Քաղաքացու` զինվորական թոշակի անցնելու գործը ձգձգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին դիմելով՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 49-ամյա բնակիչ Վիտյա Խառատյանը դժգոհեց, որ իր զինվորական թոշակի անցնելու գործը ձգձգվում է: Տղամարդը հայտնեց, որ այս տարվա հունիսի 20-ին լրացել է իր 49-ամյակը, իր զինվորական ծառայության ստաժը բավարար է եղել՝ զինվորական թոշակ ստանալու համար, իրեն զորացրել են ՀՀ զինված ուժերից, ինքը հունիսից պետք է զինվորական թոշակ ստանար: Նա այդ նպատակով տարածքի զինվորական կոմիսարիատ է ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը, այնտեղից դրանք ուղարկել են ՀՀ ՊՆ սոցապ վարչության: Սակայն նրան դեռեւս զինվորական թոշակ չեն նշանակել, ՊՆ-ից բանավոր հայտնել են` լիմիտը վերջացել է:

Նախկին զինվորականն ասաց, որ իրեն զինվորական թոշակ նշանակելու գործը հավանաբար պատրաստ կլինի ընթացիկ տարվա նոյեմբերին: Ավագ ենթասպան տարակուսում է, թե ինչո՞ւ իրեն թոշակ նշանակելու գործը չի արվում: Այս առիթով դիմեցինք ՀՀ ՊՆ, որտեղից մեզ ասացին՝ դիմել գրավոր: Մենք հետեւողական կլինենք այս հարցում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս