Սկսվեց: Կառավարությունը երեկ հրապարակեց իր մեկամյա գործունեության հաշվետվությունը: Ու կառավարության անդամներն առանձնակի «դաժանությամբ» լծվել են իրենց ձեռքբերումները հնարավորինս մանրամասն ներկայացնելու սրբազան գործին: Պահն էլ հարմար էր. երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն էր, այսօր էլ սպասվում է կառավարության հերթական նիստը:
Այնպես որ, երեկվանից սկսած, դեռ մի քանի օր հայ հասարակությունը դատապարտված է լսելու վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա թիմակիցների պնդումներն այն մասին, որ ՀՀ քաղաքացիներն այլեւս ապրում են իրենց երազած Հայաստանում, որտեղ տնտեսական հսկայական աճ կա, իսկ երկիրն էլ անդադար զարգացում է ապրում: Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից նույիսկ ներողություն խնդրեց, որ իրենց հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները միգուցե անհամեստ հնչեն, բայց «մեր տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում լավագույնն են»: Հետո նա համեստորեն հայտարարեց, թե «իհարկե, մեկ տարվա ընթացքում չէինք կարող բոլոր քաղաքացիների խնդիրները լուծել»:
Ավելի ուշ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «աննախադեպ աճի» ցուցանիշները, ընդ որում՝ «աճ ու առաջընթաց» կա բոլոր ոլորտներում. «Այս թվերը վկայում են այն մասին, որ տնտեսական զարգացման այն մոդելը, որն ընտրեց այս կառավարությունը, իրեն արդարացնում է»: Միայն թե ընդամենը երկու օր առաջ իր գործընկերը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տրամագծորեն հակառակ հայտարարություններ էր անում. ՀՀ ֆինանսների նախարարը պնդում էր, թե տնտեսական զարգացման մոդելը պետք է վերաիմաստավորվի: «Տնտեսական աճի մոդելը պետք է վերաիմաստավորվի»,-ասել էր Արամյանը՝ Համաշխարհային բանկի ու Հայաստանի միջեւ համագործակցության 25-ամյակի առթիվ կազմակերպված ֆորումի ժամանակ:
Իսկ հիմա կառավարության ներկայացրած հաշվետվության մասին. 25 էջանոց փաստաթղթում գործադիրը փորձել է ներկայացնել իր ձեռքբերումները. օրինակ՝ մեկ տարվա ընթացքում կառավարությունն ԱԺ է ուղարկել 160 օրենքի նախագիծ, կայացրել է 1351 որոշում: Համաձայնեք՝ փառահեղ արդյունք է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ կարելի է հպարտանալ այդպիսի բաներով: Միայն ափսոս, որ այս հաշվետվության հեղինակները համեստ են գտնվել, ու չեն հաշվել, թե կառավարության նիստերից եւ խորհրդակցություններից քանիսի ժամանակ է վարչապետը հանել կոստյումն ու կախել աթոռից, քանիսին է ժիլետով եղել, քանիսին՝ միայն վերնաշապիկով: Հավատացեք՝ այս հաշվարկն ավելի կարեւոր էր, քանի որ հասարակության մի զգալի հատվածը Կարեն Կարապետյանի նշանակման առաջին կես տարում տարված էր նրա ոճով, ու ակտիվորեն քննարկում էր կոստյումի եւ ժիլետի գույները:
Շարունակենք կառավարության գործունեության հաշվետվությունից մեջբերումները: Օրինակ՝ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում աճ է գրանցվել: Արտահանման ծավալներն այս տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում կազմել են 1185.1 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 210.2 մլն դոլարով՝ 21.6 տոկոսով: Կից ներկայացված աղյուսակից, սակայն, պարզ է դառնում, որ հիմնականում աճել է հանքահումքային արտադրանքի արտահանումը 42 տոկոսով: Իսկ ահա ներմուծումն այդ նույն ընթացքում ավելացել է միանգամից 28.5 տոկոսով. ներմուծվել է 2161.7 մլն դոլարի ապրանք, իսկ աճը կազմել է 479.1 մլն դոլար: Տնտեսագիտությունից քիչ թե շատ հասկացող մարդու համար էլ պարզ է, որ զարգանում է այն երկրի տնտեսությունը, որտեղ արտահանումը գերազանցում է ներկրման ծավալներին: Մինչդեռ մեզ մոտ, ընդհակառակը, արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ, երբ ներկրումն աճում է մոտ 28 տոկոսով, արտահանումը՝ մոտ 21 տոկոսով:
Տնտեսության առաջընթացի ու գործարար միջավայրի զարգացման ուղղությամբ էլ, պարզվում է, կառավարությունը հաստատել է 2017թ. միջոցառումների ծրագիրը եւ ակնկալում է, որ «Doing Business» զեկույցի շրջանակներում մեր երկիրը 12 կետով կբարելավի իր դիրքերը: Այսինքն՝ դեռ ակնկալում են: Նույնկերպ ծրագրեր են ակնկալում նաեւ էներգետիկ ոլորտում, որ կառուցվելու է հողմակայան, ստորագրվել է էլեկտրակայան կառուցելու հուշագիր, եւ այլն, եւ այլն:
Քիչ էր մնում մոռանայինք. մինչ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի աղտոտվածության, նաեւ գարշահոտության մեղքը բարդում է ձմերուկի եւ սեխի վրա, կառավարությունը որպես ձեռքբերում նշել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում գույքագրվել է 2029 աղբավայր, որոնցից 1522 փակվել է, 221 ենթակա է փակման, 286 ժամանակավորապես կշահագործվի որպես հիմնական աղբավայր:
Ամենակարեւորը՝ ներդրումների մասին. Կառավարությունը պնդում է, որ այս ընթացքում խոստացված 834.1 մլն դոլարի ներդրումներից իրագործվել է 45 տոկոսը՝ 375.9 մլն դոլարը: Նույնիսկ ընդհանրական ոլորտներով ներկայացված է կատարողականը: Միայն թե այդ աղյուսակը ներառում է «տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ»։ Այսինքն՝ այստեղ կոնկրետ արդյունք ցույց տալու համար կառավարությունը որոշել է խորամանկության եւ աճպարարության դիմել:
Հավանաբար, այս տրամաբանությամբ ներդրում է համարվել ՀԷՑ-ի վերցրած 80 մլն դոլարի վարկը, որի դիմաց գրավադրվեցին բաժնետոմսերը: Կամ որպես ներդրում ներկայացված է Գյումրիում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից երկու շենք գնելը (ասում են՝ ցուցանիշ ապահովելու համար նման այլ գործարքներ էլի են կնքվել եւ մյուս բնակավայրերում, այդ թվում՝ Երեւանում էլ հատկապես ռուսաստանահայ գործարարների կողմից շինություններ են ձեռք բերվել: Ընդ որում, ասում են՝ այդ շենքերը գնվել են էժան, բայց փաստաթղթերում թանկ գին է նշված, որպեսզի մեծ ներդրում համարվի): Էլ չենք ասում այն մասին, որ ներկայացված ծրագրերի մի մասի հիմքերը դեռ նախորդ կառավարության օրոք էին դրվել, եւ այդ մասին իր վերջին հարցազրույցում թափանցիկ ակնարկել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Իսկապես, հանուն շոուների, ինչե՞ր ասես, որ չեն անի իշխանությունները՝ ձախողված:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԴԻՄԵԼ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կրճատումների եւ խնայողությունների գնալու հորդորը մի շարք քաղաքացիների գցել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կրճատված աշխատակիցներից Ռուդիկ Գեւորգյանը դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի նախարարության որոշումը՝ վերականգնելով իրեն նախկին աշխատանքին:
Սեպտեմբերի 25-ին կհրապարակվի վճիռը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ԻԱՊ ռեգիստրից արված կրճատումների արդյունքում ցանկալիները մնացել են, իսկ անցանկալիները հայտնվել դրսում:
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» ԿՏԵՂԱՓՈԽԵ՞Ն
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը եւ այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլը այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, եւ նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների պետերը բարձրաձայնել են խնդիրը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հատուկ հսկողության առանձին խցերում են, ու իրենք ուրիշներին տեղավորելու խնդիր ունեն: Անհրաժեշտ է, որ բոլորը լինեն մեկ վայրում, որպեսզի ե՛ւ վերահսկելի լինեն, ե՛ւ խցեր ազատվեն:
Չի բացառվում՝ առաջիկայում նրանց սկսեն կամաց-կամաց հավաքել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԱԱԾ «պադվալում»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնեցին, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ՊԱՍԻՎ Է
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վեցերորդ գումարման խորհրդարանում այնքան էլ ակտիվ չէ: Համենայնդեպս նախորդ գումարման խորհրդարանում նա աչքի էր ընկնում իր ակտիվությամբ. հարցեր էր տալիս, ելույթներ ունենում, նոր նախագծեր ներկայացնում: Սակայն այս խորհրդարանում նրա ակտիվությունն այնքան էլ չենք զգում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձեց հենց Տիգրան Ուրիխանյանից հասկանալ, թե որն է նրա պասիվ լինելու պատճառը, սակայն նա հարցը լսելուն պես նշեց. «Բա դա քաղաքակա՞ն հարց է: Ձեզ այդքան հետաքրքի՞ր է»:
ԿԱՍԿԱԾ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ազգային ժողովը շարունակում էր 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան: Երեկ ՀՀԿ փոխնախագահ պատգամավոր Արմեն Աշոտյանի բացակայությունը եւ գրավոր տեղեկացնելը իր քվեարկության մասին կասկածի տեղիք տվեց «Ելք» խմբակցությանը: Գործող կարգի համաձայն՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով գործուղման մեջ, գրավոր հայտարարություն է թողել, թե ինչպես է պատրաստվում քվեարկել ներկայացված օրինագծերով: «Տեղեկանքը վավերացվել է քարտուղարությունում, եւ դուք կարող եք դրա հետ ծանոթանալ»,- պատասխանեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:
ԵՂԵԼ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ
Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այս մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողով»-ի գործի կարճման վերաբերյալ հարցին: «Ընտրություններից հետո միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ մենք նշեցինք, որ ընտրական գործընթացում եղել են արժանահավատ ու անհանգստության տեղիք տվող հաղորդումներ քվեների գնման ու ընտրողների վրա հավանական ճնշումների վերաբերյալ: Մենք ՀՀ կառավարությանը, կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակությանը հորդորեցինք միասին աշխատել՝ այդ մտահոգությունները իրավական մեխանիզմների միջոցով փարատելու նպատակով, քանի որ ընտրախախտումների մասին հաղորդումներով վստահելի ու թափանցիկ քննությունների անցկացումը համահունչ էր փետրվարի 9-ին վարչապետի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դեմ արված նախազգուշացմանը»,-նշել է ԱՄՆ դեսպանությունը: