ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Այս չորքոտանիները լավ տեղավորվել են Կառավարության շենքի դիմացի ծաղիկների մեջ։ Կարելի է ենթադրել, որ նրանք բողոքի լուռ ակցիա են անցկացնում, միայն թե նրանց հասկացող չկա։

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս (ի՞նչ դրույքաչափերով) է հաշվարկվում հողի հարկը: Եվ ցանկանում եմ իմանալ, թե ո՞ր պահից սկսած է հաշվարկվում այն:

Գարուշ Մուրադյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ` բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական ամառանոցային հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս` 0.5 տոկոսի չափերով: Հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ՀՀ ԿԱ առընթեր կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, իսկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ հողի կադաստրային գնահատման արժեքը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս է տեղի ունենում ծնողական իրավունքներից զրկելու գործընթացը: Ո՞վ կարող է դիմել, եւ ի՞նչը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ծնողական իրավունքներից զրկեն ծնողին:

Վարսեր Հակոբյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծնողական իրավունքներից զրկելու հայցով դատարան ներկայանալու իրավունք ունեցող անձինք են՝
– ծնողներից որեւէ մեկը, ով բարեխղճորեն կատարում է ծնողական պարտականությունները
– որդեգրողը կամ խնամակալը,
– որդեգրած ծնողները,
– դատախազը, հոգաբարձության եւ խնամակալության մարմինները,
– առողջապահության հաստատությունները,
– հաստատություններ, որոնք նախատեսված են ինչպես որբ, այնպես էլ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:
– բարեկամ, ում ընտանիքում բնակվում է երեխան, եւ ով, ըստ էության, դաստիարակում է նրան:
Ծնողական իրավունքներից զրկելն իրականացնում է դատարանը՝ հոգաբարձության եւ խնամակալության մարմինների մասնակցությամբ: Դատարանը միաժամանակ լուծում է ծնողական իրավունքից զրկված ծնողներից (նրանցից մեկից), երեխայի համար ալիմենտի բռնագանձման հարցը: Ծնողական իրավունքից զրկումը ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից: Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը, կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը եւ եթե չի հակասում երեխայի շահերին:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ բարեկամների հետ` հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից:




Լրահոս