ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՌՌԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվության մեջ հետաքրքիր արձանագրում կար, որը, սակայն, մանրամասն քննարկումների առարկա չդարձավ: Այնինչ՝ գործադիրը կամա, թե ակամա կարեւոր փաստ էր բացահայտել՝ հիմնավորելով տեսակետը, որ հարկահավաքչության բնագավառում շարունակում են նախորդներից մնացած «լավագույն» ավանդույթները: Խոսքը գերավճարների մասին է, երբ հարկատուն իր ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելուց բացի՝ հավելյալ հարկ է վճարում:

Կառավարությունն, իհարկե, իր հաշվետվության մեջ որպես ձեռքբերում նշել է, թե գերավճարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 6.4 մլրդ դրամով: Եւ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ: Բայց արի ու տես, որ հիմնական ինտրիգն էլ հենց այս թվի մեջ է, սա կառավարության ամենամեծ բացահայտումն է:
Բանն այն է, որ պետական եկամուտների կոմիտեն եռամսյակային կտրվածքով ներկայացնում է խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի հիման վրա ամփոփ ցուցանիշները: Ըստ այդ փաստաթղթերի՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 138.2 մլրդ դրամի գերավճար, իսկ հուլիսի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների գերավճարներն ավելացել են 13.5 մլրդ դրամով՝ կազմելով 151.7 մլրդ: Ուշադրություն դարձրեք՝ ՊԵԿ-ը ներկայացրել է միայն խոշոր հարկ վճարողների գերավճարները: Այնինչ՝ ըստ կառավարության՝ գերավճարներն ընդհանուր առմամբ կազմել են 265.4 մլրդ դրամ: Ստացվում է՝ գերավճարների մյուս մասը, որ կազմում է ավելի քան 110 մլրդ դրամ, փոքր ու միջին հարկատուներից գանձված գումարն է:
Այլ կերպ ասած՝ կառավարությունը բյուջեի մուտքերը շարունակում է ապահովել գործարարներից կանխավճարներ «պոկելու» միջոցով, ընդ որում, կանխավճարներ ստիպում են վճարել ոչ միայն խոշոր բիզնեսին, այլ նաեւ մանր ու միջին ձեռնարկատերերին:
Գերավճարների խնդրին անդրադարձ բազմիցս է եղել. միջազգային ֆինանսական կառույցները, մասնավորապես Համաշխարհային բանկը, կառավարությանը պարբերաբար նախազգուշացրել է նման պրակտիկայի հետեւանքների մասին, ընդ որում, հատուկ ընդգծելով, որ գերավճարներ հավաքում են ոչ միայն խոշոր հարկատուներից, այլեւ փոքր ու միջին ձեռնարկատերերից:
Գերավճարներից դժգոհել էին նաեւ խոշոր հարկատուները 2016թ. դեկտեմբերի 14-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Ըստ կառավարության հաղորդագրության. «Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող եւ այլ հարցեր: Անդրադառնալով գերավճարների խնդրին՝ վարչապետը նշել է, որ հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց: «Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել: Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաեւ դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած: Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, եւ միեւնույն ժամանակ, մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք»,- իր հերթին ասել էր Կարեն Կարապետյանը:
Ու փաստորեն, պետք է արձանագրենք՝ այդ հանդիպումից հետո այդպես էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել՝ խնդիրը լուծելու համար:
Այնինչ՝ այդ գումարները գործարարները կարող էին շրջանառության մեջ դնել եւ շահույթ ստանալ: Իսկ այսպես նրանք զրկվել են շահույթից, քանի որ 256.4 մլրդ դրամն անտոկոս վարկի նման տվել են պետությանը: Եւ այդպես են վարվել ոչ միայն խոշոր գործարարները, այլեւ փոքր ու միջին ձեռնարկատերերը:
Մեկ էական փաստ եւս. թեեւ գերավճարներն օրենքով չեն համարվում պետական պարտք, բայց փաստացի ստացվում է, որ պետությունը գործարարներից այդ գումարը վերցրել է պարտքով: Ըստ այդմ, սա ոչնչով չի տարբերվում պետական ներքին պարտքից: Ու այս տրամաբանությամբ կստացվի, որ ՀՀ պետական պարտքը ոչ թե 6 մլրդ 259.5 մլն դոլար է, այլ մոտ 550 մլն դոլարով ավելի: Որքան էլ կառավարությունն առարկի այս պնդմանը՝ մեջբերելով օրենսդրությունից տարբեր դրույթներ, իրականությունը դրանից, միեւնույն է, չի փոխվի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՎԱՂՈՒՑ ՈՐՈՇՎԱԾ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսում նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որեւէ մեկը չի մտածում Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու մասին՝ համարելով այդ հարցը վաղուց լուծված: Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գորիսի քաղաքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը, սակայն, քաղաքապետարանի հետ որեւէ առնչություն չունի: Այնինչ՝ ընդունված կարգ է, որ քաղաքապետի հրաժարականից հետո սովորաբար պաշտոնակատար է դառնում փոխքաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Այս անգամ այդպես չեղավ, եւ կատարվածը լուրջ տարակուսանք է առաջացրել գորիսեցիների մոտ: Ու ենթադրվում է՝ իշխանություններն ի սկզբանե Առուշանյանին պատրաստում են այդ պաշտոնում «ընտրելու» համար՝ 26-ամյա երիտասարդի ձեռքին տալով մեծ լծակներ: Իսկ ինչո՞ւ է իշխանությունների ընտրությունը կանգ առել հենց նրա վրա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մարզպետ Վահե Հակոբյանը ինքնաբացարկ տվեց, եւ վարկանիշային համակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Առուշանյանը պետք է խորհրդարան գնար, սակայն նրա փոխարեն պատգամավոր դարձավ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Ավետ Ադոնցը, իսկ Առուշանյանին էլ ավելի յուղոտ պաշտոն էին խոստացել` ասելով, թե մի քանի ամիս համբերի: Ենթադրվում է՝ այդ յուղոտ պաշտոնն էլ հենց քաղաքապետի աթոռն է:

 

 

ՏԵՍՈՒՉԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Արման Մացակյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզեցինք, որ Արման Մացակյանը իր կողմից սպասարկվող տեղամասում, մասնավորապես Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի տարածքում, տեսել է մի կնոջ՝ Աբովյան քաղաքի բնակչուհի Աննա Հովհաննիսյանին, որը կրել է ոսկյա շղթա: Ոստիկանության պաշտոնյան, մոտենալով կնոջը, նրա պարանոցից պոկել է վզնոցն ու փախուստի դիմել, սակայն դրսում հավաքված մարդիկ կարողացել են բռնել տեսուչին: Կատարած արաքի համար Արման Մացակյանին մեղադրանք է առաջադրվել 34-176-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ հանցափորձ եւ կողոպուտ: Փաստորեն, որքան էլ ցավալի հնչի, բայց փաստ է, որ տեսուչը իր հսկողության տակ գտնվող համայնքի բնակիչներին պաշտպանելու փոխարեն նրանց կողոպտում է: Իսկ հետո էլ մարդիկ զարմանում են, որ Հայաստանում քրեական տարրերը գնալով ավելի ու ավելի անարգել են գործում: Ի դեպ, ըստ աբովյանցիների՝ Արման Մացակյանը ապահով ընտանքից է, եւ զարմանալի է, որ նման քայլի է գնացել:

 
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ վերարտադրման պրոցեսն անընդունելի է «ԵԼՔ» դաշինքի համար: Նրա կարծիքով՝ այս խնդիրը եւս տեղավորվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջների մեջ: «ԵԱՏՄ երկրներում առկա ավտորիտար մեթոդները շարունակական ներմուծում են ունենում Հայաստանի Հանրապետություն: Այս իմաստով Հայաստանի ԵԱՏՄ-ականությունը, եթե կուզեք՝ Հայաստանի ադրբեջանականացումն անընդունելի է: «ԵԼՔ» դաշինքն իրենից կախված ամեն ինչ կանի՝ նման սցենար թույլ չտալու համար»,-ասաց նա: Խոսելով 2018թ. Կարեն Կարապետյանի՝ վարչապետի թեկնածության մասին՝ ասել է, թե իրենց համար ցանկացած ՀՀԿ-ականի թեկնածություն անընդունելի է:

 

 

ԹՇՆԱՄԻ ՉՈՒՆԻ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության փոփոխության միակ հնարավորությունը նպատակների ու առաջնահերթությունների վերացումն է: «Նույն համաձայնագրով նախատեսված է, որ մի կողմը մյուսին տեղյակ պահելով՝ կարող է դուրս գալ կոալիցիայից»,- ասել է նա` հիշեցնելով, որ ժամանակին իրենք կոալիցիայից դուրս եկան այն պատճառով, որ խախտվել էր նպատակների տրամաբանությունը: «Մենք որեւէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք: Մեր երկրում առավել եւս մենք չունենք որեւէ թշնամի: Ունենալով գործընկերներ՝ կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ»,-նշել է նա: Ըստ Ռուստամյանի՝ եթե գործընկերները պատրաստ լինեն համագործակցելու, իրենք եւս պատրաստ են: Ավելին՝ այսօր էլ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների հետ իրենք համագործակցում են օրինագծերի շուրջ:

 

 

ԶՐԿՎԵԼ Է
Ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ Հայաստանը եվրոպական վճարունակ եւ օրինապահ շուկան փոխեց կասկածելի եվրասիականի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելով, շատ հնարավորություններից է զրկվել: «Հակառակ օրինակն է հարեւան Վրաստանը: Ոչ ոք չի ժխտի նրա զարգացման տեմպերն ու լավ իրավիճակը՝ ի տարբերություն մեզ»,-նշել է պատգամավորը:




Լրահոս