Հայաստանն այս ամառ աչք չբացեց հրդեհներից: «Խոսրովի պետական արգելոց»-ի, Վայոց ձորի եւ Բյուրականի հրդեհներն ապացուցեցին, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ արտակարգ իրավիճակների, իսկ յուրաքանչյուր նման դեպքից հետո էլ հետեւություններ չեն անում:
Այս ընթացքում ոչ մեկ անգամ բարձրաձայնվեց նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթների թերի կատարման մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել էր նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Ի վերջո, նման իրավիճակներում ի՞նչ գործառույթներ ունի «Հայանտառ»-ը, եւ որո՞նք է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:
-Պարո՛ն Մանուկյան, այս ամառ Հայաստանն աչք չբացեց հրդեհներից, ու ամբողջ ընթացքում բարձրաձայնվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթների թերի կատարման մասին: Ի վերջո, այդպիսի իրավիճակներում Ձեր ղեկավարած գերատեսչության գործառույթները որո՞նք են, հասցրե՞լ եք ծանոթանալ:
-Նախ նշեմ, որ գործառույթները բազմաթիվ են: Հիմնականն անտառի կայուն կառավարումն է, որտեղ նաեւ հրդեհների մասն է: Ես համաձայն չեմ Ձեզ հետ, քանի որ նման գնահատականներ ես չեմ լսել, չեն հնչել: Հակահրդեհային բազմաթիվ միջոցառումներ իրականացվել են, ԱԻՆ-ի հետ միասին ծրագրավորված՝ մենք բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել՝ հենց նույն անտառներում, անտառամերձ գոտիներում վերահսկվող հրդեհներ կազմակերպելու, մարելու, հանքայնացված շերտեր ստեղծելու, որպեսզի կրակն անտառ չմտնի: Բազմաթիվ են միջոցառումները, եւ պլանային աշխատանքներ կատարվել են:
-Ձեր թվարկած գործառույթներից այս ընթացքում որո՞նք եք կատարել, նշեք առարկայական:
-Բոլոր անտառտնտեսություններում եղել են այդպիսի հրահանգներ, բոլոր տեղերում կատարվել են: Մենք ունենք հրդեհների դեպքում մեր գործողությունների ծրագիրը, գործողությունների պլանը: Եվ բոլոր տեղերում դա արված է: Այդ ծրագրերը պլանավորված կատարվել են թե՛ մարզպետարանների, թե՛ համայնքապետերի, թե՛ ԱԻՆ-ի հետ միասին:
-Ամեն դեպքում ամռանը պարզ դարձավ, որ Հայաստանը պատրաստ չէ արտակարգ իրավիճակների: Կոնկրետ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի:
-Ես Ձեր այդ գնահատականի հետ էլ համաձայն չեմ: Հրդեհներից ապահովագրված չէ ոչ ոք: Առաջադեմ բոլոր երկրներում էլ լինում են հրդեհներ, լինում են օրերով, շաբաթներով, ամիսներով, եւ ասել, որ այդ երկրներն էլ չեն կարողացել պայքարել, այդպես չէ: Արվել է ամեն ինչ, աշխատել ենք ուս ուսի, միասին: Ասել՝ ով լավ է աշխատել, ով վատ է աշխատել… այստեղ նաեւ գոյություն ունի մարդկային ֆակտոր. կարծում եմ, որ ամեն գերատեսչությունում էլ կան սրտացավ մարդիկ, կան էնտուզիազմով մարդիկ, կան եւ մի քիչ լոյալ, մի քիչ պասիվ մարդիկ: Բայց դա վերագրել բոլորին, ճիշտ չէ:
-Բոլոր պատկան մարմինների ղեկավարները նշում են, թե ճիշտ են աշխատել: Սակայն կոնկրետ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Ինչո՞ւ մենք ժամանակին չկարողացանք կանխել հրդեհների տարածումը:
-Էլի եմ ասում` ամեն տեղ էլ լինում են հրդեհներ, եւ դրանք տեւում են երկար: Մեր տեխնիկական միջոցները, կարծում եմ՝ այնքան բավարար չեն՝ այսպիսի մասշտաբների հրդեհների դեմ պայքարելու համար. մեր լանդշաֆտները, մեր անտառների դիրքը թույլ չեն տալիս ավելի շատ մոտենալ դրանց: Միշտ լինում են բարդություններ, արվել է այն, ինչ որ արվել է, կարծում եմ, որ այս պահին ավելին, մեր ունեցած տեխնիկական միջոցներով, անհնար է: Մենք չունենք այդպիսի գույք, տեխնիկա, որ կարողանանք հրդեհի դեմն առնել:
-Իսկ այս ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում եղե՞լ են մարդիկ, ովքեր պատժվել են թերի աշխատանքի համար:
-Բոլոր հրդեհները ծագել են համայնքային տարածքներից, անտառում ոչ մի տեղ հրդեհ չի սկսվել: Այսինքն՝ ինչո՞ւմ պետք է մեղադրվեր «Հայանտառ»-ի աշխատակիցը: Յուրաքանչյուր անտառապահի վերահսկվող տարածքը մոտավորապես 700 հա է, աշխատել են բոլորը: Այդպիսի խնդիր ես չեմ տեսել, որ մեղավորություն լինի: Այսինքն՝ աղետը մնում է աղետ, հրդեհը մնում է հրդեհ, անտառի աշխատողն ի՞նչ պետք է աներ այս դեպքում: Քննությունը ցույց կտա, թե ովքեր են պատասխանատուները:
-Իսկ Դուք ի՞նչ հետեւություններ եք արել, որոնք կօգնեն հետագայում ավելի արդյունավետ աշխատել:
-Մի քիչ ավելի պետք է հագեցնենք մեր հակահրդեհային գույքը, ունենանք ջրային ավազաններ: Ասեմ, որ այժմ ծրագիր է մշակվում` հետհրդեհային անելիքների մասով, թե տնկումների, թե խնամքի: ԱՄՆ-ից մասնագետներ են եկել, ժամանակ կտեւի, որպեսզի վերջնական եզրահանգումներ արվեն: Անտառամերձ համայնքների բնակչության հետ աշխատանք պետք է տարվի ավելի խորը: Վերջերս ես խոսել եմ նաեւ կրթության եւ գիտության նախարարի հետ, մտածում ենք մեկ դասաժամ անցկացնել հենց այդ թեմայով:
-«Խոսրովի արգելոցում», Վայոց ձորում, Բյուրականում հրդեհների ժամանակ ականատես եղանք, որ ավելի ակտիվ էին ԱԻ ղեկավար Դավիթ Տոնոյանն ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, սակայն գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ինչպես նաեւ Ձեզ այդպես էլ ոչ մի տեղ չտեսանք, իսկ «Հայանտառը» հենց գյուղնախարարության ենթակայության տակ է: Ինչո՞ւ էր նախարարությունն այդքան անտարբեր հրդեհների նկատմամբ:
-Գյուղատնտեսության նախարարությունն այս հարցում ակտիվ է եղել: Փոխնախարար Աշոտ Հարությունյանը ներկա է եղել, ես էլ ներկա եմ եղել: Մշտապես մենք կապի մեջ ենք եղել նախարարի հետ, մշտապես տեղյակ է եղել: Այս շրջանը գյուղատնտեսական ծանր շրջան է, միայն հրդեհը չէ, էլի շատ աշխատանքներ կա անելու: Բայց որ նախարարը տեղյակ է եղել բոլոր գործողություններից, դա այդպես է:
-Դուք որտե՞ղ եք եղել: Համենայնդեպս, լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են, որ Դուք այնքան էլ ակտիվ չեք եղել, հրդեհների վայրերում չեք եղել:
-Բնականաբար ես եւս ակտիվ մասնակից եմ եղել: Եթե ուրիշ լրատվամիջոցի անուն չասեմ, ապա կարող եք մեր կայքը բացել, լուսանկարները նայել եւ ինձ կգտնեք այնտեղ:
ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ
ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ԵԱՏՄ-ի` Հայաստանին տված օգուտներն ու վնասները: Հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնությունը նախ՝ քննարկվելու է ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկում, ապա` լիագումար նիստում: Ընդդիմադիր խմբակցության առաջարկած հանձնաժողովում համամասնության սկզբունքով 5 հոգի կլինի ՀՀԿ-ից, 3 հոգի «Ծառուկյան» խմբակցությունից, մեկական անդամ էլ ՀՅԴ-ից եւ «Ելք» խմբակցությունից:
Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, նշեց. «Դա չի արվում «Ելք» դաշինքի անդամների ու համակիրների համար, քանի որ մեզ համար միանշանակ է ԵԱՏՄ-ում գտնվելու վնասները, եւ այստեղ որեւէ հարց չի առաջանում: Բայց անհրաժեշտություն է հասկանալ, թե միությանն անդամակցելուց երեք տարի անց որքանով են իրողություն դարձել խոստումները, եւ ինչ է արձանագրվել: Քննարկումը հնարավորություն կտա ունենալ սեփական կարծիք, սեփական դիրքորոշում», – նշեց նա:
Իսկ նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի կարեւոր համարեց այս հարցի շուրջ ծավալված հանրային քննարկումները: «Այս նախաձեռնությունը կարեւոր միջոց է հանրության հետ երկխոսություն սկսելու եւ հանրային քննարկում ծավալելու համար, մենք այսօր այդ նպատակին հասել ենք: Բոլորը գրում են այդ թեմայի մասին, եւ սկսված է հանրային քննարկում»:
Չնայած ընդդիմադիր խմբակցության խանդավառությանը, մյուս ուժերը, կարծես, դեմ են ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու նախաձեռնությանը: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այդ մասին ասել են հրապարակային, իսկ «Ծառուկյան» դաշինքի դեպքում էլ այդ մասին նշել են առանձին գործիչներ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին արդեն իսկ դեմ է արտահայտվել ՀՀԿ-ն:
Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
«ՍՈՒԲՅԵԿՏԻ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, որն օրերս Երեւանի ավագանու անդամներից Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել, անցած տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է բնակարանների գնմամբ: Մասնավորապես նա 45 մլն, 8 մլն դրամով գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ, 20 մլն դրամով` բնակարան, 30 մլն դրամով` հասարակական նշանակության շինություն: Իսկ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս: Բացի այս՝ նա ունի Volkswagen Jetta 2.8 մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարի դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ եւ 70 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 մլն 811 հազար դրամ: Տեղեկացնենք, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանի մասին է, ով «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է. նրա շնորհիվ ժամանակին դարձավ պատգամավոր, հիմա էլ՝ փոխնախարար:
ՀԱՂԹԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները 8 օր դասերի չեն հաճախել: Պատճառն այն է, որ դպրոցի սաների ծնողները դեմ էին իրենց դպրոցը` հարեւան Արտավազդ գյուղի դպրոցի միացմանը եւ իրենց երեխաներին չէին ուղարկում դպրոց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` սեպտեմբերի 1-ից Փյունիկի դպրոցի աշակերտները պետք է հաճախեին Արտավազդ գյուղի դպրոց: Սակայն, ինչպես տեսնում եք, փյունիկցիները «հաղթեցին» վարչապետին: Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից երեխաները հաճախել են դասերի. «Արդեն չորս օր է, ինչ գալիս են դասերի: Բաց թողած դասերի մասով մենք դիմելու ենք մարզպետարան, որպեսզի թույլատրեն՝ շաբաթ օրերին կամ աշնանային արձակուրդին դրանք լրացնենք»:
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Նոր դատական հայց է ներկայացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Արտյոմ Մովսեսյանին պատկանող Գետամեջի թռչնաֆաբրիկայի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 սեպտեմբերի 14-ին «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր Եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ «Թռչնաֆաբրիկա Գետամեջի 2016» ՍՊԸ-ից գանձվի 2 միլիոն 600 հազար դրամ: Հավելենք, որ Գետամեջի թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին կոնցեռնի» սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում: Չի բացառվում, որ նախկին տնօրենի դեմ պարտքերի բեռն էլ այսօր մնացել է Արտյոմ Մովսեսյանի ուսերին: