ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՊՆ-ՈՒՄ ԵՎ ԱԱԾ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, եւ հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 24-ին մի խումբ աֆղաններ Նախիջեւանից Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից մասով հատել են սահմանն ու հայտնվել Հայաստանում: Եւ նրանց բռնել են ոչ թե սահմանապահները, այլ ոստիկանները, այն էլ Երասխ գյուղի Օղակաձեւ հրապարակից: Հետո արդեն հարուցվել է քրեական գործ, նրանց մեղադրանք է առաջադրվել, օրերս էլ գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ սահմանների պաշտպանությամբ զբաղվող ԱԱԾ, բայց ապարդյուն. այնտեղից խնդրեցին հարցը ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին:
Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է ընդամենը ռեժիմի սպասարկուի. հաջողությամբ գաղտնալսում է ընդդիմադիրների հեռախոսները, տարբեր մեթոդներով փորձում ազդել ընդդիմության, անցանկալի լրատվամիջոցների վրա, իսկ ահա իրենց առաջ դրված բուն գործառույթներն իրականացնելիս թերանում է: Ահա սա էլ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի խոստացած ապահով, անվտանգ Հայաստանը:

 

 

 
Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում նախօրեին հնչած կրակոցների մասին արդեն իսկ տեղեկացրել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը: Ինչպես հայտնի է` կրակոցները տեղի են ունեցել դեսպանատան անմիջական հարեւանությամբ. սպանված Գագիկ Մոսինյանի մարմինը դեսպանատնից մի քանի մետր էր հեռու: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից հետաքրքրվել է՝ միջադեպից հետո ի՞նչ քայլեր են իրենք արել: Ի պատասխան՝ դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոսյանը նշեց. «ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը պետք է լինի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ավելի անվտանգ շրջեն քաղաքում: Իսկ Լեհաստանին տեղեկացնելն արվում է որպես տեղեկատվության տրամադրում, որպեսզի տեղյակ լինեն` ինչ է կատարվում երկրում: Որեւէ այլ քայլ չենք կարող անել, անվտանգության բարձրացումը պետք է ՀՀ իշխանությունների առաջադրանքը լինի»:

 

 

 
Հայաստանում ամռան ամիսներին տեղի ունեցած հրդեհներից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որեւէ աշխատակից այդպես էլ չի պատժվել թերանալու եւ վերահսկողություն չիրականացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը նշել է. «Բոլոր հրդեհները ծագել են համայնքային տարածքներից, անտառում ոչ մի տեղ հրդեհ չի սկսվել: Այսինքն՝ ինչո՞ւմ պետք է մեղադրվեր «Հայանտառ»-ի աշխատակիցը: Յուրաքանչյուր անտառապահի վերահսկվող տարածքը մոտավորապես 700 հա է, աշխատել են բոլորը: Այդպիսի խնդիր ես չեմ տեսել, որ մեղավորություն լինի: … Քննությունը ցույց կտա, թե ովքեր են պատասխանատուները»: Նկատենք, որ Մանուկյանի նշանակումից հետո Հայաստանի գրեթե բոլոր անտառները վառվեցին:

 

 

 
Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել. պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, եւ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ: Մինչեւ հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները, եւ հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել էր 151.7 մլրդ դրամ: Բայց հիմա պարզվում է՝ գերավճարներ են վերցվել ոչ միայն խոշոր բիզնեսից, այլեւ մանր ու միջին ձեռնարկություններից, մոտ 110 մլրդ դրամի չափով: Ի դեպ, այս մասին միշտ խոսել է Համաշխարհային բանկը՝ շեշտելով տարեկան ավել քանի 250 մլրդ գերավճար հավաքելու մասին, եւ նախազգուշացնելով, որ այդ ամենը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ:

 

 

 
ՉԳԻՏԵՆ, ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԹԵ՞ ՉԵՆ ԿԱՐՈՂ
Վերջին օրերին իրար հաջորդած զինված «ռազբորկաներն» ու սպանությունները մեկ ընդհանրություն ունեին. դրանք հիմնականում հաշվեհարդարներ էին /վենդետաներ/, երբ քրեական տարբեր խմբավորումներ միմյանց հետ ունեցած հին հաշիվները լուծել են զենքով: Ու հիմա հասարակական-քաղաքական շրջանակներում մեկ հարց է թեւածում՝ մի՞թե իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չէին կարող կանխել՝ քրեական խմբավորումներին նախապես զինաթափելով:
Մի՞թե իրավապահները, որ տիրապետում են օպերատիվ-հետախուզական հնարավորությունների, ունեն մասնագիտացված հատուկ ստորաբաժանումներ, գործակալական ցանց, եւ այլն, եւ այլն, չգիտեն քրեական տարրերի ունեցած զենք-զինամթերքի մասին: Եթե իրոք չգիտեն, ապա սա ողբերգություն է ցանկացած պետության համար: Սա արդեն նշանակում է, որ իրավապահ համակարգ, որպես այդպիսին, չկա, պետության կարեւորագույն կառույցներից մեկը չի աշխատում, պարզապես կան համազգեստավորներ:
Իսկ եթե իրավապահները տիրապետում են օպերատիվ իրավիճակին, տիրապետում են համապատասխան տվյալների եւ չեն փորձում քրեական տարրերից խլել ապօրինի զենքը, ապա մեկ այլ ողբերգություն էլ սա է. նշանակում է՝ իրավապահներն իրենց հանցավոր անգործությամբ նպաստել են քրեական խմբավորումների գործողություններին, հետեւաբար՝ ոչ պակաս պատասխանատվություն են կրում սպանությունների համար: Երկու դեպքում էլ հետեւություններն իրավապահների օգտին չեն խոսում:
Թեեւ կա նաեւ երրորդ վարկածը. իրավապահ համակարգը տիրապետում է ողջ ինֆորմացիային, պարզապես քաղաքական իշխանությունը թույլ չի տալիս քրեական տարրերի «խաթրին դիպչել», «նեղացնել»: Թույլ չի տալիս, որովհետեւ իշխանությունը հենված է հենց այդ քրեական տարրերի վրա, պետական կառավարման համակարգ նրանք եկել են քրեական տարրեի շնորհիվ. հիշում եք՝ ովքեր են ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատում իշխանությունների օգտին, մարդկանց բերում տեղամաս՝ վերահսկելով քվեարկությունը եւ այսպես շարունակ:
Եւ հետո՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս տարիներին ապացուցել են, որր առավել քան քաջատեղյակ են ընդդիմադիրների գործողություններին ու մտադրություններին եւ հարկ եղած դեպքում նրանցից ավելի վաղ են հասնում հանրահավաքի վայր եւ այսպես շարունակ: Հետեւաբար նման քաջատեղյակ մարդիկ չեն կարող ցանկության դեպքում չվերահսկել նաեւ քրեական տարրերին:
Ուրեմն հետեւությունները թողնենք ընթերցողներին:




Լրահոս