ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԿԱՐ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շոու-բիզնես վերադառնալու, ստեղծագործական ծրագրերի, ընտանեկան կյանքի ու դստեր մասին զրուցել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ։

-Հասմի՛կ, որքանով տեղյակ ենք՝ Ձեր դստեր ծնունդով պայմանավորված՝ երկար դադարից հետո պատրաստվում եք վերադառնալ երգարվեստ, ճի՞շտ է։
-Կարող եմ ասել, որ այո, սա ինչ-որ առումով վերադարձ է երգարվեստ։ Պարզ է, որ կինն ընտանիք կազմելուց հետո չի կարող մի քանի կես լինել։ Մինչ այդ բեմական կյանքին շատ ժամանակ էի տրամադրել, հետո եկավ պահը, որ ժամանակ տրամադրեմ ընտանիքիս։ Բայց միանշանակ կարծում եմ, որ ոչ մի ստեղծագործող մարդ չի կարող ապրել առանց ստեղծագործելու։ Ես զգացի, թե որքան էի կարոտել բեմը, իմ երկրպագուներին։ Շատ ուրախ եւ շնորհակալ եմ, որ առ այսօր նրանք սպասում են ինձ, իմ երգերին։ Հենց դա էլ խթան հանդիսացավ, որ ուժերս ու համբերությունս հավաքեմ ու սկսեմ ներկայանալ նոր երգերով ու տեսահոլովակներով։ Այսպիսով՝ նկարահանել ենք նոր տեսահոլովակ՝ «Դու պիտի ապրես» երգի հիման վրա, երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է ԴերՀովան։ Տեսահոլովակը պատարստ է, եւ շուտով թիզերը կհայտնվի եթերում։ Այժմ արդեն պլանավորում ենք կազմակերպել տեսահոլովակի շնորհանդեսը։ Ինքս շատ կարոտել եմ երկրպագուներիս, եւ սա եւս մեկ առիթ է՝ տարիներ անց հանդիպելու, շփվելու նրանց հետ անկեղծ միջավայրում, հնարավորություն է՝ կիսվելու նրանց հետ իմ հույզերով եւ սպասումներով։ Բացի այդ՝ առաջիկայում հանդես կգամ մեկ այլ համագործակցությամբ եւս։
-Նկատի ունեք այն, որ կրկին ներկայանալու եք որպես հաղորդավա՞ր։
-Այո՛, բայց դեռ չեմ բացի փակագծերը, թող մանրամասներն անակնկալ մնան։ Ես որքան խուսափում եմ հաղորդավարությունից, էլի ինձ «բերման են ենթարկում»՝ մտածելով, որ, այսպես ասած, սազում եմ այդ ձեւաչափին։
-Ընտանիք կազմելուց, մայրանալուց հետո ստեղծագործական ի՞նչ նոր հորիզոններ են բացվել Ձեր առջեւ։
-Հետաքրքիրն այն է, որ դստերս՝ Տաթեւի ծնունդից հետո դեռ մեկ երգ է ծնվել։ Բայց այդ մասին դեռ չեմ խոսի, թող կրկին անակնկալ մնա, բոլոր բացահայտումները կանեմ տեսահոլովակի շնորհանդեսի օրը։ Բայց պետք է խոստովանեմ, որ իմ դեպքում մեծ քանակությամբ ստեղծագործություններ ծնվում են նեգատիվ ապրումներից, չգիտեմ՝ ինչու է այդպես։ Բայց երեւի դա բալանս է. նեգատիվ ապրումները պետք է գեղեցիկ ձեւով արտահայտվեն, տարիների ընթացքում դա հասկացել եմ…
-Իսկ, այնուամենայնիվ, վերադառնալով շոու-բիզնես՝ նույն ակտիվությամբ կգործե՞ք այդ դաշտում։
-Չեմ ուզում նման բան խոստանալ, որովհետեւ երբ արդեն մայր ես, պատասխանատու ես փոքրիկ հրաշքի համար, ուստի քո ամեն քայլը պետք է համաձայնեցնես նրա հետ։ Իսկ իրապես սիրող մայրն ինքը պետք է համակերպվի փոքրիկի հետ, ոչ թե հակառակը
-Հասմի՛կ, հատկապես ստեղծագործող մարդու համար որեւէ մեկի հետ մեկ տանիքի տակ ապրելը հաճախ խնդրահարույց է լինում։ Ձեր դեպքում ինչպե՞ս ամեն բան դասավորվեց։
-Այո՛, հատկապես երբ երկուսն էլ կայացած մարդիկ են, տարբեր բնավորություններ ունեն, ամեն մեկը փորձում է դիմացինին իրենը թելադրել, ուստի ժամանակ է հարկավոր, որ ընդհանուր հայտարարի գան։ Փառք աստծո, ինձ մոտ ամեն բան լավ ստացվեց։ Ընդհանրապես իր դրսեւորումներով ամենաբարդը ընտանեկան կյանքն է, այս դեպքում զույգին պետք է օգնության գան սերը, հարգանքը, փոխզիջումը։ Տարիների ընթացքում համոզվում ես, որ կնոջից շատ բան է կախված։ Թող տղամարդիկ ինձնից չնեղանան, բայց կինն օժտված է խորը իմաստությամբ, եւ միայն նա կարող է ղեկավարել ինչ-որ բան, բայց ցույց չտալ դա։
-Մարգարետ Թետչերն ասել է. «Հավն ավելի վաղ է իմանում, որ լույսը բացվել է, բայց թողնում է, որ այդ մասին աղաղակի աքլորը»…
-Իմաստուն խոսքեր են։ Ես իմ տեսակով այդպիսին չեմ, բայց կյանքը օրեցօր, կաթիլ առ կաթիլ սովորեցնում է այդպիսին լինել։ Ընտանիքը պահանջում է երկկողմանի ջանք, հակառակ դեպքում այն կփլվի։
-Մի փոքր պատմեք Ձեր դստեր մասին։ Ի՞նչ երազանքներ եք կապում նրա հետ։
-Առհասարակ, ես շատ եմ սիրում էմոցիոնալ, ոգեղեն մարդկանց, սակայն կյանքը, իմ անձնական փորձը ցույց են տալիս, որ հավասարակշռված մարդիկ ավելի հեշտ են ապրում, ճիշտ որոշումներ են կայացնում, որովհետեւ մարդու ուղեղը նրա ամենազգոն օրգանն է, իսկ սիրտը հաճախ հուշում է այն, ինչ ուզում է տեսնել տվյալ մարդը։ Աստծուց խնդրում եմ, որ դուստրս լինի երջանիկ, ռեալիզացվի իր աշխատանքի մեջ եւ լինի ավելի հավասարակշռված, քիչ էմոցիոնալ, քան իր մայրը։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 
ԼԱՅԱՆԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Լայանան (Լիաննա Թեւոսյան) չի երեւում էկրաններին, ակտիվություն չի ցուցաբերում շոու-բիզնեսում։ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվել է պատճառների մասին։

Պարզվում է՝ երգչուհին ընտանյոք հանդերձ պատրաստվում է առաջիկայում լքել Հայաստանը. «Ամուսնուս գործի բերումով այնպես է ստացվել, որ որոշ ժամանակ անց, թերեւս արդեն մյուս տարի, ընտանիքով բնակություն կհաստատենք Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ է պատճառը, որ ստեղծագործական դադար եմ վերցրել եւ այս պահին, օրինակ, նոր տեսահոլովակ թողարկելու մասին չեմ մտածում»,- մեկնաբանեց Լայանան։
Հարցին, թե արդյո՞ք երգչուհին պատրաստվում է մշտական բնակություն հաստատել արտերկրում, վերջինս պատասխանեց. «Դա կախված է ամուսնուս գործերից։ Եթե ամեն բան հաջող ընթանա, թերեւս կմնանք»։
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Լայանան այդ դեպքում չի հեռանա երգարվեստից, շոու-բիզնեսից. «Գիտե՞ք՝ երբ ընտանիք ես ունենում, քեզ համար առաջնայինն այն է, որ ընտանիքիդ անդամների հետ լինես, որ սատար կանգնես նրանց։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ չեմ դադարի երգել, գուցե Ռուսաստանում ինչ-որ ակումբներում կամ ռեստորաններում երգեմ, տեսնենք, կյանքը ցույց կտա։ Համենայն դեպս, ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երգի, առանց արվեստի»։
Լայանան նաեւ տեղեկացրեց, որ մտադիր է Ռուսաստանում կարուձեւով, հագուստի մոդելավորմամբ զբաղվել, ինչո՞ւ ոչ, գուցե նաեւ սեփական ատելյեն ունենալ, բիզնեսով զբաղվել. «Փոքրուց զբաղվել եմ կարուձեւով, հիմա, արդեն փորձում եմ մասնագիտանալ այդ գործում։ Կարծում եմ՝ վատ չի ստացվի»,- ասաց նա։
Երգչուհուց, որն արդեն դուստր ունի, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք երկրորդ երեխա լույս աշխարհ բերելու ցանկություն ունի. «Այո՛, ասեմ, որ պլանավորում ենք հաջորդ տարի երկրորդ երեխան ունենալ, Աստված առաջ։ Առհասարակ, ես սիրում եմ ամեն բան պլանավորել։ Իսկ ընտանիքը համալրելու ցանկություն, իսկապես կա»,-եզրափակեց նա։

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս