Իտալացի հանրաճանաչ դերասանուհի, բոլոր հիմնական միջազգային կինոփառատոնների մրցանակակիր, մի քանի գրքերի հեղինակ Սոֆի Լորենը ծնվել է 1934թ.-ի սեպտեմբերի 20-ին Հռոմում:
14 տարեկանում դարձել է տեղի գեղեցկության մրցույթի հաղթող: 1952թ.-ին Լորենը ծանոթանում է Պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ, որը ոչ միայն նրա առջև բացում է մեծ կինոյի դռները, այլև հետագայում դառնում է նրա ամուսինը և երկու տղաների հայրը:
Լորենին մեծ ճանաչում է բերում Վիտորիո Դե Սիկի «Նեապոլի ոսկիները» կինոնկարը: Ռեժիսորն օգտագործում է ոչ միայն դերասանուհու գեղեցկությունը և նեոպոլիտական վառ խառնվածքը, այլև ստիպում է աշխատեցնել միտքը, դիտողականությունը և կյանքի փորձը:
1957թ.-ին Լորենը նկարահանվում է Հոլիվուդում: Ամերիկայից վերադառնալուց հետո նա շարունակում է հաջողությամբ նկարահանվել Եվրոպայում: Նրա մասնակցությամբ նկարահանված «Չոչարա» կինոնկարը տարբեր կինոփառատոններում պարգևների է արժանանում:
Բազմաթիվ կինոնկարներում Լորենի զուգընկերն է եղեղ Մարչելո Մաստրոյանին: Այս զույգը դարձել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի դուետը: Այսօր ևս դերասանուհին մնացել է այնպիսի հմայիչ, ինչպիսին էր երիտասարդ հասակում: