Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի բացմանը, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ խոսել էր Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:
Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետը ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ տարածքների «հանձնման» մասով, լսե՞լ եք: Ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Արցախը:
-Արցախի Հանրապետությունը եւ պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ եղել են անկեղծ, մենք երբեք չենք թաքցրել մեր մոտեցումները, չենք փորձել աճպարարությամբ զբաղվել: Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով: Միշտ ընդգծել ենք, ընդգծում ենք եւ շարունակելու ենք ընդգծել, որ մեզ համար ամենակարեւորը անվտանգության խնդիրն է: Սա է մեզ համար ամենակենսականը: Սախարովը ժամանակին ասել է, որ հայերի համար այս խնդիրը կյանքի եւ մահվան խնդիր է, իսկ ադրբեջանցիների համար՝ ամբիցիաների:
-Իսկ ո՞ր տարածքների մասին է խոսքը, որ պատրաստվում ենք հանձնել:
-Երբ խոսում ենք տարածքների մասին, նախ եւ առաջ հանրությունը պետք է իմանա, թե ինչ ունի: Սա շատ կարեւոր է: Նորից վերադառնանք բազմաթիվ անգամ քննարկված հարցերին, ասենք՝ Քարվաճառի շրջանին: Այդտեղ սկիզբ են առնում ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը, իսկ նա Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում: Եթե Արփան եւ Որոտանը թունավորեն, Սեւանը թունավորեն, Հայաստանը կապույտ ցեղասպանության առջեւ կկանգնի:
Աստված մի արասցե, եթե Ադրբեջանը վերցնի այդ տարածքները, մեզ թունավորելու է, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, խորհրդային տարիներին եւ հիմա էլ հայտարարում է, որ հայերն այնտեղ թաղում են Մեծամորի ատոմակայանի թափոնները: Սա ոչ թե ամբիցիաների, այլ զուտ անվտանգության խնդիր է:
-Զիջման ի՞նչ շեմի մասին է խոսքը, պարո՛ն Բաբայան:
-Պետք է հստակ պատկերացնել մեկ բան. չի կարող լինել զիջում: Այդ բառն ուղղակի անթույլատրելի է: Եթե մենք խոսում ենք այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է սահմանների հստակեցումը, կոռեկցիան, որովհետեւ դրանից մենք չենք կարող խուսափել, Ադրբեջանը անընդհատ դա է պնդում: Իհարկե, սա չի նշանակում, որ Ադրբեջանի ասածը մեզ համար ընդունելի է: Եթե խոսում ենք սահմանների մասին, դա միայն այն չէ, որ Ադրբեջանը պահանջում է ներկայիս Արցախյան Հանրապետությունից, դա նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրն է, Շահումյանի խնդիրն է, Մարտունու եւ Մարտակերտի հատվածներն են, այսինքն՝ սա շատ բարդ հարց է, ընդհանուր առմամբ՝ 20-ից 25 քկմ տարածքների մասին:
Եթե նրանք ուզում են այս ձեւով, ապա որեւէ կերպ չի կարող խախտվել մեր անվտանգությունը: Եվ քանի որ Ադրբեջանը մեզանից պարզապես պահանջում է միակողմանի զիջումներ, խոսել այս հարցի մասին, որ արդեն ինչ-որ բան պայմանավորված է, անիմաստ է: Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց: Խոստման դիմաց տարածք չեն զիջում: Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն:
-Փաստորեն պաշտոնական Ստեփանակերտը դեմ է տարածքների ցանկացած զիջմանը, այս դեպքում ի՞նչ կոնտեքստում քննարկենք ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը:
-Նալբանդյանի հայտարարությունը չպետք է քաղաքականացնել, շահարկել: Նա ասել է մեկ բան, որ անվտանգությանը որեւէ բան չպետք է սպառնա: Սա է բանալի բառը:
Զրուցեց Լուսինե Առաքելյանը