Կարեն Կարապետյանի նյարդերը սկսել են տեղի տալ. պայքարելո՞ւ է Սերժ Սարգսյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի նյարդերը սկսել են տեղի տալ: Նա այլեւս չի թաքցնում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարի վերաբերյալ իր դժգոհությունն ու անհամաձայնությունը, եւ բաց տեքստով հայտարարում, որ խորհրդարանական կառավարման պարագայում եւս ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը, այլ ոչ թե դառնալ փոխվարչապետ:

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ականները լծվել են հասարակական կարծիքը Սերժ Սարգսյանի վարչապետության ծրագրին նախապատրաստելու գործընթացին: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն օր ու մեջ հարցազրույցներ են տալիս` դեմքի լուրջ արտահայտությամբ պնդելով, թե Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո նրան պետք է հանձնել երկրի հետագա կառավարումը եւ այսպես շարունակ:

Քաղաքական հոտառություն պետք չի ունենալ` հասկանալու համար, որ հարցազրույցների այս շքերթը ոչ թե ինքնաբուխ, տարերային շարժումներ են, այլ իշխանական կուլիսներում ծրագրված հստակ սցենարի տարբեր մասեր:Հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին էր ակնարկել իր հետագա վարչապետության մասին՝ շեշտելով, որ ինքն իր դերը կունենա երկրի անվտանգության ապահովման հարցում:
Մինչդեռ Կարեն Կարապետյանն այս թեմայով խոսելիս՝ բավական կտրուկ է գտնվել:

Երբ լրագրողները հիշեցրել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունները, թե «Սերժ Սարգսյանը անփոխարինելի է վարչապետի պաշտոնի համար, երկրորդ փոխարինողը չկա», եւ հարցրել` արդյո՞ք նա համաձայն է այդ կարծիքի հետ, Կարապետյանը պատասխանել է.

«Եկեք, այսպես ասենք՝ մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանեմ, օֆիցիալ Հայաստանի հանրապետական կուսակցության կարծիքը երբ որ լինի, հարց տվեք: Դուք օֆիցիալ կարծիքը կուսակցության լսե՞լ եք՝ ոչ, երբ որ լինի, այն ժամանակ կխոսեմ»: Իսկ դիտարկմանը, թե սա կուսակցության կարեւոր դեմքերից մեկի հայտարարությունն էր, նա ասել է. «Դա իրենց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի, կուսակցությունը հենց որոշում ունենա, կհայտարարեն»:

Սկսենք նրանից, որ Գալուստ Սահակյանն ամենեւին էլ «մասնավոր անձ» չէ, այլ ՀՀ փոխնախագահներից մեկը, կուսակցության ղեկավար կազմի` գործադիր մարմնի անդամ /ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ փոխնախագահ եւ ԳՄ անդամ է նաեւ Կարեն Կարապետյանը/: Այնպես որ, նրա հայտարարությունները, որքան էլ մասնավոր, բայց ընդհանուր առմամբ արտացոլում են ՀՀԿ տրամադրությունները:

Եւ հետո՝ Գալուստ Սահակյանը նման հարցերում չէր կարող գործել առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու: Առավել եւս, երբ նույն միտքը նա տարբեր ձեւակերպումներով կրկնել է ոչ մեկ անգամ, առավել եւս, երբ նույն միտքը կարմիր գծի նման անցնում է ՀՀԿ-ականների հարցազրույցներում (հասկանալի է՝ սա պատահական չէ): Ուստի այս իրավիճակում Կարեն Կարապետյանի հայտարարությունները միանգամայն այլ երանգ են ստանում: Առավել եւս, երբ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, թե արդյո՞ք Կարապետյան վարչապետը «կփափագի մնալ պաշտոններու վրա», նա պատասխանել է՝ այո՛:

Փաստորեն, չթաքցնելով վարչապետ դառնալու իր «փափագը»՝ Կարեն Կարապետյանն անուղղակի հակադարձում է իր կուսակիցներին, որոնք Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում ու խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում նրան են պատկերացնում ապագա վարչապետ: Եւ Կարապետյանը հակադարձում է՝ հիշեցնելով, որ կուսակցության ներսում պաշտոնապես նման որոշում չեն կայացրել:

Հատկանշական է մեկ փաստ եւս. վարչապետի թեկնածուի թեմայի մասին խոսելիս Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանն անորոշ պատասխան է տվել. «Հարգելինե՛րս, ինձ թվում է՝ մինչեւ ապրիլը շատ երկար ժամանակ կա, եւ մեր Հանրապետական կուսակցությունը մեր նախընտրական ծրագրերով, Ազգային ժողովի վերջին ընտրություններում մեր բնակչության կողմից վստահություն ստացած ծրագրերով, մեր կուսակցությունը իր ծրագիրը տանում է առաջ»:

Իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանին փոխարինող երկրորդը չկա՞, թե՞ կարող է լինել, նա ասել է. «Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահը: Այո՛, իմ կարծիքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահին փոխարինող չկա»: Ուշադրություն դարձրե՛ք Մարգարյանի ձեւակերպումներին, երբ պնդում է, թե ՀՀԿ նախագահին փոխարինող չկա: Հետաքրքիր է՝ իսկ Սերժ Սարգսյանին որպես վարչապետ կա՞ արդյոք փոխարինող, եթե այո, ո՞վ է թեկնածուն:

Մինչ այդ նկատենք, որ ՀՀԿ ներսում առաջիկա ամիսներին, այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնի համար ներքին պայքար է սպասվում: Դատելով Կարեն Կարապետյանի պահվածքից՝ մինչեւ հիմա ընթացած նյարդերի պայքարում նա սկսել է տանուլ տալ:

Չնայած, Կարապետյանին էլ կարելի է հասկանալ. նրան համոզեցին վարչապետի պաշտոնը ստանձնել՝ խոստանալով, որ սա կարճաժամկետ ծրագիր չէ, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ նա Սահմանադրությամբ սահմանված մշտական բնակության ցենզին չհամապատասխանելու պատճառով չի կարող ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակում լինել, միգուցե չհամապատասխանի նաեւ 2018թ. ապրիլին վարչապետի համար սահմանված ցենզին եւս:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս