ԱՐՏՈՆՅԱԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, դատավորները բողոքում են, որ Դուք լինելով ՀՀ արդարադատության նախարար՝ դատական օրենսգրքում գաղտագողի փոփոխություններ եք իրականացրել: Ո՞ւմ համար են արվում դրանք, եթե օրենսգրքի կիրառողները տեղյալ չեն, ինչո՞ւ թաքուն:
-Ես շատ զարմացած եմ, որ դատավորներն այդ մասին ասում են Ձեզ եւ հղում են կատարում արդարադատության նախարարությանը՝ քննարկումների ձեւաչափերի տեսանկյունից: Նախ ասեմ, որ երբ սկսել է մշակվել դատական օրենսգիրքը, կազմում ընդգրկված են եղել փորձագետների մակարդակով, եւ այդ խմբում դատավորներ եղել են, որոնք ընտրվել են Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված համապատասխան մրցույթի արդյունքում: Այդ նախագիծը պաշտոնապես ուղարկվել է դատական դեպարտամենտ եւ վճռաբեկ դատարան, եւ բոլոր դատավորները պետք է ծանոթ լինեին նախագծին, տեսակետ հայտնեին: Այսինքն՝ դատական իշխանությունը տեսակետը լսելի դարձրել է: Պետք է ասեմ, որ դա նաեւ պահանջ է ՀՀ նախագահի հրամանագրի, որտեղ գրված է, որ դատական իշխանության ինքնակառվարման մարմինների հետ եւս պետք է շրջանառվեր, համաձայնեցվեր եւ ներկայացվեր: Մենք պաշտոնապես այդ տեսակետներն ու կարծիքը ստացել ենք: Իրենց համակարգի ներսում թե ինչ է կատարվում, ներքին կազմակերպչական խնդիրն է:
-Իսկ ի՞նչ փոփոխություններ են արվել:
-Դատական օրենսգրքում կոնցեպտուալ փոփոխություններ են կատարվում, եւ դրանք հիմնականում բխում են սահմանադրական կարգավորումներից: Բարձրագույն դատական խորհրդի գաղափարը պետք է ստանա իր ինստիտուցիոնալ կարգավորումները դատական օրենսգրքում: Փորձ է արվում կարգավորել նաեւ մինչ դատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում այլ գործերի քանակը: Այսինքն՝ մտածում էինք, օրինակ, առանձնացնել դատավոր, որը կզբաղվի մինչդատական վարույթի վերահսկողության գործերով: Քանի որ փորձը ցույց է տալիս, որ առանձին դատավորներ տարեկան կտրվածքով հազարավոր միջնորդություններ են լսում, եւ դա լրջորեն ազդում է նրանց ծանրաբեռնվածության վրա: Բայց այս պահի դրությամբ արդարադատության նախարարությունը լրամշակում է դատական օրենսգիրքը: Այն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով՝ միջազգային փորձաքննության: Նաեւ փորձագետների հետ հանիպումներ են տեղի ունեցել թե՛ Վենետիկում եւ թե՛ այստեղ:
-Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց դատավորների ծանրաբեռնվածության եւ դատական գործերը համապատասխան ժամկետներում նշանակելու հարցը: Ձեր փոփոխությամբ դատարանների նախագահները մյուս դատավորների հետ հավասարաչափ գործե՞ր կունենան քննելու:-
-Առաջինը պետք է փաստենք, որ մենք իրականում խնդիր ունենք դատավորների թվաքանակի ավելացման՝ ի՞նչ չափով, ինչպե՞ս, որտե՞ղ, սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել այն բանից հետո, երբ մեզ համար հստակ կդառնա, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն ունի ՀՀ դատական համակարգը: Եթե մենք ունենք 230 դատավորներ, եւ նրանցից մոտ 10 տոկոսն ունի անհավասար բաշխվածություն, ոչ միայն դատարանների նախագահները, այլ նաեւ դատական օրենսգրքով ընձեռած հնարավորության համաձայն՝ այլ դատավորներ կարող են դիմում գրել, եւ իրենք գործերը քիչ մակագրեն, դրա արդյունքում մենք ունենք խիստ անհամաչափ բախշում: Որպեսզի իրավիճակ շտկվի, պետք է ունենալ համայնապատկերը:
-Այսինքն՝ հիմա հավասարաչափ բաշխման պահանջ չկա՞:
-Դատական օրենսգիրքն այսօր էլ ասում է, որ պետք է հավասարաչափ բաշխել: Դատական դեպարտամենտը ներդրել է էլեկտրոնային ծրագիր, որն իրականում հավասարաչափ բախշում է կատարում էլեկտրոնային եղանակով, բայց թե՛ մինչդատական վարույթը եւ թե՛ դատական հանձնարարությունները չեն մտնում այդ համակարգ: Դրանք մակագրվում են դատարանների նախագահների կողմից: Հաջորդ խնդիրը արտոնություններն են. եթե նայեք դատարանների նախագահների՝ 2015թ. որոշումը, կտեսնեք, որ դատավորներ կան, որ ունեն 90, 95 տոկոս արտոնություն, ինչը նշանակում է, որ նրանց մակագրվում է տվյալ դատարան մուտք արվող գործերի 5 կամ 10 տոկոսը: Եվ նրանք հնարավորություն ունեն այլ դատավորներ խնդրելու, որ չմակագրվի, ու արդյունքում մենք ունենում ենք էնպիսի անհավասար իրավիճակ: Իրականում դատավորների համար բարդ է արդարադատություն իրականացնել: Եթե դու, ըստ էության, պարտավոր ես գրեթե ամեն օրվա կտրվածքով որոշում կայացնել կամ օրվա մեջ մի քանի որոշում, դժվար է տվյալ դատավորից որակյալ արդարադատություն ակնկալել:
-«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները եւս գաղտագողի արեցիք: 1 տարի անց նոր տեղեկանում են լրատվամիջոցները, որ նման փոփոխություններ են տեղի ունեցել: Ի դեպ, այդ փոփոխությունները խոչընդոտում են լրագրողների աշխատանքին:
-Ընթացակարգային առումով գուցե որոշակի հապճեպության պատճառով հնարավորություն չի եղել ամբողջական կամ շահագրգիռ քննարկում կազմակերպել, բայց ես ավելի բովանդակային եմ ուզում հարցին անդրադառնալ: Լրատվամիջոցների համար կենտրոնական իրավական ակտը, որը սահմանում է նրանց համար վարքագծային կանոններ եւ նրանց տալիս իրավունքներ կամ սահմանում պարտականություններ, դա «Զանգվածային լրատվության մասին» օրենքն է: Ցանկացած պարագայում ՀՀ որ օրենքում ինչ կսահմանվի, զանգվածային լրատվության մասին օրենքում հստակ սահմանված է, որեւէ պարագայում իրավունք չունի հրապարակել մարդու անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվություն: Սա հստակ է: Անկախ նրանից, թե անձնական տվյալների մասին օրենքում ինչ էր սահմանում կամ ինչու էր սահմանում:
Որն էր այդ փոփոխության հիմնական նպատակը. դա ամենեւին ուղղված չէր իրական լրատվամիջոցներին: Սա վտանգ կարող էր իր մեջ պարունակել, նրանք, ովքեր զբաղվում են ոչ թե զանգվածային լրատվությամբ, այլ նպատակ են հետապնդում հավաքագրել տարբեր մարդկանց մասին անձնական տեղեկություններ՝ ինչ-ինչ նպատակներով: Լրատվամիջոցը ցանկացած նպատակով իր տեղեկատվությունը պետք է հրապարակի: Սա նաեւ Եվրոպական միության կանոնն է: Եթե դու դա անում ես հրապարակման նպատակով, նպատակդ օրինաչափ է, որեւէ սամանափակում չկա լրատվամիջոցի համար:
Դրա համար այն օրենքում այդպիսի դրույթ սահմանելը նպատակ կունենա միայն մի դեպքում, երբ մենք հստակ օրենսդրությամբ կարողանանք ունենալ լրագրող եւ լրատվամիջոց հասկացությունները: Հստակ՝ ո՞վ է լրագրողը, ո՞վ է լրատվամիջոցը: Կհամաձայնե՞ք ինձ հետ, որ այսօր դաշտում այդ առումով կա ընկալման եւ ոչ միայն ընկալման, գործնականում կիրառութան խնդիր: Լրատվամիջոցն իր գործունեության հետ կապված բացարձակապես որեւէ պարագայում չի առնչվելու ու իր վրա որեւէ խնդիր չի ունենալու: Որովհետեւ Դուք ինչքան էլ հիմա փորձեք անձնական տվյալներ հավաքել, Ձեր օրենքը Ձեզ արգելում է: Դուք ունեք օրենք, որի 1-ին մասը հստակ արգելք ունի սահմանած:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների կատարած գնումները: Մեր ձեռքի տակ է հայտնվել կառավարության աշխատակազմի օգոստոսի 30-ի դրությամբ հաստատված գնումների պլանը:

Տեղեկացանք, որ կառավարության աշխատակազմը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել 200 հազար լիտր պրեմիում տեսակի բենզին, որի համար ընդհանուր վճարել է 70 մլն դրամ: Իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը գնվել է 350 դրամով: Բացի այս՝ գնվել է նաեւ 17 հազար լիտր ամառային դիզելային վառելիք, որի համար ծախսվել է 5 մլն 270 հազար դրամ: Միայն ավտոպահեստամասերի համար ծախսվել է 20 մլն 847 հազար դրամ, իսկ 160 անիվների համար` մոտ 5 մլն դրամ: Նշենք, որ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաները 46-ն են, որոնց համար կառավարությունը նախատեսել է գնել 200 հազար լիտր բենզին: Ու եթե այդ թիվը բաժանենք 46-ի (ծառայողական ավտոմեքենաների թիվն է), ապա բաժանենք 220-ի (տարեկան աշխատանքային օրերի միջին թիվն է), կստացվի, որ գործադիրի յուրաքանչյուր ծառայողական մեքենային օրական հատկացվում է ավելի քան 19 լիտր բենզին: Եւ եթե անգամ կառավարության ծառայողական մեքենաներն ունեն հզոր եւ ծախսատար շարժիչներ, ապա հատկացվող ավելի քան 19 լիտր բենզինը պետք է բավականացնի մոտ 100 կմ վարելու համար, ինչը այս դեպքում կասկածելի է:
Հ.Գ. Ի դեպ, միայն Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի վարած ծառայողական ավտոմեքենայի` «BMW 750 LI. X Drive»-ի արժեքը կազմում է մոտ 100 հազար եվրո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀՐԴԵՀ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ գյուղի արոտավայրերն այրվել են, խոշոր եղջերավոր անասուններն արածելու տեղ չունեն, մտնում են գյուղացիների տնամերձ տարածքները, արածում, ոչնչացնում կանաչ մարգերը: Բարեկամավանցիների վկայությամբ՝ գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղի տարածքում: Հրդեհի մյուս օջախն էլ գյուղացիների վառած կրակից է առաջացել:
Նշենք, որ 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի հողատարածքների զգալի մասը ադրբեջանական գնդակոծության գոտում լինելու պատճառով չի մշակվում: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ բարեկամավանցիներն ունեն 290 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Դրա մեծ մասը պահվում է Բարեկամավանի սարերում, գյուղի անմիջական տարածքում առկա է շուրջ 100 խոշոր եղջերավոր անասուն: Բացի այդ՝ Բարեկամավանում կա շուրջ 70 հատ ոչխար: Ջ. Միքայելյանն ասաց, որ գյուղի արոտավայրերը հրդեհված են, եւ անասունների արածելու համար տեղ չկա: Նրա խոսքերով՝ արդեն 3 տարի բարեկամավանցիները կովերը նախիրով չեն արածեցնում: Անասունները թափառում են, կեր հայթայթում, մտնում գյուղացիների բանջարանոցները, ավերում դրանք: Հիմնահարցն արդեն 3 տարվա պատմություն ունի, Բարեկամավանի նախկին գյուղապետ Գարիկ Աբազյանի պաշտոնավարման շրջանում թափառող, բանջարանոցներն ավիրող կովերի խնդրով զբաղվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը: Իսկ հիմա՝ ոչ ոք:

 

 

ԿԻՍԱՏ Է ՄՆԱՑԵԼ
Բերդի տարածաշրջանի Նավուրի համայնքային կենտրոնի նորոգումը կիսատ է մնացել: Նախկինում գործող համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգումը կատարվել է 2011-2012 թվականներին, ՀՀ պետական բյուջեից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակում: Հիմնանորոգումը կիսատ է մնացել, շենքը կիսաքանդ վիճակում է, 1134 բնակիչ ունեցող համայնքը հնարավորություն չունի օգտվելու կենտրոնից: Տեղեկացնենք, որ այդ ժամանակ 40 միլիոն դրամով նորոգվել է համայնքային կենտրոնի տանիքը, սակայն նույնքան գումար է պահանջվում՝ շենքի դահլիճը վերանորոգելու համար: Համայնքը ֆինանսական հնարավորություն չունի՝ սեփական ուժերով ավարտելու նորոգումը, քանզի տեղական բյուջեն սուղ է: Ու այդպես 6 տարի է՝ կառույցի շինարարությունը կիսատ է մնացել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս