Դաշնակցականները մի հարցում, այնուամենայնիվ, անգերազանցելի են. կարող են իրենց բոլոր պարտությունները ներկայացնել որպես պատմական, փառահեղ հաղթանակ ու հպարտանալ դրանցով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու օր է՝ փորձում է համոզել, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ: Բայց հաղթանակի մասին նման պնդումներ պարոն Ռուստամյանն անում է այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի հետեւանքով կորցրինք 800 հեկտար հող ոչ միայն անվտանգության գոտի հանդիսացող տարածքներից, այլեւ բուն ԼՂՀ սահմաններից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ հարցին, թե չնայած տարածքների կորստին, մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել, Արմեն Ռուստամյանը երեկ պատասխանել է. «Իհարկե, հաղթանակ ենք տարել, Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»: Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանար անակնկալ պատերազմով գրավել ողջ ԼՂՀ-ն կամ 800 հեկտարի փոխարեն՝ դրա տասնապատիկը: Չհաջողվեց: Բայց սա համարել հաղթանակ, մեղմ ասած, տեղին չէ:
Եթե հիշում եք՝ մեկ դար առաջ ՀՅԴ-ն ստանձնեց Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը, եւ իրենց իշխանավարման երկու տարվա ընթացքում 60 հազար քմ-ից մնաց հազիվ 10 հազարը: Մինչ այդ, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, դաշնակները հասցրել էին «վերցնել հանրապետության փողերը եւ հայդե՝ Փարիզ»:
ՀՀ կառավարությունը երեկ հրապարակեց իր մեկամյա գործունեության հաշվետվությունը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե «մեր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները միգուցե անհամեստ հնչեն, բայց տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում լավագույնն են»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ձեռքբերումների մի մասի հիմքերը դրվել էին դեռ նախորդ կառավարության օրոք, ինչի մասին իր վերջին հարցազրույցում ասել էր նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրինակ՝ համայնքների խոշորացման ծրագիրը, որի մասին ներկայացված է կառավարության հաշվետվության մեջ, սկսել է իրագործվել դեռ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում. սկզբում պիլոտային ծրագիր արվեց, հետո արդեն 465 համայնքները խոշորացվեցին՝ դառնալով 52-ը: Ընդ որում, այդ խոշորացումն արվել էր առանց տրամաբանության, երբ միացվել էին միմյանցից աշխարհագրորեն բացարձակ կապ չունեցող համայնքներ:
Հայաստանում սննդամթերքի շուկայում այս տարվա ընթացքում արձանագրված թանկացումները պարզապես ապշեցնում են: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ հարցախույզով պարզվեց, որ, օրինակ, կարագը օգոստոսի ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, թանկացել է միանգամից 3 տոկոսով, իսկ դրանից ավելի վաղ՝ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել էր 2.3 տոկոսով: Երեկվա դրությամբ «President» տեսակի կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4750-4780 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում արժեր 2930-3840 դրամ: Հատկանշական է փաստը, որ որեւէ կերպ չի հիմնավորվում կարագի գների բարձրացումը. միջազգային շուկայում նման տատանումներ չեն եղել: Ու կարելի է ենթադրել՝ սա հետեւանք է մոնոպոլացված տնտեսության:
Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում: Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով, ու ջարդուփշուր արել: Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, այլեւ սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, եւ նոր վիճաբանություն սարքել՝ այս անգամ պահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել: «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց են թողել:
ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
Այս խորհրդարանն իր գործելաոճով չի տարբերվում նախորդներից: Սա թեկուզ եւ այն առումով, որ Հանրապետական պատգամավորները շարունակում են իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկան. նման միջադեպ գրանցվեց ԱԺ առաջին իսկ նստաշրջանի ժամանակ:
Եւ հետո, իշխանությունները շարունակում են խորհրդարանին վերաբերել որպես կառավարության կցորդի, որի միակ գործառույթը օրենքները դակելն է, ուրիշ ոչինչ: Պատահական չէ, որ խորհրդարանի օրակարգում ընդգրկված 88 նախագծերից միայն երկուսն են պատգամավորները հեղինակել, իսկ մնացածը ԱԺ է ներկայացրել կառավարությունը: Բացի այդ՝ գործադիրը հեղինակել էր նաեւ ամռան ամիսներին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջաններում քվեարկված բոլոր 64 նախագծերը:
Սահմանադրության համաձայն, իհարկե, կառավարությունն ունի օրենքներ հեղինակելու իրավունք, եւ տվյալ պարագայում օգտվում է իր իրավունքից: Բայց երբ նախագծերի մոտ 99 տոկոսը միայն կառավարությունն է ներկայացնում, սա արդեն նորմալ չէ: Հատկապես, երբ նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, որտեղ օրենսդիր մարմինը ստացել է միանգամայն այլ կարգավիճակ: Եւ հետո, Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստում հայտարարել էր, թե «Խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլեւ ընկալելի եւ գործուն: Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել»:
Մինչդեռ հիմա իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. իշխող ՀՀԿ-ի կառավարությունը, հեղինակելով օրենքների նախագծերը, կասկածի տակ է դնում խորհրդարանի պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը եւ, ընդհանրապես, օրենսդիր կառույցի գոյության իմաստը: Իսկ պատգամավորներին էլ, կարծես թե, ձեռնտու է նախագծերի մասին ընդամենը ելույթ ունեցողի /շատ դեպքերում` դատարկախոսողի/, իսկ վերջում` պարզապես դակողի դերը: Այլապես, հետամուտ կլինեին, որպեսզի իրավիճակը շտկվեր:
Նկատենք` այս ամենը խորը արմատներ ունի. սա հետեւանք է այն բանի, որ վաղուց միախառնվել են պետությունն ու իշխող կուսակցությունը: Պատահական չէ, երբ ՀՀԿ-ականներն այս հարցը մեկնաբանելիս միշտ շեշտում են, թե ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանական մեծամասնությունը իրականացնում են ՀՀԿ ծրագրերը, ու այդ տրամաբանության շրջանակներում կարեւոր չէ` ով, ինչ գործառույթ է իրականացնում: