ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ Է, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԽԱՂԱԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բեննոնը հանդես է եկել մի հետաքրքիր հարցազրույցով, որտեղ պատմում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԴԲ-ի արդեն նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի պաշտոնանկության մասին: Այդ որոշումը ԶԼՄ-ները անմիջականորեն կապում էին Բեննոնի անվան հետ՝ պնդելով, թե հենց նրա խորհրդով էր նախագահը այդ քայլին գնացել: Հարցազրույցում, սակայն, Բեննոնը կոպտագույն սխալ է որակել նախագահի քայլը՝ նկատելով, որ անթույլատրելի է այդօրինակ պաշտոնանկությունը իրավական ու ժողովրդավարական երկրում: Նրա մոտեցումը լիովին կարելի է վերագրել նաեւ հայկական իրականությանը, որտեղ իրավապահ համակարգը ամբողջությամբ հայտնվել է կոնկրետ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի գրպանում:

Հիշեցնենք, որ ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնանկությունը, թեեւ պաշտոնապես առնչակցվում էր քրեական գործերում անհետեւողական լինելու պատրվակի հետ, սակայն իրականում, ինչպես Թրամփն էլ խոստովանեց, թելադրված էր «ռուսական հետքի» գործի հետ, որով ՀԴԲ-ն հետաքննում է նախընտրական շրջանում Թրամփի մերձավորների եւ ՌԴ կառավարող շրջանակների գաղտնի կապերի մասին տեղեկությունները: Եվ ահա չկարողանալով իր կամքը պարտադրել հետաքննությունը ուղղորդելու հարցում՝ Թրամփը հարկադրված էր Քոմիին հեռացնել աշխատանքից: Ամերիկյան ԶԼՄ-ները համոզված պնդում էին, որ դրա թիկունքում էր նաեւ նախագահի գլխավոր խորհրդականը, որը բնույթով բոլորին իշխելու եւ ուժեղ կենտրոնացված համակարգի կողմնակից է: Սակայն պաշտոնանկությունից հետո Բեննոնը հանդես եկավ բացատրություններով՝ պնդելով, որ ինքը Թրամփին այդպիսի խորհուրդ չի տվել, ավելին՝ համոզված է, որ դա կոպիտ վրիպում էր: Ըստ նրա՝ նախագահը թույլ էր տվել ժամանակակից քաղաքական պատմության մեջ ամենակոպիտ սխալը: Նա նախ առաջարկում է վերլուծել իրավիճակը՝ հիմնվելով քաղաքական շահի ու տարրական տրամաբանության վրա: Նրա կարծիքով՝ ով էլ նշանակվեր ՀԴԲ-ի ղեկավար, ինստիտուտի քաղաքականությունը չէր փոխվելու: Ավելի եւս մանրամասնելով՝ Բեննոնը հավելել է, որ եթե Քոմին չպաշտոնազրկվեր, այդ նույն հետաքննությունն անցկացնելու համար արտակարգ լիազորություններով դատախազ չէր նշանակվի: Ստացվեց, որ ազատվելով ՀԴԲ անցանկալի ղեկավարից՝ Թրամփը ստացավ է՛լ ավելի անտանելի իրավիճակ, երբ հատուկ դատախազը կարող է ցանկացած պահի ուզածի պես ուղղորդել գործն ու ծանր գլխացավանքի վերածվել անձամբ նախագահի համար:
Նրա կարծիքով՝ նախագահը չի կարող աշխատանքից ազատել ՀԴԲ-ի ղեկավարին, քանզի ՀԴԲ-ն իրավական համակարգի հիմնասյուներից է, որի ղեկավարը ոչ թե գործադիրի առաջնորդի հլու կամակատարն է, այլ օրենքի ու իրավունքի պաշտպանության առաջնային դեմքերից մեկը: Նա համեմատություն է անցկացրել ԱՄՆ պետական մյուս հաստատությունների ղեկավարների հետ (Սենատ, Ներկայացուցիչների պալատ եւ այլն)՝ նկատելով, որ յուրաքանչյուր պետական ինստիտուտ ունի իր աշխատանքի տրամաբանությունը: Վերջինը, Բեննոնի համոզմամբ, չի կարող երբեւէ սահմանափակվել առանձին գործիչների անհատական հնարավորություններով ու նեղ-անձնական շահերով: Բեննոնը, փաստորեն, դաս է տալիս ինչպես ԱՄՆ նախագահ Թրամփին ու նրա մերձավորներին, այնպես էլ մեզ նման երկրների ղեկավարությանը՝ պարզորոշ հայտարարելով, որ պետական ինստիտուտի աշխատանքը կախված չէ ղեկավարի անձից, եւ վերջինի կամայական փոփոխությունը կարող է բումերանգի էֆեկտով հարվածել հենց դրա իրականացնողին: Հարցն առավել եւս սրվում է, երբ գործ ենք ունենում գործադիրի ղեկավարի կողմից արդարադատական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու վտանգավոր փորձի հետ: ԱՄՆ-ում Թրամփի այդ քայլը ոչ միայն հանդիպեց իրավապահների դիմադրությանը, այլեւ Կոնգրեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խիստ դժգոհությանը եւ հանգեցրեց նրան, որ Թրամփը հայտնվեց ավելի ծանր կացության մեջ: Ահա այստեղ է դրսեւորվում պետության ու պետական ինստիտուտների հզորությունը, երբ ղեկավարը կարող է ուղղորդել ինստիտուտի աշխատանքը, սակայն խեղել դրա հիմնադրույթները պարզապես անկարող է:
Հայաստանում իրավապահ համակարգը թերեւս երբեւէ անկախ չի եղել: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Հայաստանում արդարադատության բնագավառը ոչ միայն չդարձավ իշխանության ներսում գործադիրին ու օրենսդիրին հավասարակշռող գործոն, այլեւ չկարողացավ անգամ պահպանել իր հարաբերական անկախությունը: 1990-ական թթ. Հայաստանյան իրավապահ համակարգը, թեպետ բազմազան էր, որտեղ յուրաքանչյուր ոլորտ ղեկավարվում էր մի ազդեցիկ գործչի կողմից, սակայն մեծ հաշվով կրկին միտված էր իշխանության պահպանմանը: Այսժամ կարելի է խոսել հարաբերական անկախության մասին այնքանով, որքանով համակարգը բացարձակորեն չէր ենթարկվում մեկ կետրոնի ու հլու-հնազանդ կատարում մեկ մարդու հրահանգները: Դա առավել ցայտուն դարձավ 1998-99 թթ., երբ երկրում փաստացի երկիշխանություն էր, եւ Ռոբերտ Քոչարյանը զրկված էր ողջ համակարգի նկատմամբ իշխանությունից: Դրա լավագույն հաստատումներից մեկը Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված գործն էր ու վերջինիս վարման ընթացքը: Այդժամ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանից խնդրում էր համաձայնություն տալ՝ Վ. Սիրադեղյանին կալանավորելու համար, սակայն քանի որ Վազգեն Սարգսյանը դրան դեմ էր, Քոչարյանի ծրագիրը այդժամ խափանվեց: Իր իշխանավարության շրջանում, սակայն, վերջինս ամբողջովին իրեն ծառայեցրեց իրավապահ համակարգը. ցանկացած պաշտոնյայի ազատ հեռացնելով կամ նշանակելով՝ պետական ինստիտուտները դարձրեց հակառակորդներին ճնշելու իր ձեռքի խաղալիքը: Սերժ Սարգսյանը էլ ավելի կատարելագործեց այդ արատավոր պրակտիկան՝ 2008թ. մարտի 1-ից հետո ուղղորդված դատավարություններով ու սպանությունների՝ ծածկադմբոցի վերածված քննությամբ: Խնդիր դրած լինելով բացառապես իր անձնական իշխանության ամրապնդումը՝ Սարգսյանն այսօր անարգել խեղել է իրավապահ համակարգի իրական էությունը՝ այն վերածելով իր անձնական սպասարկուի, որը ցանկացած գնով չեզոքացնում է նրա իշխանությանը սպառնացող վտանգները:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Երեւանում ԱԱԾ-ն հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանեւսկոյին:
Ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Չի բացառվում, որ ազգային անվտանգության ծառայության այս օպերացիան կապված է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սպանության հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր քրեական հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը: Ու միանգամից վարկած առաջ քաշվեց, թե պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է:
Ի դեպ, ուշագրավն այն էր, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, պահելով պետական մարմինների հետ հարաբերությունների սուբորդինացիան՝ իր կողմից բացահայտված խմբին, այսպես ասած, հանձնեց իրավապահներին: ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ խմբին ոչ թե ոստիկանությունն էր հայտնաբերել, այլ Դոն Պիպոյի մարդիկ:
Իսկ ինչ արեցին իրավապահները: Մեծ հաշվով՝ ոչինչ: Բավարարվեցին միայն Կանեւսկոյի թիկնազորին «վնասազերծելով» եւ մեծ աղմուկ բարձրացնելուց հետո անհասկանալի պատճառաբանությամբ բաց թողնելով: Ասում էին, թե զենք-զինամթերք են հայտնաբերել մեքենաներում:
Հարուցված քրեական գործի քննության ընթացքում էլ, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, ՀՀ քննչական կոմիտեն շարունակ պահանջում էր բերման ենթարկել Արտյոմ Կանեւսկոյին, սակայն օպերատիվ աշխատակիցները անկարող էին գտնել նրան: Մինչդեռ նա անարգել լողում էր երեւանյան լողավազաններում, մարզվում եւ այլն:
Շատ չանցած գործի քննությանը լրջություն հաղորդելու համար վարույթը տեղափոխվեց ԱԱԾ քննչական ծառայություն: Բայց այստեղ էլ ոչինչ չարվեց: Անհայտ էր նաեւ, թե վնասազերծված խմբի անդամները ինչու են ազատ արձակվել:
Եւ հետեւանքը եղավ սեպտեմբերի 12-ի կեսգիշերյան սպանությունը՝ բնակելի թաղամասում. սպանվեցին քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանեւսկոյի` Արտյոմ Հարությունյանի ընկերը` Կարեն Դավթյանը (Տուպիկ Կարեն) եւ վերջինիս մտերիմներից Լեւոն Ավետիսյանը:
Եվ միայն երկու հոգու սպանությունից հետո հայրենի իրավապահները որոշեցին տեղից շարժվել, եւ ԱԱԾ-ն հանդգնեց մեկուսացնել Կանեւսկոյին:
Գուցե եթե ժամանակին ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ակտիվ, համարձակ գործեին, կալանքի միջնորդություն ներկայացնեին եւ կալանավորեին Կանեւսկոյին ու նրա թիմին, բանը նոր սպանություններին, վենդետային չէր հասնի:
Թեեւ մյուս կողմից էլ դժվար է ասել` սա հերթական շոո՞ւն է, թե՞ նա պատիժ կկրի: Փորձը ցույց է տալիս, որ ինչպես անսպասելի բերման են ենթարկվում, այնպես անսպասելի էլ ազատ են արձակվում:

 

 

 
ԱՐՁԱՆԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ

Իջեւան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանի շենքի առաջ գտնվող Սահմանադրության հրապարակում, նախատեսվում է տեղադրել Աշոտ Երկաթի 9 մետրանոց արձանը: Համացանցում տեղադրված քանդակի նկարներով՝ Աշոտ Երկաթը ձիու վրա է, ձիու աջ ոտքը բարձրացված է, թագավորն արքայական թագով է, աջ ձեռքին՝ խաչ: Արձանը կերտել է իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանը, նրա օգնականը Գոռ Դավթյանն է:

Համացանցում շատ քննարկումներ են ընթացել այդ արձանի հետ կապված, իջեւանցիները դրա վերաբերյալ տարբեր տեսակետներ են արտահայտել:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե ինչ միջոցներով է կերտվում եւ տեղադրվելու Աշոտ Երկաթի արձանը: Քաղաքապետն ասաց, որ այդ աշխատանքների համար ծախսվելու է 15 հազար դոլար, այդ նպատակով 1000-ական դոլար նվիրաբերելու են բազմաթիվ բարեգործներ, նաեւ ինքը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն են դրա համար գումար տրամադրելու: Նա հայտնեց, որ Իջեւան քաղաքից ոչ հեռու գտնվում է Աշոտ Երկաթի բերդը, նրա գործունեությունը կապված է եղել այդ տարածաշրջանի հետ: Քաղաքապետ Վ. Ղալումյանը նախկինում «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ Տավուշի մարզպետարանի շենքի մոտ Աշոտ Երկաթի արձանի բացումը կատարվելու էր հուլիսին:
Հուլիսին մարզպետարանի մոտ՝ Իջեւանի Սահմանադրության հրապարակում, տեղադրվել է ոչ թե Աշոտ Երկաթի արձանը, այլ դրա մեծ պատվանդանը: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ արձանի պատվանդանի շրջակայքը՝ Սահմանադրության հրապարակը, ասֆալտապատվել է, սակայն հայոց թագավորի արձանը դեռ տեղադրված չէ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ արձանի կառուցման եւ տեղադրման ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս