«Ինքնահավան, քիթը տնկած գյադեն». ինչպես են դատավորները խոսում միմյանց հետ և ինչպես են որոշումները կայացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս էր անդրադարձել դատական համակարգում առկա խնդիրներին: Մասնավորապես այն մասին, որ դատավորները բողոքում են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունից: Գրել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իր ոչ ցանկալի դատավորներից ազատվելու համար նրանց կողմից քննված գործերը բեկանում է եւ կրկին ուղարկում է դատարան՝ նոր քննության:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որտեղ դատավոր Աղվան Պետրոսյանը մեկ այլ դատավորի հետ խոսում է ՀՀ վերաքննիչ դատարանի անկանխատեսելիության մասին եւ կոպիտ բառերով հիշատակում նրան:

Մասնավորապես 2016 թվականի օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Հովսեփյանին է զանգահարել մի անձ եւ հետաքրքրվել է նրանից, թե արդյո՞ք նա գնում է ՀՀ վերաքննիչ դատարան:

Ներկայացնում ենք խոսակցությունը առանց խմբագրման:

Դատավորին զանգահարած անձ– Վերաքննիչ շփվո՞ւմ ես գոնե:

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան– Չեմ էթում, ապե՛ր, բացարձակ:

Դատավորին զանգահարած անձ-Բայց շփվում ես, խոսում-մոսո՞ւմ ես էլ, թե՞ չէ:

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան –Ո՞ւմ հետ:

Դատավորին զանգահարած անձ– Վազգենի:

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան– Ախպե՛ր, ինչ խոսամ, երկու հատ արդարացում շրխկալով բեկանեց իմ քնածներիցս:

Դատավորին զանգահարած անձ– Ձե՞ր վրա:

Աղվան Պետրոսյան – Մեր գործերից մի հինգ հատ արդարացում բեկանել է արդեն: Պրոստը մի տարի դնում, քննում ես, ներվայնանում ես, բան ես անում, մեկ էլ, շըրխկ, 5 րոպե հետո:

Ստացվում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներից վրդովված՝ դատավորները անգամ կապ չեն ցանկանում հաստատել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ՝ պարզաբանելու իրավիճակը: Նրանք գործում են՝ ի հեճուկս միմյանց:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել եւս մի հեռախոսային խոսակցության վերծանում, որտեղ 2016 թվականի օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը հեռախոսով զրուցում է դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ:

Դատավոր Վարդան Հարությունյան-Ախպե՛ր, էն մի հատ 350-ի 1-ը հիշո՞ւմ ես, որ ասի՝ դնեմ, կարճեմ, ասիր՝ չէ, պայմանավորվածություն կա Վճռաբեկով, բան:

Աղվան Պետրոսյան -Հա՛:

Վարդան Հարությունյան -Դրել, բեկանել են, ախպե՛ր: Դրել, բեկանել, կարճել են:

Աղվան Պետրոսյան– հա, դե (անվայել բառ) են, ինչ ասեմ: Գիտեմ, ես տեղյակ եմ, ապե՛ր:

Վարդան Հարությունյան-Էսի շոկ էր, սրանք խի՞ սենց արին:

Աղվան Պետրոսյան – Ապե՛ր, հիմա վերաքնիչը անկանխատեսելի է, այնպես որ, ապրումներ մի՛ ունեցեք:
….
Աղվան Պետրոսյան-Դե՛, հենա ինձ էլ երկու հատ արդարացում բեկանեց, ինչ անենք:
….
Աղվան Պետրոսյան – Բայց էսօր վերաքննիչը անկանխատեսելի է: Վերաքննիչը կարա գտնի, որ ասենք՝ հետաքննիչը կարա դատավարական գործողություններ անի, հետո դառնա տուժող, ասենք:

Վարդան Հարությունյան– Հա, բան ա էլի, ինքնահավան, քիթ տնկած գյադեն, ես շատ գիտեմ՝ ինչեր է անում:

Աղվան Պետրոսյան – Չէ՛, հիմի էդ է, ախպե՛ր: Ասում եմ՝ երկու հատ՝ ինձի, մեկը Վարդենիսի խուլիգանությունը բեկանեց արդարացումս: Մեկ էլ էն կախարդի տղու գործը:

Վարդան Հարությունյան-  է, հա բա էդ (անվայել բառ) գոնե ասեն, իմանանք, կոնկրետ մենք, ի՞նչ է մեզանից:

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դատավորները այս կամ այն գործի վճիռը կայացնելիս ՀՀ վճռաբեկ դատարանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում, վճիռ կայացնում, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը բոլոր պայմանավորվածությունները ի չիք է դարձնում՝ բեկանելով գործերը:

Այսինքն՝ իրապես Վազգեն Ռշտունին ցանկանում է դատական համակարգն իր ձեռքը վերցնել, դրա համար էլ վճռաբեկի հետ պայմանավորված գործերը բեկանում է՝ այդպիսով ցույց տալով, թե ով է համակարգում թելադրողը: Իսկ ՎԴ նախագահ Արման Մկրտումյանն էլ փորձում է համակարգն իր ձեռքում պահել՝ դատավորներին ուղղորդելով՝ ինչ վճիռ կայացնել:

Ու պետք է արձանագրել, որ ամեն դեպքում դատավորները Հայաստանում անկախ չեն. վերադաս դատարանների ցուցումներով են աշխատում կամ ՀՀ նախագահի նստավայրից հնչած հեռախոսազանգով, որի մասին, թեեւ, այս գաղտնալսումների մեջ ոչինչ չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս