«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա հունիսին, երբ խորհրդարանը քննարկում էր համայնքների խոշորացման նախագիծը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ակնարկել էր խորոշացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու հեռանկարի մասին, ինչպես այսօր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում է: Այս հարցի վերջնական կարգավորումը, սակայն, նոր Սահմանադրության համաձայն` պետք է տրվի ընտրական օրենսգրքով: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանական կուլիսներում արդեն այս ուղղությամբ լուրջ քննարկումներ են սկսվել:
Ու նախատեսված է, որ 2 տարի անց խոշորացված համայնքներում այլեւս չեն լինելու համայնքային ղեկավարի ուղղակի ընտրություններ. ողջ երկրում ՏԻՄ ընտրությունները եւս կամաց-կամաց պետք է անցկացվեն համամասնական սկզբունքով: Արդյունքում այսօր ստեղծվել է հետաքրքիր վիճակ. շատ համայնքների ղեկավարներ ինքնակամ չեն առաջադրվում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում:
Նաեւ ԲՀԿ-ն, «Ելքը» եւ մյուս ուժերը իրենց թեկնածուներին չեն առաջադրում` պատկերացնելով, որ այս համայնքներում ընտրված անձինք հնարավորություն են ունենալու աշխատել առավելագույնը երկու տարի: Հաջորդ ընտրությունը կլինի կուսակցական սկզբունքով: Դրա համար ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ի խրախճանք են հիշեցնում»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: