Հայաստանում աշխատող կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ դեռ այնքան էլ չի նկատում ՀՀ կառավարության հայտարարած ներդրումների քաղաքականության արդյունքները, քանի որ աշխատելիս յուրաքանչյուր անգամ նոր խոչընդոտների է հանդիպում:
Չնայած կառավարության խոստումների հանդեպ Թամազյանը հավատ ունի, սակայն դեռ չի կարող Սփյուռքում ապրող իր ընկերներին ՀՀ-ում ներդրումներ անելու կոչեր անել, քանի որ վստահ է՝ ամեն ինչ հարթ չի անցնի, եւ բիզնես սկսելն առանց խոչընդոտների չի լինի:
Նշենք, որ Թամազյանը Հայաստանում զբաղվում է գործվածքեղենի ներկրման բիզնեսով եւ ունի մի սկզբունք՝ երբեք ապրանք չի ներկրում Թուրքիայից եւ զարմանում է՝ Հայաստանում ամենուր թուրքական ապրանքներ տեսնելով:
Հավելենք, որ կիպրոսահայ գործարարն այս օրերին Երեւանում մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին եւ ամենից շատ տպավորվել էր Մեծն տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթից:
«ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը:
-Պարո՛ն Թամազյան, կառավարությունը խրախուսում է նոր ներդրումներ դեպի Հայաստան եւ կոչ անում նաեւ այստեղ նոր բիզնես հիմնել: Ձեր օրինակով կարող եք ասել՝ ի՞նչ խնդիրների եք բախվել Հայաստանում:
-Երեք տարի է, որ այստեղ խանութներ ունենք, դժվարությունները մաքսային հարցերն են, որ մեզ համար շատ անհասկանալի ձեւեր են: Բավականին դժվարանում ենք, բայց հիմա խոստանում են մեզ, որ նոր կառավարությունը նոր ձեւեր է որդեգրել: Եթե կուզեն, որ Հայաստանը դարձնեն անտրանզիտ երկիր, ապա պետք է մեր մաքսը դյուրացնեն: Այսօր մեկ պատուհան ասեցին, ես այն օրը 12 պատուհան անցա: չգիտեմ, թե մեկ պատուհանը երբ պետք է լինի:
–Ի՞նչ դյուրացումներ եք ակնկալում:
-Այսինքն՝ ասվում է՝ սփյուռքահայե՛ր, եկեք, այստեղ ներդրումներ արեք, լավ, գանք, բայց պետք է պայմաններ լինեն: Ընդհակառակը, երբ գնում եք որեւէ մաքսային գրասենյակ, նախ իբրեւ սփյուռքահայ քեզ երկրորդ դաս կդարձնի: Միգուցե քեզ չի ճանաչում, բայց այն կողմ է դնում քեզ: Ասում է՝ սպասի, հետը կխոսես, քեզ չի նայում: Այսինքն՝ բաներ կան, որ մեզ համար խորթ են: Բայց հիմա խոստումներ տրվեցին, եւ կհավատամ, որ փոփոխություններ կլինեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան