Տավուշի մարզում կովերն ականապատ դաշտում են արածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում արդեն մի քանի ամիս խիստ երաշտ է: Անձրեւներ չեն տեղում, բարկ արեւից անտառներում ծառերի կատարները կարմրել են, դաշտերը խանձվել են, բուսականությունը՝ չորացել, աղբյուրների ջուրը նվազել է:
Երկարատեւ երաշտի պատճառով Տավուշի մարզի շատ բնակավայրերում խմելու ջրի մեծ պակաս է զգացվում: Արոտավայրերի խոտը չորացել է, անասունները կանաչ խոտ արածելու համար մտնում են անտառի խորքերը կամ գետափնյա կանաչ տարածքներ: Վիճակը բարդանում է այնքանով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու արոտավայրերը հրդեհվել են, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններն այնտեղ արածել չեն կարող: Անասունները կեր հայթայթելու համար երբեմն վտանգավոր գոտիներ են մտնում:

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում՝ համանուն գետի ափին, Ոսկեպարի բնակիչ Մանվել Ալավերդյանի 4 խոշոր եղջերավոր անասունը հայտնվել է ականապատ գոտում: Կենդանիները կարողացել են դուրս գալ ականապատ տարածքից, սակայն կովերից մեկը պայթել է ականի վրա: Հետո վիրավոր անասունը մի կերպ դուրս է եկել սահմանամերձ, ականապատ գոտուց: Վիրավոր կովը տիրոջ կողմից հարկադիր մորթի է ենթարկվել, ինչը թույլ է տվել մեղմել ոսկեպարցի ընտանիքի կրած վնասը: Հավելենք, որ Ալավերդյանների ընտանիքը տուժել է հայ-ադրբեջանական հակամարտությունից: Մանվել Ալավերդյանի հայրը՝ 33-ամյա Հրաչիկ Ալավերդյանը, 1993թ. դեկտեմբերի 9-ին հերոսաբար զոհվեց սահմանագոտում, երբ ադրբեջանական դիրքերը միայնակ հետախուզելու էր գնացել:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս