ՖՈՏՈ. Արցախի Նորագյուղը նոր մանկապարտեզ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ասկերանի շրջանի ամենամեծ գյուղը՝ Նորագյուղը, չնայած նախադպրոցական տարիքի երեխաների մեծ թվին, մանկապարտեզ չուներ։ Այս փաստը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում էր դեռևս 2011-ից, երբ Հիմնադրամի ծրագրի շրջանակում լուծվեց խմելու ջրի խնդիրը. Նորագյուղի 1500 բնակիչներն ապահովվեցին խմելու ջրի բարեկարգ համակարգով։

2016 թվականից գյուղում սկսեց կառուցվել մանկապարտեզ։ Մանկապարտեզի կառուցման ֆինանսավորումը տրամադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի աջակցությամբ և Արցախի Հանրապետության կառավարությունը։

Բացմանը ներկա էինԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթան։

«Նավթի և գազի փոխարեն մենք այլ հարստություն ունենք՝ մեր կրթությունը։ Յուրաքանչյուր նոր կրթօջախ, որը մենք կառուցում ենք խոսում է Հայաստանի և Արցախի զարգացող ապագայի մասին», – Նորագյուղի մանկապարտեզի բացման արարողությանը ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նշելով, որ հայրենասիրության իսկական դրսեւորում է Հովսեփ Թահթայի օրինակը, ով, ծնվելով եւ ապրելով Հայաստանից հեռու, չի մոռացել հայրենիքը:

«1996թ.-ին Թահթա ընտանիքի կողմից Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում դպրոց է կառուցվել: Այսօր այդ շենքը վերածել ենք մանկապարտեզի, քանի որ տարիների ընթացքում այդ գյուղի երեխաներն այնքան են շատացել, որ նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն է առաջացել:

Այսօրինակ հաջողությունը հնարավոր է դարձել ունենալով, մի կողմից, Հովսեփ Թահթայի պես հայրենասեր բարերարներ, մյուս կողմից՝ բազմազավակ ընտանիքներ, ինչը վերջին տարիների մեր հանրապետության ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա բարերարին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ Արցախի տնտեսության եւ գիտության վերականգնման եւ զարգացման գործում ծանրակշիռ ավանդ ունենալու համար, ինչպես նաև նրան շնորհվեց Նորագյուղի պատվավոր քաղաքացու կոչում։Բարերարը նշել է, որ իր ընտանիքի համար չափազանց կարեւոր է կրթական օջախների ստեղծումը:

«Մեր այսօրվա սերունդը վաղը մեզ է փոխարինելու: Որպեսզի հայրենիքի պաշտպանության եւ զարգացման գործը կիրթ ու զարգացած սերնդի հանձնենք, պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք»,- ասել է Հովսեփ Թահթան:
Նոր մանկապարտեզը երկհարկանի կառույց է` նախատեսված 80-90 երեխայի համար: Առաջին հարկում խաղասենյակներն են, սանհանգույցը, հանդերձարանը, խոհանոցը, լվացքատունը և պահոցներ: Երկրորդ հարկում ննջարաններն են, համակարգչային ուսուցման սենյակը, խաղերի և մարմնամարզության դահլիճը, տնօրենի սենյակը։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել է նաև մանկապարտեզի շրջակա տարածքը։

Հայաստան համահայկական հիմնադրամ




Լրահոս