Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թե Թուրքիայի, թե Հայաստանի համար վնաս է համարում հարաբերությունների սառած վիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Հայաստան- Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Փայլանը նշեց, որ այցի նպատակը միայն համաժողովը չէր, այլ հայ-թուրքական կապերը, որոնց համար պատգամավորը ցանկանում է լինել կամուրջ:
«Ցանկանում եմ օգնել մի քիչ բացել երկխոսությունը»,- նշեց նա: Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ նա քննարկել է հենց հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:
«Ուրախ եմ, որ Հայաստանը տեսա շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ այս անգամ: Մենք՝ ժողովրդավարներս, ավելի մեծ պատասխանատվություն ունենք, եւ ես այստեղ եմ այդ պատասխանատվության համար»,- ասաց Գարո Փայլանը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր չեղարկմանը` Գարո Փայլանն ասել է. «2009 թվականի պայմանները չկան, երբ ստորագրվեցին արձանագրությունները: Կարևոր բան են արձանագրությունները, բայց պետք է մաքուր թուղթ ունենանք: Դրա համար պետք է երկխոսություն, որի դուռը փակ է, երկխոսություն չկա, դրա համար ես այստեղ եմ, որ երկխոսություն ունենանք, դա կարող է փակ լինել եւ բաց: Հիմա տեսա Հայաստանը պատրաստ է, երկխոսությունը պետք է սկսել»: