Այսօր «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների տասից ավելի պաշտպաններ գործադուլ հայտարարեցին:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ երկու փաստաբանների թույլ չտվեցին մուտք գործել դատարանի դահլիճ, ինչից հետո ներկա փաստաբանները գործադուլ սկսեցին.
«Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին մինչ դատական նիստը սկսելը դատական կարգադրիչները թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ: Մյուս փաստաբանները ասացին, որ քանի որ պաշտպանները դատարանի դահլիճում չեն, նշանակում է դատական նիստը պետք է հետաձգել:
Մենք միջնորդություն ենք ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին, իսկ դատարանը հեռացել է խորհրդակցության՝ գործադուլ հայտարարած փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու համար»,- ասաց Հարություն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ այժմ փաստաբանները Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում են. դատական նիստին մասնակցելու համար դատարան են մտել միայն հանրային պաշտպանները:
Նշենք, որ նիստին չեն մասնակցում պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Զաքարյանը, Հրանտ Գեւորգյանը, Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը եւ Տիգրան Հայրապետյանը:
Լուսինե Առաքելյան