«Ժողովուրդ»-ը երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ զրուցել է նրա ներկայիս պլանների, գայթակղիչ առաջարկների, վերջինիս առջեւ ծառացած արհեստական խոչընդոտների եւ այլ թեմաների շուրջ։
-Լիլի՛թ, հիմա ստեղծագործական ի՞նչ ծրագրեր եք կազմում։ Երկրպագուները Ձեզնից ի՞նչ անակնկալներ սպասեն։
-Երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ գեղեցիկ երգ ենք պատրաստում, որի հիման վրա կնկարահանվի նաեւ տեսահոլովակ։ Առհասարակ, մեր երգիչ-երգչուհիների առօրյան այսօր շատ է փոխվել։ Նախկինում ամսվա կեսը ընդգրկված էինք համերգներում, իսկ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այնինչ՝ երբ հետեւում եմ ռուսական շոու-բիզնեսին, տեսնում եմ, որ նրանց մոտ համերգները շատացել են։ Այդ առումով այնտեղի շոու-բիզնեսի ներկայացուցիչներին շատ եմ նախանձում։
-Իսկ որքանո՞վ է փոխվել 90-ականների Լիլիթ Կարապետյանը։ Նախկին եւ այժմյան Լիլիթի միջեւ ի՞նչ տարբերություններ կան։
-Բնականաբար, կյանքի փորձ եմ ձեռք բերել, բայց ուրախ եմ, որ բնավորությանս կարեւոր գծերը՝ մարդասիրությունը, ընկերասիրությունը, պահպանել եմ։ Կարծես թե լոռեցուն բնորոշ միամտությունս էլ չի կորել։ Կյանքում, իհարկե, դա նաեւ խանգարում է։
-Գեղեցիկ կանանց անվան շուրջ ինչ ասեկոսեներ ասես, որ չեն հյուսում։ Դուք այն երգչուհիներից եք, որն ամենաշատն է հայտնվել բամբասկոտների թիրախում։ Ամենացավալի սուտը, որ լսել եք Ձեր մասին, ո՞րն է եղել։
-Չեմ էլ ուզում այդ մասին խոսել, բայց ամենացավալին եղբորս մահվան հետ էր կապված։ Որոշ մարդիկ առասպելներ հյուսեցին այն մասին, թե իբր այդ դժբախտ դեպքը ինձ հետ էր կապված, սկսվեցին նողկալի խոսակցություններ պտտվել։ Սովորաբար, իմ մասին դրական խոսակցությունները ժողովուրդն է տարածում, իսկ բացասականը՝ մեր ասպարեզի որոշ մարդիկ։
-Լիլի՛թ, չե՞ք հոգնել այն հանգամանքից, որ Ձեզ անընդհատ կոչում են 90-ականների սեքս-սիմվոլ։
-Շատ ուրախ եմ, որ մեկը հասկացավ, որ ես կարող եմ հոգնել դրանից։ Այդ արտահայտությունը չի կարող դուրս գալ։ Այն ինձ նյարդայնացնում էր հատկապես այն ժամանակ, երբ նոր էի մայրացել, մանավանդ որ որդի էի ունեցել, պատվի, թասիբի հարց էր առաջ եկել։ Բայց երբ, օրինակ, ինձ կոչում են «շոու-բիզնեսի ամենացանկալի կանանցից մեկը», դա իսկապես հաճելի է ինձ։ Կարծում եմ՝ ցանկացած կին էլ այդ գնահատականից կշոյվեր։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան