ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՓԱԽՉՈՒՄ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երեւանի կենտրոնում՝ Վերնիսաժի այգում, տուրիստաշատ Թուֆենկյան հյուրանոցի դիմաց, Լեհաստանի դեսպանատան հարեւանությամբ, երեկ՝ ժամը 13:40-ի սահմաններում, անկանոն կրակոցներից մեկ հոգի սպանվեց, մեկը վիրավորվեց:

Կրակում էին ու վազում
ArmLur.am-ի նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով: Ականատեսներից մեկի խոսքով. «… երկու հոգի Թուֆենկյան հյուրանոցի աստիճանների վրա կանգնած էին, էլի մի քանի հոգի աստիճաններից ներքեւ էին սպասում:Զինված մարդիկ, ըստ ամենայնի, դարձյալ 2 հոգի, դիմացի մայթին կանգնած՝ թիրախավորել էին նրանց: Եւ հանկարծ հնչեցին կրակոցներ, բոլորը շրջակայքում սկսեցին փախչել: Հյուրանոցի ներսում եւ բակում տուրիստներ կային, ճչոցներով փախան: Ներսում՝ սրճարանում, նստած մարդիկ կային, կորան: Իսկ աստիճանների վրա էլ կանգնած տղամարդիկ փախան, մեկը հասավ մինչեւ Լեհաստանի դեսպանատան մոտի եղեւնիները եւ ընկավ: Իսկ մյուսները տարբեր ուղղություններով էին վազում, մի կրակողն էլ՝ հետեւներից: Բայց սկզբում երկու կողմից էին կրակոցները…»:

Հյուրերը վախեցել էին
Հետո բոլորն են փախչում, այդ թվում եւ կրակողները: Վիրավորին ինչ-որ մարդիկ նստեցրել են մեքենան ու հիվանդանոց տարել:
Լուսանկարում երեւում է, թե ինչպես են հրազենի գնդակները դիպել հյուրանոցի ապակուն եւ վնասել բարի նստարանները: Ու եթե այստեղ որեւէ մեկը նստած լիներ, անխոս կվիրավորվեր կամ կզոհվեր: Ի դեպ, լուրեր կան, որ Թուֆենկյան հյուրանոցի շենքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից մեկն էր ճաշում՝ իր հյուրի հետ: Րոպեներ անց տարածքում ոչ ոք չի եղել. ով ինչպես կարող էր, փախել էր:

Իսկ ովքե՞ր էին սպանվածն ու վիրավորը
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մահացածը ալավերդցի Գագիկ Մոսինյանն է, ով ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահն է՝ Կակուլի մականունով։ Իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորը հենց քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է։ Նրա նկատմամբ նախկինում եւս մահափորձ է իրականացվել, դրա համար զրահապատ մեքենայով էր շրջում քաղաքում:
Չի բացառվում, որ Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց արձակված կրակոցները կապ ունեն այս տարվա հունիսի 13-ին Լոռու մարզում տեղի ունեցած սպանության հետ: ArmLur.am-ն հայտնել էր, որ այդ օրը սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակելով սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանին:

Իսկ ո՞վ էր սպանված Կամո Փիրուզյանը
Երկու տարի առաջ՝ մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում, Կամո Փիրուզյանի եղբոր՝ Վարդանի հրազենային կրակոցներից սպանվել էր Վարդան Ավագյանը: Մեկ հոգի էլ՝ Էդուարդ Պողոսյանը, նույն կրակոցներից ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ավելի ուշ վիրահատությունից հետո նա եւս հիվանդանոցում մահացել էր: Իրավապահներն այդ ժամանակ սպանությունները կանխավ որակել էին Ալավերդու քաղաքապետի ընտրությունների հետընտրական «ռազբորկայի» հետեւանք:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններին Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցել են Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը եւ անկուսակցական Արթուր Աբգարյանը: Վարդան Փիրուզյանը հունիսի 7-ի ընտրություններին աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի անկուսակցական թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է:
Իսկ այսօրվա գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանի նախընտրական աշխատանքներում Հանրապետական կուսակցության կողմից ընդգրկվել էր ալավերդցի Վահագն Աբգարյանը: Սա այն նույն Վահագն Աբգարյանն է, որը այսօր արձակված կրակոցներից վիրավորվել է:

Սպանվել էր Վահագնի թիկնապահը
Հիշեցնենք, որ տարիներ առաջ սպանվել էր նույն՝ Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Վարդան Ավագյանը: Վերջինիս գիշերով սպանել էր Կամո Փիրուզյանի եղբայր Վարդան Փիրուզյանը:
Մի խոսքով, չի բացառվում, որ այսօր հնչած կրակոցները նախապատմություն ունեն, եւ վենդետայի հերթական դրսեւորումն է:
Նկատենք, որ վիրավորվածը Ալավերդու քաղաքապետի համար է աշխատել: Ուստի ArmLur.am-ը փորձեց Կարեն Փարեմուզյանից մեկնաբանություններ ստանալ դեպքի մասին: Սակայն նա ասաց, թե Վրաստանի ճանապարհին է եւ ոչնչից տեղյակ չէ:

Պաշտոնական արձագանքը
ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, զինամթերք)։ Ստեղծվել է քննչական խումբ։ Մինչ այս պահը իրավապահները չեն բացահայտել, թե ովքեր էին կրակողները եւ ինչ մոտիվացիա ունեին նրանք:
Բայց ArmLur.am-ի փոքրիկ հետաքննության արդյունքում մենք պարզեցինք, որ այսօրվա կրակոցները վենդետայի հերթական դրսեւորումն էր, որը Լոռու մարզից հասավ Երեւան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 
ՏՈՒՆԸ ՀՍԿՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 12-ի գիշերը կրակոցներ էին հնչել Էջմիածնի Անդրանիկի փողոցում, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներից Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը այցելեց դեպքի վայր, որտեղ ականատեսները ուշագրավ մանրամասներ պատմեցին կատարվածից:
Նշենք, որ սպանությունից հետո առաջին վարկածը, որ առաջ քաշվեց, այն է, որ սպանվածները կապ ունեն դեռեւս ամիսներ առաջ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման փորձի հետ: Բանն այն է, որ Դոն Պիպոյի սպանությանը նախապատրաստող 4 անձինք բնակարան էին վարձակալել, որպեսզի հարմար պահի «ոչնչացնեին» Պիպոյին: Եւ ըստ լուրերի՝ վարձակալած բնակարանը կապվում է Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ, սպանված Կարեն Դավթյանի անվան հետ:
Իսկ ի՞նչ էին տեսել սեպտեմբերի 12-ի գիշերը մարդիկ եւ ինչ մանրամասներ պատմեցին մեզ:
Պարզվում է՝ սպանությունից մի քանի օր առաջ Անդրանիկի փողոցում երեկոյան մի մեքենա է կանգնել, տարածքի բնակիչները մշտապես հետաքրքրվել են, թե ով է մեքենայի տերը, ինչու է ամեն երեկո գալիս, սակայն որեւէ բան չեն կասկածել: Բայց կրակոցներից հետո մեքենան այլեւս չի եկել թաղամա. «Զուգադիպությո՞ւն է դա, թե՞ կարող է կապ ունենալ այս դեպքի հետ, չենք կարող ասել»:
Երբ հնչել են կրակոցները, մարդիկ մտածել են, թե հրավառություն է, քանի որ հաճախ են հրավառություններ լինում թաղամասում. «Մի տեսակ մեջս կասկած առաջացավ, այսքան մոտ հրավառություն չէր եղել, ու երբ պատուհանից նայեցի, տեսա տղաներին սպանված: Կրակել էին կոնկրետ դեմքներին, Կարենի դեմքին ու սրտին էին կպել գնդակները, նույն էլ իր հետի տղայի դեպքում էր: Մտածված, պլանավորված սպանություն էր: Սկզբից երկու կրակոց հնչեց, հետո ձայն չկար, մեկ էլ մի հատ էլ կրակոց հնչեց, երեւի մոտեցել են՝ տեսնեն՝ մահացա՞ծ են, թե՞ ոչ, տեսել են՝ մահացած չեն, էլի կրակեցին»:
Ըստ ականատեսների` նույն օր իրավապահները փողոցի տեսախցիկի ձայնագրությունը առգրավել են. «Ասում են՝ տեսախցիկով արձանագրվել է, երկու հոգի են եղել, երեւում է, թե ոնց են կրակում, բայց դեմքները չի երեւում: Մինչեւ գիշերը 5-ն այստեղ իրավապահները աշխատեցին, սարսափելի էր, 150 մետր էր մնացել, հասներ իր տուն, բայց չհասավ, հենց փողոցի թփերի մեջ նստել, սպասել էին»:
Նշենք, որ այս սպանությունից հետո՝ սեպտեմբերի 13-ի երեկոյան, իրավապահները խուզարկություն են իրականացրել օրենքով գող Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի «նստավայրում», որից հետո նրան բերման են ենթարկել, սակայն կարճ ժամանակ անց ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կատարվածից հետո այս օրերին խիստ հսկողություն է իրականացվում նաեւ Արտյոմ Կանեւսկոյի տան մոտ:
Երեկ նկատեցինք, որ հսկվում է նաեւ սպանված Կարեն Դավթյանի տունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՈՉ Է ԱՐԵԼ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչ է արել իր գործընկերներին. «Հարգելի՛ գործընկերներ, համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում եւ ունեմ թերություններ: Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել իրենց համար ընդունելի ցանկացած ձեւով: Պատրաստ եմ նաեւ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու: Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը»,-նշված է հաղորդագրությունում:

 

 

ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով, եւ զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում: Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում:




Լրահոս