ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար եւ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրատարակել է իր նոր գիրքը, որտեղ մանրամասնորեն խոսում է անցած նախագահական ընտրությունների մասին: Քլինթոնը այդ գրքում պատմում է դեպքերի զարգացման իր տպավորությունների մասին, ինչպես նաեւ արդարանում իր պարտության համար: Գրքի վրա նետած ընդհանրական հայացքն իսկ բավական է՝ հասկանալու համար, որ Քլինթոնը իր պարտության համար մեղադրում է բոլորին, բացի իրենից: Սա լիովին ծանոթ մի պատկեր է, որ հանդիպում է հայաստանյան քաղաքական գործիչների շրջանում:

Իր գրքում, որը վերանագրված է «Ինչ պատահեց», Քլինթոնը անդրադառնում է նախագահական ընտրարշավի գրեթե բոլոր անկյուններին` քննելով իր մրցակիցներին ու հակառակորդներին առանձին-առանձին: Նա Թրամփի քարոզարշավը անվանում է «Պատերազմ ճշմարտության դեմ», որը 2016թ. հասել էր իր գագաթնակետին: Նա մեղադրում է Թրամփին սուտ խոսելու ու դրանք տարածելու, ինչպես նաեւ մարդկանց այդ ստերին հավատացնելու մեջ: Նա արձանագրում է, որ վարել է նախընտրական քարոզարշավը դասական քաղաքական պայքարի կանոններով, մինչդեռ Թրամփը հանդես է եկել որպես հեռուստատեսության աստղ, որ շահարկել է ընտրողների դժգոհությունն ու զայրույթը: Քլինթոնը քանիցս անվանարկում է Թրամփին` նրան անվանելով ապագաղափարական, վտանգավոր մարդ ոչ միայն ամերիկացիների, այլեւ ամբողջ աշխարհի համար: Կռվում պարտվելուց հետո թափահարելով բռունցքները` Քլինթոնը, փաստորեն, անկարող է վեր կանգնել իր անձնական զգացումներից եւ ստիպված է կրկին ու կրկին մեղադրել իր մրցակցին, որը արդեն իսկ հաղթել է ու դարձել նախագահ: Ի դեպ, Թրամփը նույնպես մինչ օրս Թվիթերում ժամանակ առ ժամանակ հիշում է Քլինթոնին ու իր հին ոխը:
Ձախողման համար Քլինթոնը առաջինը մեղադրում է ներկուսակցական պայքարում մրցակից Բեռնի Սանդերսին, որը, ի վերջո, սատարել էր նախկին պետքարտուղարին: Վերջինս, սակայն, պնդում է, որ Սանդերսի քննադատությունը մեծ վնաս հասցրեց իր քարոզարշավին՝ թույլ չտալով կարճ ժամանակում համախմբել կուսակցության բաժանված թեւերն ու ճանապարհ հարթելով Թրամփի հաջողության համար: Իր ձախողման հաջորդ պատճառ է հռչակում ռուսական գործոնը: Համարելով, որ Թրամփը հաջողել է ռուսական աջակցությամբ՝ Քլինթոնը դա բացատրել է ՌԴ նախագահ Պուտինի դժկամ վերաբերմունքով իր հանդեպ: Ըստ նրա՝ Պուտինի հետ հարաբերությունները վաղուց են լարված, որը պայմանավորված է ՌԴ նախագահի արհամարհանքով կանանց եւ բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք ի վիճակի են դեմ կանգնելու իրեն: Քլինթոնը եզրակացնում է, որ այդկերպ ինքը կրկնակի խնդիր էր Պուտինի համար, որն էլ անձնական վրեժխնդրությամբ է առաջնորդվել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելիս: Մեղավոր է հռչակվում նաեւ այնժամ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին, որը ընտրություններից 11 օր առաջ հայտարարել էր Քլինթոնի նամակների առթիվ հարուցված քրեական գործի վերաբացման մասին: Քոմիի հայտարարությունը որակելով իբրեւ «դրամատիկ միջամտություն»՝ նախկին առաջին տիկինը հենց դա է համարում ընտրությունների ելքը վճռած գործոնը: Չի շրջանցվում նաեւ գենդերային թեման, որի համատեքստում Քլինթոնը պնդում է, որ սեքսիզմն ու կնատյացությունը մեծ դեր խաղացին 2016թ. ընտրության ժամանակ: Նա հիշատակում է Թրամփի հայտնի սկանդալային ձայնագրությունը, որտեղ նախագահը վուլգար արտահայտություններ էր արել կանանց հասցեին, ու զարմանում, թե ինչպես կարելի էր այդքանից հետո քվեարկել Թրամփի օգտին: Ի դեպ, գնահատելով Թրամփի երդմնակալության արարողությունը՝ Քլինթոնը խոստովանում է, որ տատանվում էր՝ մասնակցե՞լ դրան, թե՞ ոչ, սակայն նախկին նախագահներ Ջորջ Բուշի ու Ջիմի Քարտերի հետ խոսելուց հետո որոշել է անմասն չմնալ: Իսկ Թրամփի նախագահական առաջին ելույթն էլ գնահատել է Բուշի՝ այդ պահին հնչեցրած դիտարկմամբ.«Դա մի տարօրինակ աղբ էր»:
Թեպետ Քլինթոնը նշում է, որ պատասխանատվությունն իր վրա էր եւ սխալների ու բացթողումների հասցեատերն էլ ինքն է, սակայն գրքի ընդհանուր բովանդակությունն ու շարադրանքը ընթերցողից վանում են թեկնածուի մեղավորությունը: Նա ակնհայտորեն հրաժարվում է առարկայական պատասխանատվություն վերցնել, քանզի մեկ-երկու չնչին բացառություններից բացի՝ չի խոսում խոշոր սխալներից:
Սա չափազանց ծանոթ իրավիճակ է հայկական իրականության համար, որտեղ քաղաքական ու պետական գործիչները պատվից ցածր են համարում սեփական սխալներից խոսելը: Եթե համեմատության ելակետ վերցնենք ՀՀ նախագահներին ու նախագահության իրական հավակնորդներին, սեփական սխալները ընդունելու փաստերը մեկ ձեռքի մատների վրա կարելի կլինի հաշվել: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997թ. մամուլի ասուլիսում ընդունել էր, որ մի շարք սխալներ էր գործել կադրային քաղաքականության հարցերում, իսկ 2007թ. կոնկրետ ներողություն էր խնդրել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու ու ժողովրդի վզին փաթաթելու համար: Ռոբերտ Քոչարյանը երբեւէ չի խոսել իր սխալների մասին՝ հավանաբար դա թուլություն համարելով: Նույնպիսի տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ Սերժ Սարգսյանը, որի համար սխալների ընդունելու պահը դեռ չի հասունացել՝ մինչեւ 2040 թվականը իշխելու նկրտումներին հակառակ: Իսկ ընդդիմության առաջնորդներից, օրինակ, Վազգեն Մանուկյանը երբեք չընդունեց, որ ԱԺ-ի գրավումը մեծագույն հարված էր նորանկախ պետականության հիմքերին, որից մինչ օրս վերականգնվել չի ստացվում: Ստեփան Դեմիրճյանն ընդհանրապես քաղաքական հաշվետվության հետ առնչություն չունի, որին ինչ-որ իմաստով երկրորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդ, Հայաստանի քաղաքական-պետական գործիչների ճնշող մեծամասնությունը կա՛մ չի խոսում սեփական սխալներից, կա՛մ էլ համոզված է իր քայլերի գերճշմարտացիության հարցում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ի ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ
«Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի հանված սարքավորումները տեւական ժամանակ է՝ չեն վաճառվում գնորդ չլինելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի են հանվել ընկերությանը պատկանող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող արտադրական շինություններն ու հողատարածքը, որոնց արժեքը կազմում է 1 մլրդ 91 մլն 250 հազար դրամ: Բացի այս՝ վաճառքի է հանվել նաեւ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող արտադրական շինություններն ու հողատարածքները` 175 մլն 162 հազար դրամով: Իսկ նույն մարզի Ագարակ գյուղում գտնվող արտադրական շինություններն ու հողատարածքները արժեն ավելի քան 6.8 մլն դրամ: Վաճառվում են նաեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գտնվող արտադրական շինությունները` 57 մլն 146 հազար դրամով:
Իսկ ընկերության սարքավորումները, որոնք կիրառվել են թթվասեր, կաթնաշոռ արտադրելու նպատակով, նույնպես վաճառվում են: Օրինակ՝ կաթնաշոռի վաննաները, որոնց յուրաքանչյուրը արժի 270 հազար դրամ, գրավադրված են «Էյչ-Էս-Բի-Սի բանկ»-ում: Ըմպելի յոգուրտի սարքը 1 մլն 800 հազար դրամով է վաճառքի հանված: Նշենք, որ վաճառքի հանված սառնարանների, պոմպերի, կարագ կտրող սարքերի եւ այլ սարքավորումների ընդհանուր գինն արժի 1 մլրդ 245 մլն 860 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա դեկտեմբերի 19-ի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել: Ինչպես հայտնի է՝ այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է, որն էլ գնելով գործարանի գույքը եւ ապրանքանիշը, փոխել է իրավաբանական հասցեն, ապա ընկերությունը գրանցել է նույն անվան տակ, բայց Արցախում: Այս ամենի արդյունքում ընկերության` ՀՀ բյուջեի նկատմամբ ունեցած հարկերը այդպես էլ չեն վճարվել: Բայց նոր սեփականատերերին, կարծես թե, չեն հուզում այդ պարտքերը: Իսկ «Աշտարակ կաթ»-ով այժմ զբաղվում են Արայիկ եւ Արտակ Ասատրյանները: Ի դեպ, Արա Ասատրյանը մի քանի տարի է՝ ԱՄՆ-ում է ապրում: Նա հենց ԱՄՆ-ից է կաթի փոշի եւ սուրճ առաքում Հայաստան: Իսկ Արտակ Ասատրյանն աշխատեցնում է Երեւանի «Ակբար թեյ»-ի գրասենյակը: Ասատրյան եղբայրները հիմա ներկայացվում են որպես «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի պատասխանատուներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԳԱՅԼԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԳՅՈՒՂ

Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքում տեղի է ունեցել տարվա՝ այս շրջանի համար տարօրինակ մի դեպք: Գիշերը երկու գայլ է մտել Մկրտիչ Մելիքյանի տան բակ ու հոշոտել 6 գառ: Եւս 4 գառ փախել են:

Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, թե. «Գիշերը երեքին շունը հաչում էր, բայց չպատկերացրի, որ գայլերը կարող են մտած լինել: Առավոտյան հինգին դուրս եկա տնից եւ այգում հայտնաբերեցի հոշոտված գառներին»: Համայնքի ղեկավար Սուրիկ Տռուզյանը, տեղեկանալով դեպքի մասին, հանձնաժողով է կազմել եւ անասնաբույժի հետ այցելել է Մելիքյաններին: Ըստ անասնաբույժի եզրակացության՝ վիրավորված եւ հոշոտված գառների միսը ենթակա չէ օգտագործման, քանի որ կարող է վարակված լինել:
Գայլերի հարձակումը Մելիքյանների ընտանիքին պատճառել է շուրջ 380 հազար դրամի վնաս: Ընտանիքը կենդանիներին ձեռք էր բերել վարկով:
Ըստ տեղի բնակիչների՝ այսպիսի դեպք վերջին վեց տարիների ընթացքում չի եղել. «Սարերում հաճախ են գայլերի հարձակումներ լինում, բայց որ սեպտեմբեր ամսին իջնեն գյուղ, վաղուց չի եղել»:

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՈՅԱՆ
Լոռի




Լրահոս