«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՄՈՏԵՑԵԼ ԵՄ՝ ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՉՎԱԽԵՆԱԼՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Մեկը վերեւից» ներկայացման, քաղաքական հումորի, «7 ու կես» նախագծի վերադարձի եւ այլ թեմաների շուրջ զրուցել է հաղորդավար, դերասան եւ հումորիստ Արտյոմ Մարկոսյանի հետ։

-Արտյո՛մ, քանի որ վերջին տարիներին էկրաններին չեք երեւում, հետաքրքիր է՝ որտե՞ղ եք Դուք, ինչո՞վ եք այժմ զբաղված:
-Ես իմ հայրենիքում եմ, Հայաստանում եւ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնացել։ Համոզված եմ, որ չի գա մի օր, երբ կլքեմ Հայաստանը։ Հիմա ես, թեեւ չեմ երեւում հեռուստատեսությամբ, ծավալում եմ լայն գործունեություն, հանդես եմ գալիս որպես ռեժիսոր-պրոդյուսեր։
-Ձեր երգիծական մոնո-ներկայացումը, որը կոչվում է «Մեկը վերեւից», ինչպե՞ս կյանքի կոչվեց, ինչո՞վ է այն առանձնանում։
-Մոնո-ներկայացում անելու միտքը ծնվել է տարիներ առաջ, միշտ ունեցել եմ նման ցանկություն, վերջին տասը տարիների ընթացքում ասում էի, որ առաջիկայում պետք է նման պահ հասունանա, եւ, փաստորեն, այդպես էլ եղավ։ «Մեկը վերեւից» խաղարկային ներկայացման մեջ մի շարք կերպարներ եմ մարմնավորել։ Բացի այդ՝ ինձ համար հետաքրքիր ֆորմատ եմ մտածել, որը մինչ օրս չի եղել. ներկայացման ընթացքում անիմացիոն գրաֆիկա է կիրառվում, եւ զուգահեռաբար ֆիլմերից կադրեր են ներկայացվում։ Բայց այդ ներկայացումը միայն մարդկանց ծիծաղեցնելու համար չէ։ Ես ոչ մի հարցի այդպես չեմ մոտենում։ Սա ներկայացում է՝ մտածող մարդկանց համար, այն հերթական անգամ հանդիսատեսին կմատուցվի սեպտեմբերի 26-ին եւ 27-ին, Երեւանի պետական կամերային թատրոնում։
-Արտյո՛մ, իսկ արդյո՞ք ներկայացման շրջանակում անդրադարձել եք քաղաքական թեմաների:
-Բնականաբար, այնտեղ կան իմ, եւ, համոզված եմ, շատերի տեսակետները քաղաքական հարցերի շուրջ, քաղաքական թեմաներին մոտեցել եմ՝ ոչ մի բանից չվախենալով։ Կա անդրադարձ նաեւ քաղաքական ներկայիս գործիչներին։ Ի դեպ, ներկայացմանս սցենարի քաղաքական մասը ամենահուզիչն ու սուրն է ստացվել, բարձրացվել են առաջին հայացքից պարզ, բայց բազում ենթատեքստերով հարցեր։
-Երկրպագուներից շատերը պարզապես պահանջում են «7 ու կես» հումորային նախագծի վերադարձը։ Հնարավո՞ր է, որ կազմը նորից համախմբվի եւ նոր ծրագրերով հանդես գա։
-«7 ու կես»-ի հետ կապված հարցերը շատ են ու տեղին։ Անձամբ ես էլ շատ կուզեի, որ համախմբվեինք, նոր ծրագիր լիներ, բայց այս պահի դրությամբ նման պլաններ չկան։ Իհարկե, շատ հետաքրքիր մտքեր կարող էինք կյանքի կոչել, բայց նմանատիպ նախագծեր իրականացնելը բավական թանկ է արժենում, եկամուտ ապահովելը դժվար է լինում։ Իսկ մենք այսօր, ցավոք, ֆինանսատնտեսական փայլուն մթնոլորտում չենք ապրում։ Բայց դա չէ չհամախմվելու գլխավոր պատճառը, այլ ամեն մեկիս անհատական զբաղվածությունը։
-Այսինքն՝ Ձեր հարաբերությունները նախկինի պես ջե՞րմ են։
-Տղաներից բոլորի հետ բարեկամական հարաբերություններ ունեմ, մեր՝ իմ ու տղաների միջեւ, ոչ մի խնդիր չկա։
-Իսկ Արմեն Վարդանյանի հետ կրկին հաղորդում վարելու առաջարկներ ստացե՞լ եք։
-Այո՛, նման առաջարկներ եղել են եւ կան, ինքս էլ զգում եմ նման ծրագրի պահանջ, բայց կոնկրետ պլաններ, անկեղծ ասած, չկան։ Ամեն դեպքում, իմ մոնո-ներկայացման վրա աշխատել ենք հենց Արմենի հետ միասին։ Մենք, առհասարակ, նորմալ, մարդավարի ընկերություն ենք արել ու անում։
-Արտյո՛մ, չեմ կարող չհարցնել այսօր եթեր հեռարձակվող ծրագրերի վերաբերյալ Ձեր կարծիքը։ Ըստ Ձեզ՝ որակային առումով ի՞նչ փուլում ենք։
-Դա, իրոք, շատ բարդ հարց է, տեսեք, թե որքան բան է փոխվել «այսօր» ասվածի մեջ, փոքրերը մեծացել են, մտածելակերպ է փոխվել… Այսօրվա հումորային դաշտը աբսուրդային վիճակում է։ Մեր ունեցած հեռուստածրագրերի առյուծի բաժինն ինձ համար ընդունելի չէ, ընդունելի չէ նաեւ այն ամենը, ինչ տեղի է ունենում, այսպես ասած, մեր շոու-բիզնեսում։ Ես մի բան կարող եմ հստակ ասել՝ ինտելեկտի եւ զարգացվածության աստիճանական անկում է տեղի ունենում։ Հայ հանրության մի ստվար զանգված անմակարդակ, շրիշակի մակարդակի հնդկական սերիալներ է դիտում, կարծես դեղի պես ներարկել են ժողովրդին։ Իսկ հայկական սերիալներն էլ քարոզում են ողբ, մահ, դավաճանություն, մարդկանց սովորեցնում են դաժանության եւ ողբի։ Այսօր հեռուստատեսությունը բոլոր առումներով դեգրադացիա է ապրում եւ վերջ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս