ԿԱՐԱԳԻ ԳԻՆԸ «ՎԱԶԵԼՈՎ» ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրապետությունում չբարձրացվող աշխատավարձերին ու կենսաթոշակներին հակառակ բարձրանում են ապրանքատեսակների գները: Հետեւաբար մարդկանց եկամուտները համեմատելի չեն այսօրվա գնաճի հետ: Ու, ընդհանրապես, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում կյանքը թանկացել է:

Ըստ մասնագետների` այս իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում ամեն ինչ մոնոպոլացված է, եւ մրցակցային դաշտի բացակայությունը հաճախ բերում է գների կամայական փոփոխության: Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները պարբերաբար բարձրանում են, եւ, առհասարակ, ընդհանուր գնաճային ճնշումը չի նահանջում: Վերջին շրջանի գնաճը մասնագետները կապում են խորհրդարանական հետընտրական շրջանի հետ: Իսկ որոշ ապրանքատեսակների թանկացումը պայմանավորված է սեզոնով: Սակայն տնտեսագետները համոզված են, որ առաջիկայում սկսվելու է գների բարձրացման նոր էտապ, որը, ըստ նրանց, կապված է ձմեռային սեզոնի գալստյան հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեր երկրում մի քանի ապրանքատեսակներ տարեցտարի թանկացել են: Այդ ապրանքատեսակների շարքին են պատկանում նաեւ միսը, մսամթերքը: Տավարի մսի գինը բարձրացել է հենց տարեսկզբից: Օրինակ՝ մարտին, փետրվարի համեմատ, 0.6 տոկոսով է թանկացել, ապրիլին` 1.2-ով: Իսկ ահա օգոստոսին, հուլիսի համեմատ, տավարի մսի թանկացումը կազմել է 1.5 տոկոս: Մինչդեռ տարեսկզբին այն անցած տարվա համեմատ ավելի էժան գնով է վաճառվել:
Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում տավարի մսի մեկ կիլոգրամը անցած տարվա օգոստոսին վաճառվել է 2490 դրամով, երեկվա դրությամբ այն արդեն արժեր 2690 դրամ: Իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածում` օգոստոսին, տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվել է 2530 դրամով, իսկ 2014 թվականին` 2300-ով:
Խոզի մսի թանկացումը հասել է իր գագաթնակետին: Ըստ պաշտոնական վիճակագրության` խոզի միսը այս հունվարին, անցած տարվա համեմատ, 0.4 տոկոսով է թանկացել, բայց ապրիլին, մարտի համեմատ, ավելի է թանկացել` 5.3 տոկոսով: Ինչից հետո սկսվել է խոզի մսի թանկացման ալիքը, ինչը շատերը պայմանավորում են սեզոնով, քանի որ մարդկանց մեծ մասը ամռան ամիսներին ավելի շատ է օգտագործում խոզի միս: Այս մայիսին, ապրիլի համեմատ, խոզի միսը թանկացել է 9.2 տոկոսով, հունիսին, մայիսի համեմատ, 3.3 տոկոսով: Բայց հուլիսին խոզի մսի շուկայում գնային ցնցումներ են գրանցվել, եւ այն հունիսի համեմատ 8.1 տոկոսով է թանկացել, ինչը շարունակական բնույթ է կրել եւ օգոստոսին ավելի թանկացել` 12.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը խանութներում շրջայց անելուց հետո պարզեց, որ խոզի մսի մեկ կիլոգրամն այսօր երեւանյան սուպերմարկետներում վաճառվում է 3800 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում արժեցել է 2370-2720 դրամ:
Գնային գրեթե նման վայրիվերումներ օգոստոսին արձանագրվել են նաեւ գառան եւ ոչխարի մսի շուկայում, իսկ թանկացումները սկսվել են հունվարից: Գառան մսի մեկ կիլոգրամը այս օգոստոսին վաճառվել է 3190 դրամով, մինչդեռ անցած տարվա դրությամբ այն 2400-2730 դրամ է եղել: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2015 թվականին գառան մսի մեկ կիլոգրամը վաճառվել է 2630-3000 դրամով, 2014-ին` 2850-3030 դրամով:
Գնաճից չի խուսափել նաեւ ձկնամթերքի շուկան. այստեղ թանկացումը սկսվել է փետրվարից, բայց ապրիլին, մարտի համեմատ, ձուկը թանկացել է 7.2 տոկոսով, եւ գնային այդ մակարդակը պահպանվել է մինչեւ մեր օրեր: Նկատենք, որ այս օգոստոսին իշխան ձկնատեսակի մեկ կգ-ն արժեցել է 2050-2200 դրամ: Այն հիմա նույնպես այս գնով է վաճառվում: Բայց անցած տարի վաճառվել է 1730 դրամով: Իսկ 2015 թվականին ունեցել է 1840 դրամ արժեքը, 2014-ին` 1920 դրամ:
Իսկ կարագի շուկայում սահմանված գները անհասկանալի ու անբացատրելի չափերի են հասնում: Կարագի շուկայում թանկացումը սկսվել է այս հունվարից եւ այդպես շարունակվել մինչեւ մեր օրեր` էլ ավելի թանկանալով: Այս շուկայում միայն օգոստոսին, հուլիսի համեմատ, գինն աճել է 3 տոկոսով, իսկ հունիսին, մայիսի համեմատ, 2.3 տոկոսով: Երեկվա դրությամբ «President» տեսակի կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4750-4780 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում ունեցել է 2930-3840 դրամ արժեք: Իսկ ահա 2015 թվականին նշված կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3000-4080 դրամով, 2014-ին` 3090-4540 դրամով:
Ի դեպ, ըստ որոշ տնտեսվարողների` կարագի գինը առաջիկայում էլի բարձրանալու է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԻ
ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի պնդմամբ՝ պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կգործարկվի աստիճանաբար՝ առաջիկա 5 տարիների ընթացքում: Նրա խոսքով՝ մասնագետներն ուսումնասիրել են այլ երկրների փորձը եւ համոզվել, որ երկարաժամկետ հեռանկարում ավելի արդյունավետ է պարտադիր ապահովագրության նման նորամուծությունների կիրառումը: Հոկտեմբերի 1-ից բժշկական ապահովագրությունը կգործի 100 հազար պետական ծառայողի համար, իսկ եկող տարվանից՝ 612 հազար սոցիալապես անապահով մարդկանց համար: Երկու դեպքում էլ ապահովագրության համար վճարելու է պետությունը:
Ըստ նրա՝ մեկ տարվա ընթացքում մեկ պետական ծառայողի համար պետությունը 40 հազար դրամ ապահովագրական վճարում կկատարի: Սոցիալապես անապահով քաղաքացիների համար վճարումներն ավելի քիչ կլինեն, եւ նրանք բժշկական ծառայությունների այլ փաթեթ կստանան: Պարտադիր բժշկական ծառայությունը կծածկի հիվանդանոցային ծառայությունների մեծ մասը, իսկ ապագայում նաեւ օնկոլոգիական հիվանդությունների ծախսերը, որոնք այսօր մասնավոր ապահովագրական ընկերությունները, որպես կանոն, չեն ծածկում: «Երբ պարտադիր բժշկական ապահովագրությունը սկսի գործել բոլորի կամ ճնշող մեծամասնության համար, պետպատվերի համակարգը կվերանայվի եւ կփոփոխվի»,-նշել է մասնագետը:

 

 

«ՉԻ ԼՍՈՒՄ, Է՜»
Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ելույթ ունեցավ՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: «Դուք շատ պարզ ասում եք՝ եթե վարկառուն վարկ է վերցրել եւ պետք է վարկը հետ վերադարձնի, նա պետք է ավել գումար վճարի: Եթե նա վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած գումարի համար, եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետեւ 10 կամ 15 օր հետո բանկը կկարողանա նոր վարկառու գտնել, այդ 15 օրվա տոկոսը ես պետք է նրանից վերցնեմ, որպեսզի բանկը հանկարծ չտուժի: Է, բա քաղաքացի՞ն»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:
Նկատելով, որ Ն. Երիցյանն իրեն չի լսում՝ պատգամավորն ասաց. «Չի լսում, է՜», ինչը նիստին ներկա պատգամավորների մոտ ծիծաղ առաջացրեց:
Այնուամենայնիվ, Հ. Հակոբյանը շարունակեց. «Այսինքն՝ մեր նպատակը ո՞րն է: Այս 12, 13 հոդվածներով դուք պահում եք բանկի շահը: Հո ես չե՞մ ասում՝ բանկի շահը չպաշտպանենք, բայց առաջինը պետք է քաղաքացու շահը պաշտպանենք: Այդ դեպքում բերեք, ասենք ամեն բանկ մտնողին՝ 100 դոլար փող վճարի, որովհետեւ դու բանկի օդն ես շնչում»:

 

 
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երեւանի պետական համալսարանին: Ըստ այդմ` ԵՊՀ-ին կտրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած, դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա: Այն ուժի մեջ կլինի երեք տարի: Հայրենի կառավարությունը չի մանրամասնում` ինչի համար են անհրաժեշտ մայր բուհին թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր: Նշվում է նաեւ, որ որոշումը կկայացվի առանց քննարկման:

 

 

ԴԻՆ ԳՏԵԼ ԵՆ
Օրերս ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ, 27-ամյա Ա. Մ.-ի հարազատները եւ հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել են Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը: Անհետ կորած համարվող բնակչուհու հարազատները ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել են, որ դիմել են ոստիկանությանը, ԱԻՆ-ի աշխատակիցներին, ջրասուզակներին, սակայն նրանց կարծիքով հնարավոր չէ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ առանց ջրատարի աշխատանքները որոշ ժամանակով դադարեցնելու:
Երեկ անհետ կորած բնակչուհու հարազատները ArmLur.am-ին հայտնել են, որ առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում, հայտնաբերել են 27-ամյա բնակչուհու դին՝ ջրամբարից դուրս եկող լողավազանում: Հավելենք, որ Ա. Մ.-ն դեռ մանկուց ունեցել է հիվանդություն. խնդիրը եղել է գիտակցության հետ կապված, բայց այլ շեղումներ չի ունեցել:




Լրահոս