իրեն:
Մյուս քրեական գործն էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով վկա Հայկ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Այսպես, Հ. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ՔԿ քննիչներ Վարդան Կարապետյանին ու Ռուբեն Մարտիկյանին մեղադրել է իրենց վարույթում գտնվող քրեական գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներին` խոշտանգում կատարելու մեջ. մասնավորապես, Հ. Ղուկասյանը հայտնել է, որ քննիչները հարցաքննության արձանագրությունում ներառել են իր կողմից չհայտնած տեղեկություններ, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող գրառումներ կատարել հարցաքննության օրվա և ժամի մասին: Բացի այդ, հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի խումբ աշխատակիցներ խոշտանգել են իրեն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հերքվել են Հ. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել քննիչների և ոստիկանների կողմից ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ: Սուտ մատնության հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: