Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որ ստորագրվել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Մոսկվայում, իր անորոշ ձեւակերպումների պատճառով լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Հատկապես, երբ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերություններում միշտ հանդես են եկել կամակատարի դերում՝ չկարողանալով պաշտպանել սեփական երկրի շահերը:
Ասել է, թե մտահոգությունները կապված են ոչ թե հայ-ռուսական համագործակցության հետ, այլ հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ իշխանությունների ցուցաբերած անողնաշար պահվածքի, երբ չգիտես` լարված իրավիճակներում ի՞նչպիսի դրսեւորումներ կլինեն:
Սկսենք նրանից, որ համաձայնագրում հստակեցված չէ միացյալ խմբավորման կազմում զինված ուժերն ընդգրկելու առավելագույն չափը: Այսինքն` հստակեցված չէ, թե, օրինակ, ՀՀ զինված ուժերը ո՞ր մասն է ներգրավվելու միացյալ խմբավորման կազմում` բանակն ամբողջությա՞մբ, թե՞ միայն կեսը, թե՞ մեկ քառորդը, թե՞ ընդամենը մեկ գումարտակ: Ըստ փաստաթղթի՝ միացյալ խմբավորման կազմը սահմանում են լիազորված մարմինները` ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության եւ համաձայնեցված եզրահանգումների հիման վրա` հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը: Եւ այս դեպքում չի բացառվում, որ Հայաստանին պարտադրեն ոչ ձեռնտու որոշումներ:
Հայաստանի իշխանությունները, իհարկե, կարող են առարկել, որ զինված ուժերն ամբողջությամբ միացյալ խմբավորման կազմում ընդգրկելն անտրամաբանական է, որ նման հեռանկարը բացառվում է, իրենք երբեք չեն համաձայնի այդպիսի առաջարկի, եւ, ընդհանրապես, այդ մասին մտածելն անգամ ավելորդ է: Համաձայն ենք: Բայց տվյալ դեպքում լավ կլիներ, եթե համաձայնագրում սահմանվեին նման դրույթներ, այլապես քանի դեռ չկան սահմանափակումներ, միշտ էլ կարելի է տարբեր մտավախություններ ունենալ: Հատկապես, երբ Հայաստանում գործ ունես մի իշխանության հետ, որն անվերապահորեն ենթարկվում է ՌԴ-ի թելադրանքներին՝ սեփական շահը զոհաբերելով ռազմավարական գործընկերոջ ցանկություններին: Ու քանի դեռ նման հստակեցումներ չկան, կարող են մտավախություններ լինել:
Համաձայնագրում մեկ այլ խնդիր էլ կա` կապված միացյալ զորամիավորումն օգտագործելու հետ: Զորամիավորումը ստեղծվելու է՝ տարածաշրջանում ագրեսիայի անմիջական սպառնալիքին դիմագրավելու համար, եւ չի բացառվում, որ դրանք օգտագործվեն հիմնականում ՌԴ-ի ռազմաքաղաքական հետաքրքրությունների շրջանակներում` մի իրավիճակում, որը չի բխի Հայաստանի շահերից: Պատահական չէ, որ վերջերս հաճախ է խոսվում Սիրիայում ռազմական գործողություններին ՌԴ զինուժի հետ նաեւ Հայաստանի մասնակցության մասին:
Բացի այդ, նկատենք` համաձայնագրի 2-րդ հոդվածում «ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջան» հասկացությունը մեկնաբանված է հետեւյալ կերպ. «Կողմերից մեկի կամ երկուսի նկատմամբ կենսագործունեության տարբեր ոլորտներում արտաքին իրադրության կտրուկ սրմամբ, ռազմական սպառնալիքի աճմամբ եւ ռազմական հակամարտության սանձազերծման համար պայմանների առաջացմամբ բնութագրվող խաղաղ ժամանակաշրջանի հատված»: Շատերի կարծիքով՝ այս ձեւակերպումը կարող է մեկնաբանվել կամայականորեն, եւ ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակահատված համարվել ներքաղաքական հուզումները: Դրանից հետո արդեն միացյալ զորամիավորումը կարող է օգտագործվել ներքաղաքական հուզումները ճնշելու հարցում՝ այդ ողջ գործողությունները ներկայացնելով որպես «արեւմուտքի թելադրած գունավոր հեղափոխություններն օրորոցում խեղդելու օպերացիա»: Որպես հակափաստարկ կարող եք մատնանշել, թե ՀՀ Սահմանադրությամբ զինված ուժերը չեն կարող օգտագործվել ներքաղաքական հարցերում: Միանշանակ ճիշտ եք: Բայց այս դեպքում կարող է՝ օգտագործվեն ոչ թե ՀՀ զինված ուժերը, այլ միացյալ զորամիավորումները: Ընդ որում, դրանց օգտագործման համար միշտ էլ կգտնվեն հիմնավորումներ, թեկուզ, օրինակ, այն հանգամանքը, որ ներքաղաքական հուզումները կարող են խաթարել ռուսական կողմի «կենսագործունեության տարբեր ոլորտների» գործունեությանը. չէ՞ որ ՀՀ-ում էներգետիկ ողջ ոլորտը հանձնված է ռուսական ընկերություններին: Այնպես որ, քանի դեռ փաստաթղթերում հստակ սահմանումներ տրված չեն, կարելի է ցանկացած եզրակացություններ անել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆԵՂԱՑԿՈՏՆԵՐԸ
Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանի նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել՝ սովորեցնելու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները: Դասընթացի առաջին օրը մասնակիցների քանակը մեծ է եղել՝ 14 հոգի բոլոր խմբակցություններից, սակայն արդեն հաջորդ օրերին պատգամավորներից քչերն են ներկա եղել: Մեր տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո ազգընտիրները «վիրավորվել» են եւ որոշել են այլեւս չմասնակցել այդ թրեյնինգներին: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ երեկ մասնակիցների թիվն ավելի քիչ է եղել: Շեշտենք սակայն, որ սովորելու մեջ ոչ մի վատ բան չկա, եւ պատգամավորների պահվածքն ուղղակի տարակուսելի է:
ԱՆՏԵՐ ԹՈՂՆԵԼՈՎ
Երասխի գինու եւ կոնյակի գործարանը կուտակած վարկեր ու պարտքեր ունի: Գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ ասել` այս տարի կմթերի՞ խաղող, թե՞ ոչ: Նշենք, որ այս պահի դրությամբ Երասխի գինու գործարանը 500 հազար դոլար վարկային պարտավորություն ունի, 14 մլն դրամ գումար էլ պարտք է խաղողագործներին` գյուղացիներին: Կառավարությունը տեղյակ է խնդրին, բայց գործարարին առաջարկվել է վարկ` 3 տոկոս տոկոսադրույքով եւ մեկ տարով: Ինչից գործարարը հրաժարվել է: Քանի որ, ինչպես ինքն է նշում, պարզապես հնարավոր չէ մեկ տարում կոնյակ պատրաստել, արտահանել, վաճառել եւ մարել պետության տրամադրած վարկը: Այժմ նա Հայաստանում չէ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ երկուշաբթի պարզ կդառնա` գործարանը խաղող կմթերի, թե ոչ: Մեր այն հարցին` ի՞նչ միջոցներով է մարելու պարտքերն ու վարկերը, գործարարը փոխանցեց. «Բնականաբար, պետք է փորձեմ իմ միջոցներով մարել: Տեսնենք: Երկուշաբթի պարզ կդառնա»:
ԸՆԴԴԵՄ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻ»
««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների եւ ընկերության կռիվը նոր թափ է ստանում: Քաղաքացի Սուրեն Ազոյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ին պարտավորեցվի վճարել իր վերջնահաշվարկը: Այս գործով մի քանի դատական քննություններ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս դատարանը կայացրել է այս գործով վճիռը եւ չի բավարարել Սուրեն Ազոյանի հայցը: Սակայն նկատենք, որ ընկերության աշխատակիցը այնքան վստահ է, որ ընկերությունը չի վճարել իրեն հասանելիք աշխատավարձը, որ որոշել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Չիչոյանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան: Փաստորեն, «Գրանդ Քենդիի» սեփականատերերը թեեւ մի կողմից բարեգործություն են անում` իրենց իմիջը «ռեստավրացիա» անելու համար, մյուս կողմից էլ նրանց գործունեության արդյունքում աշխատակիցները ընկել են դատարանի դռները՝ իրենց իրավունքները վերականգնելու համար:
ԲՆԱԿԱՆ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը (քրդական համայնք) բնական է համարում, որ վեցերորդ գումարման խորհրդարանի նորաթուխ պատգամավորներն այնքան էլ ակտիվ չեն: Նրա խոսքով՝ նոր պատգամավորները դեռ չգիտեն բոլոր կանոնակարգերը, հարցերի քննարկման ձեւերը:
ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ
Երեկ կառավարության նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր կախված եղանակային պայմաններից շինարարական աշխատանքների կատարմանը: Նա նշել է, թե մեզ մոտ այնպիսի ստերեոտիպ է առկա, որ ձմեռը շինարարական աշխատանքներ կատարել չի կարելի: Սակայն վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել այլ երկրների փորձը, հասկանալ՝ այնտեղ ինչպես է արվում, որպեսզի շինարարության տեմպերը մեզ մոտ չտուժեն:
ՄԵՐԺԵԼ Է
Երեկ գործադիրը մերժել է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրել էին «Ելք» խմբակցության պատգամավորները: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի՝ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ
ԱԺ «Հայաստանի Հանրապետություն կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ գլխավոր նախկին դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին անգամ մեկնարկելու է Արցախի իրավական ճանաչմանն ուղղված գործընթաց: «ՄԻԵԴ-ում քննարկվում են բազմաթիվ գործեր, որտեղ ուղղակի կամ անուղղակի քննարկվում է Ղարաբաղի ոչ թե միջազգային իրավական կարգավիճակի հարցը, այլ պետության ատրիբուտիկային վերաբերող հարցեր: ՄԻԵԴ-ում Ղարաբաղի կարգավիճակի, անկախացման գործընթացի, պետականությանն ու պետությանը վերաբերող հատկանիշների առկայության հարցը իրավական հարթության մեջ երբեւէ չի քննարկվել: Այն քննարկվել է բացառապես քաղաքական կամ հասարակական կոնտեքստում: ՄԻԵԴ-ում առաջին անգամ է, երբ մենք քննարկման առարկա ենք դարձնում Ղարաբաղի կարգավիճակի ու դրանից բխող հարցերի լուծումը»,-ասել է Գեւորգ Կոստանյանը:
ՀԵՏԵՎՈՒՄ Է
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Հայաստանում Եվրոպական միությունը հետեւում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ անցկացվող քննարկումներին: Ըստ նրա՝ հարցը Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է: «Ուրախ եմ, որ մոտենում ենք այն պահին, երբ պետք է ստորագրենք ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագիրը: Այն լիովին համադրելի է Հայաստանի ստանձնած այլ պարտավորությունների հետ: Սա է մեր մեկնակետը, սա է վերջնակետը: Մնացած ամեն ինչ վերաբերում է հայերին, նրանք պետք է որոշեն, թե ինչն է լավ: Ես ուրախ եմ, որ այդ որոշումները թշնամանք չեն ԵՄ նկատմամբ»,-հայտնել է դեսպանը: