Կարեն Կարապետյանը տեղյա՞կ է իր հանձնարարականներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ինքը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարական չի տվել: «Ես շատ պարզ ձեւակերպեցի` նման հանձնարարական չի եղել», – նշեց նա:

Նշենք, որ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ խոսվում է, եւ քննադատության ենթարկվում այն հանգամանքը, որ ռուսաց լեզուն առանձնացվում է մյուս օտար լեզուներից: Իսկ ի՞նչ հայեցակարգի մասին է խոսքը:

Նշենք, որ այդ հայեցակարգը նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 11-ից: Փաստաթղթում հայերեն նշված է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է, թե «Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը կարեւորագույն խնդիրներից է»: Սա նշանակում է, որ կա՛մ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ իր հանձնարարականներից, որ տալիս է, կա՛մ ստում էր՝ ասելով, թե նման հանձնարարական չի տվել:

Ինչեւէ, այդ փաստաթղթից տեղեկանում ենք, որ ռուսաց լեզվի ազատ տիրապետումն անհրաժեշտ է արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդի ու զարգացման, ինչպես նաեւ աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման հարցում համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցության համար:

Օրեր առաջ էլ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ, լրագրողներ հետ զրույցում խոսելով այդ հանձնարարականի մասին, նշել էր, թե ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու օրակարգ չկա: Միեւնույն ժամանակ դաշնակցական նախարարը ընդգծել էր, թե դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցումը պարտադիր է: «Մենք ուզում ենք ՀՀ մասնագիտական կրթության համակարգը հենվի գիտության վրա, բնագիտական հենքի վրա լինի, պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումը որակապես լավացնել»,- նշել էր նա:

Իհարկե, սպասելի է, որ հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն այդպես ցավագին էր ընդունվելու: Իսկ ի՞նչ է ասվում հայեցակարգում: ԿԳՆ-ն առաջարկում է վերանայել եւ մանրամասնել ռուսաց լեզու առարկայի բովանդակային պահանջները: Առաջարկվում է նաեւ լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն եւ այլն), այսինքն` ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների` հայերենին զուգահեռ դասավանդում:

ԿԳՆ-ն առաջարկում է նաեւ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների, դասարանների (ինչպես նաեւ ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկում անցկացնել, 10-12-րդ դասարաններում ռուսաց լեզուն կարող է հանդես գալ որպես պարտադիր դասընթաց, առարկա` սովորողի ընտրությամբ, դասընթաց` ըստ նախասիրության:

 Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս