ՔՐԵԱԿԱՆՆԵՐՆ ԱԽՊԵՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ-ում արձանագրված դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տալիս: Ինքնասպանություններից բացի՝ Հայաստանում ավելացել են նաեւ սպանությունների դեպքերը, երբ մարդիկ իրենց խնդիրները փորձում են լուծել՝ ինքնադատաստան տեսնելով: Ինչի հետեւանք է սա:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի եւ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հետ:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան
-Պարո՛ն Եղիազարյան, Հայաստանը վերածվել է սպանությունների թատերաբեմի: Ինչի՞ հետեւանք եք համարում ստեղծված իրավիճակը:
-Հայաստանը Սիցիլիայի է վերածվել: Ես պետք է Ձեզ գաղտնիք բացահայտեմ, որ այստեղ ոստիկանությունը մեղք չունի: Իհարկե, կա ոստիկանության մեղքի չափաբաժինը, որ պետք է լրջագույնս աշխատեն, պլանավորված աշխատեն: Գիտեք, հանցագործությունը մտնում է որոշակի վիճակագրական ճշգրիտ չափանիշների մեջ, այսինքն՝ ամեն 100 հազար մարդու համար միշտ կարելի է հաշվել տվյալ երկրում սպանությունները որքան կլինեն, ծանր մարմնական վնասվածքները որքան կլինեն, մարմնական վնասվածքները որքան կլինեն, եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ մոտավոր արդեն քրեագետները գիտեն, թե ինչ է սպասվում: Բայց ասեմ, որ Հայաստանը սպեցիֆիկ երկիր է, որտեղ վիճակագրական տվյալները չի կարելի տեղադրել Հայաստանի վրա: Պատճառն այն է, որ Հայաստանը ճանապարհային երկիր է, այսինքն՝ այն երկրները, որտեղ ճանապարհների խաչմերուկ է, միշտ այլ տվյալներ են գործում սպասվելիք հանցագործությունների առումով, մեզ մոտ՝ այլ:
-Բայց այս ամենն անպատժելիության հետեւա՞նք չէ: Ի՞նչ անելիք ունեն այստեղ իշխանությունները:
-Իհարկե, սա անպատժելիության մթնոլորտի արդյունք է: Ցավոք սրտի, քրեական հանցագործների գծով ոստիկանությունը գտնվում է հիմարագույն վիճակում: Որովհետեւ այդ նույն քրեական հեղինակությունները ուղիղ, ախպերական կապի մեջ են իշխանությունների հետ: Եվ ինչ պետք է անի քրեական հետախուզության տեսուչը, մենք բոլորս լավ գիտենք, սակայն այդ նույն քրեական հետախուզության տեսուչը շատ լավ գիտի, թե այդ քրեական հեղինակության հետեւում ով է կանգնած: Ես Ձեզ բերեմ մի պարզ օրինակ. ամիսներ առաջ հանցագործ էին տեղափոխում «Նուբարաշեն» ՔԿՀ, հանցագործները փակել էին ճանապարհը եւ չէին թողնում, որ իրենց ընկերոջը ներս մտցնեն: Այլ երկրներում այդպիսի բան չէին կարող անել, իսկ Հայաստանում դա հնարավոր է: Եվ այդպես փակ են պահել ժամեր շարունակ, իսկ ինչի մասին է դա խոսում, հենց քրեականների սերտաճման մասին իշխանությունների հետ: Այդ սերտաճման հիմքում ընկած է հենց ոստիկանների անզորությունը: Այսօր Երեւանը համեմատում են Պալերմոյի հետ, սակայն Սիցիլիայում այդ ամենը կատարվում էր 60-70-ական թվականներին: Այստեղ ես չեմ ասի, որ բարդակ է տիրում: Ասեմ, որ ցանկացած բարդակում լուրջ, կանոնակարգված աշխատանք կա՝ մեծ կա, փոքր կա, գումար վերցնող կա, թեթեւաբարո կանայք կան, սակայն այս ամենը կարող եմ մեկ բառով ասել՝ բեսպրեդել: Ու սա կարող է փոխվել միայն իշխանափոխության դեպքում:

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան


-Պարո՛ն Մելքոնյան, Հայաստանի փողոցներում նույնիսկ քայլելն է վտանգավոր դարձել հիմա: Ինչի՞ հետեւանք եք դա համարում:
-Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ ու հանգիստ երկիրն է, իսկ Երեւանը՝ ամենաապահով ու հասարակական կարգի պահպանման օրինակելի քաղաքը: Իսկ Դուք չե՞ք տեսնում՝ ի՞նչ է կատարվում աշխարհում: Օրը ցերեկով բեռնատարներով հանգիստ վրաերթ են կատարում, կացնով, դանակներով հարձակվում քաղաքացիների վրա, բռնաբարում կանանց, պայթեցնում առեւտրի ու հանգստի օբյեկտները: Ձեզ ի՞նչ է թվում՝ Հայաստանը երկիր մոլորակից դո՞ւրս է: Աղբ չպետք է լինի, երթեւեկության կանոնները խախտող չպետք է լինի, կաշառակեր պաշտոնյա չպետք է լինի, ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ չպետք է լինեն, հանցագործ ու գող ավազակ չպետք է լինի: Հանցավոր հեղինակություններն իրար լավ է, որ սատկացնում են ու մաքրվում մեր կյանքից:
-Իսկ այստե՞ղ ինչ անելիքներ ունեն իշխանությունները: Օրինակ՝ կարծիք կա, թե այդ նույն հեղինակությունները սերտ կապի մեջ են իշխանությունների հետ, եւ վերջիններիս ձեռնտու չէ նրանց սանձելը:
-Դա պարզունակ ու ոչ իրատեսական գնահատական է: Ցանկացած երկիր, պետական շահերից ելնելով, կարող է օգտագործել այդ կատեգորիայի մարդկանց, սակայն օգտագործել, չի նշանակում համագործակցել: Իշխանությունները կառավարում են երկիրը, իսկ անելիք ունենք բոլորս, այդ թվում՝ լրագրողները: Պետք է կույր լինես, որպեսզի չտեսնես ոստիկանությունում կատարված բարեփոխումները:

 

 

 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՄԵՐԺԵԼԸ՝ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարության երեկվա նիստն անցավ նույնատիպ մթնոլորտում. վարչապետ Կարեն Կարապետյանը լուրջ դեմքով հանձնարարականներ տվեց, այնուհետեւ բարիդրացիական մթնոլորտում նախագծեր զեկուցվեցին: Սակայն այս ամենի համատեքստում պետք է ուշադրություն դարձնել մեկ հանգամանքի վրա. երեկ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից երկու նախագիծ, որոնք երկուսն էլ կառավարությունը մերժեց:

Այդ նախագծերից մեկը ներկայացրել էին «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Գեւորգ Գորգիսյանը, Մանեթ Թանդիլյանն ու Արտակ Զեյնալյանը: Այն վերաբերում էր «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն, որով առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, ինչի արդյունքում կբարելավվի ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց վիճակը:
Սակայն ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը ներկայացնելիս առաջարկեց ձեռնպահ մնալ այդպիսի օրենքի ընդունումից եւ տեղեկացրեց, որ գույքահարկի վճարից արդեն իսկ ազատված են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողները:
«Ելք» խմբակցության մյուս առաջարկը վերաբերում էր «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում էր դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից: Սակայն Ջանջուղազյանը նշեց, թե ոչնչով երաշխավորված չէ, որ դեղերի իրացումն ԱԱՀ-ի ազատելու արդյունքում դեղերի գները կնվազեն:
Սա առաջին անգամը չէ, որ գործադիրը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերը, ընդ որում, դա անում է այնպիսի հիմնավորմամբ, որից պարզ է դառնում, թե այն մերժվել է միայն այն պատճառով, որ ներկայացված է հենց ընդդիմադիր խմբակցության կողմից: Ինչպես ասում են՝ ընդդիմադիրների առաջարկը մերժելը կառավարության համար սովորություն է դարձել: Հետաքրքիրը սակայն այն է, որ գործադիրը մերժելով ընդդիմադիրների առաջարկները՝ որոշ ժամանակ անց բերում է նույնանման նախագիծ եւ դա վերագրում հենց իրեն:
Կառավարության այս գործելաոճի մասին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, սակայն ոչինչ չի փոխվել, եւ վատագույն ավանդույթները շարունակվում են:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՔԵՖՉԻՆ
ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ պատմել, որ իրենց գյուղապետ Պետիկ Ղազարյանի որդին` Լեւոն Ղազարյանը, իր անձնական հարցերի համար օգտագործում է գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենան: Բացի այս՝ գյուղացիների պատմելով՝ գյուղապետ Ղազարյանը պատրաստվում է առաջիկայում գյուղապետարանի միջոցներով մեկնել Ֆրանսիա: Տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Պետիկ Ղազարյանի հետ, եւ հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակով է մեկնելու Ֆրանսիա. «Ինձ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ասել են, որ պետք է մեկնես` համայնքների խոշորացման թեմայով»: Հարցին` ում միջոցներով է մեկնելու, գյուղապետը զայրացած արձագանքեց. «Կառավարության միջոցներով եմ գնալու: Իմ տեղը հարմար չէ, քեֆի եմ, քավոր եմ»: Բայց գյուղապետարանի ծառայողական մեքենան որդու կողմից օգտագործվելու վերաբերյալ հարցը է՛լ ավելի զայրացրեց նրան. «Եթե մեր որդին է, մեկ-մեկ է վարում մեր մեքենան: Դուք չեք թողնում՝ ես իմ քեֆը շարունակեմ: Ես էլ իմ 100 հազարանոց ավտոս եմ ծառայեցնում ժողովրդին: Մեկ-մեկ էլ մեր տղան կքշի, ինչ է եղել որ»,- ու անջատեց հեռախոսը` առանց լսելու մեր մյուս հարցերը: Իսկ մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչու է գյուղի բուժկետը նորոգելու համար իրեն պատկանող շինանյութի խանութից օգտվել, կամ ինչպես եւ ում շնորհիվ է «անհետ կորել» գյուղի կշեռքը:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին կրկին կանչել են հարցաքննության: Չի բացառվում, որ այս հանգամանքը կապված լինի տուժող ընկերության նամակի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Շահումյանի թռչնաֆաբրիկայից գողություն էր եղել, որում կասկածվում է ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ գողություն: Այս դեպքից հետո Շահումյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը նամակ էր ուղղել ՀՀ իրավապահ համակարգի ներակայացուցիչներ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով իրականացնել օբյեկտիվ քննություն:

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարությունը նախօրեին ամփոփել է գործունեության մեկ տարին՝ ներկայացնելով 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված արդյունքները: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության կողմից ամփոփումն այսքանով չի ավարտվում: Վարչապետը նախարարներին հանձնարարել է մամուլի ասուլիս հրավիրել եւ լրագրողներին ներկայացնել մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները: Բոլոր նախարարություններում արդեն կազմվել է ժամանակացույցը, որպեսզի լրատվամիջոցներն էլ կարողանան ամբողջովին լուսաբանել կառավարության անդամների մտքի թռիչքները:




Լրահոս