Պարզվում է՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն: Բնակվելով Երեւանում՝ իրենց բարձրագույն կրթությունը ստացել են ոչ թե մայրաքաղաքի որեւէ բուհում, այլ սովորելու են մեկնել Գյումրի: Այստեղ նրանք ուսանել են մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանում: Ծիտ մականունով հայտնի Արմեն Սահակյանը բուհ ընդունվել է 38 տարեկանում, եւ ավարտել այն 43 տարեկան հասակում:
Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը եւ չորս տարի անց ավարտել: Դատելով ավագանու վերջին նիստում իրենց օգտագործած բառապաշարից՝ մենք համոզված ենք, որ նրանք ուսումնառության տարիներին նվիրվել են գիր-գրականությանը՝ օր ու գիշեր կրծելով գիտության գրանիտը: Միայն թե, չենք կարող հասկանալ, թե ՀՀԿ-ի ուսումնատենչ ներկայացուցիչներն ինչպե՞ս են համատեղել Գյումրիում իրենց ուսումն ու Երեւանում իրենց աշխատանքը: