Սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորը Վաղինակ Մկրտչյանը վայր էր դրել իր լիազորությունները: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորը որոշել է բիզնեսով զբաղվել:
Նշենք, որ Մկրտչյանը 2003-2007 թվականներին աշխատել է տարբեր համայնքներում դատախազության քննիչ: 2008թ. աշխատել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ:
Իսկ ահա 2013 թվականի հունվարի 24-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ի դեպ, նա դատավոր դարձավ Մարտի 1-ի քրեական գործում որպես քննիչն իր «սեւ գործն» անելուց հետո: Հենց Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների, Մուշեղ Սաղաթելյանի մեղադրական եզրակացությունների տակ: Ավելին՝ հիշեցնենք, որ դատավորն առավել հայտնի դարձավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություններից հետո: Ինչեւէ: 4 տարի դատավոր լինելուց հետո Վաղինակ Մկրտչյանը լքեց դատական համակարգը: Ըստ դատական համակարգում տարածված տեղեկությունների՝ նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ այլեւս չի ցանկանում դատավոր լինել եւ ուզում է բիզնեսով զբաղվել, իսկ ահա լուրեր էլ կան, որ դատավորը դիմում է գրել, քանի որ պատրաստվում է արտագաղթել:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի արդեն նախկին դատավոր Վաղինակ Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, արտագաղթո՞ւմ եք, ի՞նչը Ձեզ դրդեց գնալ այդ քայլին, անարդարությո՞ւնը:
-Արտագաղթո՞ւմ եմ, (ծիծաղում է): Չէ՛, ո՛չ արտագաղթում եմ, ո՛չ որեւէ խնդիր ունեմ, շատ սիրում եմ իմ երկիրը, ուղղակի այլ աշխատանքի պետք է անցնեմ, դրա համար դիմում եմ գրել:
-Դատական համակարգի՞ց եք նոր առաջարկ ստացել, թե՞ այլ համակարգից:
– Ո՛չ, դատականի հետ կապ չունի:
-Իսկ ի՞նչ նոր աշխատանքի եք անցնում, որ ավելի բարձր կարգավիճակ է, քան անկախ դատավորինը:
-Դե, հիմա կարող է լինել մասնավոր սեկտորում, դա կարող է լինել տարբեր տեղեր, կրկնում եմ՝ դատական համակարգի հետ կապ չունի: Մեր համակարգը շատ սիրում եմ, ինձ շատ հոգեհարազատ համակարգ է, ուղղակի այդպես եղավ, այդպես եմ որոշել: Ամեն մարդ իր հարմարություններով եւ իր սեփական կարծիքով է առաջնորդվում: Հիմա կարող է` ինչ-որ մեկի համար լավ է այդ այլ աշխատանքը, կարող է՝ ինչ-որ մեկի համար անհասկանալի է իմ որոշումը, բայց, համենայնդեպս, ես այդպես եմ որոշել:
-Դատավորները վերջին շրջանում շատ են բարձրաձայնում ներքին խմորումների հետ կապված, որ դատական օրենսգիրք է փոխվում, իրենց տեղյակ չեն պահում, որոշումներ են կայացնում, այդ որոշումները կրկին հետ են ուղարկվում իրենց՝ նորից քննություն իրականացնելու համար, դատավորների գլխին շատ գործեր են լցվել, չեն հասցնում: Չդիմացա՞ք այս ներքին խմորումներին ու ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու համար դիմում գրեցի՞ք:
-Ձեզ ասեմ, որ այսքան ժամանակ աշխատել եմ դատական համակարգում, ներքին խմորման ո՛չ ականատես եմ եղել, ո՛չ էլ նման բան լսել եմ: Այդ մի քանի բանը իրականության հետ կապ չունեցող թերթերից եմ լսել, թե չէ, այնտեղ խմորում չկա:
-Վստա՞հ եք:
-Համենայնդեպս, ես մինչեւ դիմումս գրելու պահը ոչ մի խմորում չեմ տեսել, թե հետո ինչ կլինի, ոնց կլինի, չեն կարող ասել: Նշեմ, որ դատական համակարգ է, կարող է՝ գործ լինի, բեկանվի, հետ ուղարկեն քննության, կամ տեղում վճռաբեկը կամ վերաքննիչը լուծի: Այսինքն՝ եթե դատավորները որոշում են կայացնում, դրանց տակ պետք է ենթատեքստեր ման գան: Այն ժամանակ էլ է նույնը եղել, այսօր էլ է նույնը, վաղն էլ նույնը լինելու, 10 տարի հետո էլ է նույնը լինելու: Օրգանիզմ է, մեկը մի կարծիք ունի, մյուսը՝ մեկ այլ կարծիք, դրանից, համենայնդեպս, արդարադատությունը չի տուժում:
-Լուրեր կան, որ բիզնեսով եք զբաղվելու, բիզնեսը նախընտրո՞ւմ եք դատավորի պաշտոնից: Այդ ի՞նչ եկամտաբեր բիզնես է:
-Այ, այդ մեկը չեմ ասի, ամեն մարդ իր անձնական կյանքի իրավունքն ունի, իմ մնացած պլանների մասին թույլ տվեք՝ Ձեզ հետ չկիսվեմ:
Նկատենք, որ դատական համակարգում հանուն բիզնեսի դատավորների կողմից դիմում գրելը նոր երեւույթ չէ: Դեռւես 2014 թվականին դատավորի պաշտոնից ազատվելու համար դիմում էր գրել էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի որդին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանը, որը Սերժ Սարգսյանի կողմից բավարարվել էր: Նշենք, որ դատավորի դիմումի պատճառը եղել էր այն, որ նա դատավոր չէր ցանկանում աշխատել եւ որոշել էր զբաղվել սեփական բիզնեսով:
Քնար Մանուկյան