ՀՀ արդարադատության նախարարությունը վերջին շրջանում աշխատում է իր գործառույթների ու հնարավորությունների գրեթե կեսով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այս նախարարության աշխատակիցների մեծ մասը օրնիբուն աշխատում է օրենսդրական այս կամ այն նախաձեռնությունը օր առաջ ավարտելու համար:
«Մալբրի» կոչվող համակարգի թելադրմամբ են գործում պետական այս հիմնարկում՝ անտեսելով ոլորտում առկա մյուս բազում խնդիրները: Բայց նույնիսկ այս պայմաններում չեն հասցնում տեղավորվել ժամանակի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հրապարակել էր, որ մի շարք օրենսդրական նախագծերի խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետները, որ սահմանել էր Սերժ Սարգսյանը 2016թ. փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրով, խախտվել են:
Օրինակ՝ դատական օրենսգիրքն ԱԺ պետք է ներկայացվեր մինչեւ 2017թ. մարտի 1-ը, բայց այն դեռեւս խորհրդարանում չէ: Մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը պետք է ներկայացվեր ՍԴ մասին սահմանադրական օրենքը, բայց դա եւս դեռեւս չի բերվել ԱԺ:
Օրենքներից մի քանիսն էլ ԱԺ է ներկայացվել Սերժ Սարգսյանի սահմանած վերջնաժամկետի խախտումով. մինչեւ 2017թ. ապրիլի 1-ը պետք է ԱԺ ներկայացվեր դատախազության մասին օրենքը, բայց կառավարությունն այն խորհրդարան է ուղարկել օգոստոսին նոր միայն: Նույն ամսում ԱԺ է ուղարկվել ԿԲ մասին օրենքը, մինչդեռ վերջնաժամկետ սահմանված էր 2017թ. մայիսի 1-ը, եւ այսպես շարունակ: