Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակին հարակից տարածքում կիսատ է մնացել ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած մանկապարտեզի շինարարությունը: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ մանկապարտեզի շինարարությունը դադարեցվել է, քանի որ կառույցի նախագծում փոփոխություն է կատարվել: Քաղաքապետը չգիտի, թե նախադպրոցական հիմնարկի շինարարությունը երբ կվերսկսվի:
Սամվել Կարապետյանի մոր հորեղբոր որդի, իջեւանցի գործարար Սեյրան Իսկանդարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Իջեւանում, կկառուցվեն մանկապարտեզներ, որոնք կնվիրվեն այդ համայնքներին: Իջեւանի հարավային ծայրին՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, Սամվել Կարապետյանի քեռու տղան՝ իջեւանցի Արմեն Իսկանդարյանը, արդեն 3 տարի հյուրանոցային, տուրիստական կենտրոն է կառուցում:
Այդ շենքի շինարարարությունը սկսվել է խորհրդային շրջանում, սակայն կիսատ է մնացել: Սեյրան Իսկանդարյանն ասաց, որ այդ շենքում լինելու է նաեւ լողավազան: Ներկայումս ընթանում է շենքի տանիքի կառուցումը: Իսկ շենքի եւ հարակից կառույցների ընդարձակ տարածքներում ներքին հարդարման աշխատանքները կարող են տեւել մի քանի տարի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ