Ժիրայր Սէֆիլյանը հասցեական կոչ է արել ընդդիմադիրներին` ստեղծել Ազգային դիմադրության ճակատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ: Նրա կոչում, մասնավորապես, ասված է.

«Անուն առ անուն դիմում եմ այն անձանց (ցուցակը կցում եմ), ովքեր իմ կարծիքով ունակ են համախմբվելու դեպքում կազմակերպել ժողովրդին և վերահաս աղետից փրկել պետականությունը, հայրենաբնակ հայությանը և Հայրենիքի ապագան։

Այո, մեր գոյությանն սպառնացող աղետը վերահաս է և մենք արագացող տեմպերով մոտենում ենք նրան։

Դուք կարիք չունեք հավելյալ բացատրությունների, թե գաղութային համակարգի, դրա գործիք Հայաստանյան վարչակազմի և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի վարած ցեղասպանական քաղաքականության հետևանքով ինչպես է արյունաքամ լինում և կործանվում Հայաստանը։ Կհիշատակեմ միայն մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթը։ Այն առանձին վերցրած բավական է, որ աղետը տեղի ունենա։

Դուք տարբեր ոլորտների և տարբեր հայացքներ ունեցող գործիչներ եք։

Յուրաքանչյուրդ իր պատկերացումներին համապատասխան ձևերով ու մեթոդներով պայքարել և պայքարում է հանուն արդար և ինքնիշխան Հայաստանի։

Սակայն ժամանակն է, որ բոլորդ դուրս գաք ձեր ոլորտներից, թողնեք ձեր առօրյա գործերը, ժամանակավորապես մի կողմ դնեք ձեր տարբերությունները, հրաժարվեք մենակ պայքարելու անարդյունավետ գայթակղությունից և համախմբվեք ու գործեք հանուն աղետը կանխելու և երկրին ու ժողովրդին նոր կյանքի լիցք ներարկելու։

Նպատակի իրագործման և դրա խնդիրների և դրանց լուծման ուղու ճիշտ որոշումը կարող է և պետք է դառնա գործի հաջողության հիմնական գրավականը։

Մեր երկիրը գաղութացված է, պետությունը դարձել է պետականությանը և ժողովրդի գոյությանը սպառնացող մեքենա, ուստի մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։

Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.

ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,

բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,

գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։

Մեր իրականության և պայքարի պայմանները, առաջին հերթին՝ այն հանգամանքը, որ հանցավոր վարչակազմը, նյուրենբերգյան դատավարության ժամանակ հիտլերականներին տրված դիպուկ բնորոշմամբ, զավթել է պետությունը և այն դարձրել իր հանցագործությունների գործիք, պարտադրում են հրաժարվել համակարգը ներսից էվոլյուցիոն ճանապարհով փոխելու պատրանքներից, ընտրությունների միջոցով վարչակազմին հեռացնելու փորձերից, վերջ տալ ինքնախաբեությանը և որդեգրել ելքի միակ ուղին՝ ժողովրդային ընդվզումը։

Հարկ կլինի իսպառ հրաժարվել համակարգի ներսում՝ նրա կանոնների համաձայն գործելու, «լեզու գտնելու», փոքր գործեր անելու, մասամբ բարելավման հասնելու, առհասարակ՝ կարմիր գծերից խուսափելու և ցեղասպան համակարգի կառավարումը երկարաձգող, ուստի՝ աղետը մոտեցնող, այլ քայլերից և կազմակերպվել ու պայքարել արտահամակարգային (ոչ արտախորհրդարանական, որը նույն համակարգայինն է) ձևաչափով՝ ստեղծելով Ազգային դիմադրության ճակատ ու ցանցային սկզբունքով դրա կազմակերպական բջիջներ ձևավորել Հայաստանում (Արցախը ներառյալ) ու Արտերկրում։

Ճակատի ստեղծած արտահամակարգային քաղաքական բևեռը ժողովրդին ցույց կտա մինչ օրս բացակա այն այլընտրանքը, որը փարոս և ուղենիշ կդառնա նրա համախմբման համար։ Նրա միտքը և խոսքը պետք է նոր և նորարար, ազատ և ստեղծագործ լինի։

Իրավունք՝ համակարգի անիրավ օրենքների փոխարեն, սահմանադրականություն՝ պարտադրված «սահմանադրության» փոխարեն, ապստամբության իրավունք և ապստամբություն՝ համակարգի բռնության ոչ լեգիտիմ մենաշնորհի փոխարեն, Հայրենիքի իրավունքի և 1-ին Հանրապետության ժառանգորդություն՝ դրանց զավթման և բռնադատման արդյունք ՀԽՍՀ-ի ժառանգորդության փոխարեն, Արցախի միացում՝ այն ռուս-թուրքական առևտրի ռեսուրսի վերածող կեղծ անկախության փոխարեն։

Համոզված եմ, որ նման լայն ճակատը մենակ չի մնալու։ Նրան աջակցելու են քաղաքագետներ, իրավաբաններ, այլ ոլորտների փորձագետներ ու մասնագետներ, իրավապաշտպաններ, հեղինակավոր անհատներ։

Ժամանակն է, որ դուք ազգին ու Հայրենիքին վերադարձնեք այն ամենը, որ ստացել եք որպես շնորհներ, հարգանք, հեղինակություն և կարգավիճակ։

Սարդարապատային ներկայիս իրավիճակում ձեր պարտքն է զանգեր հնչեցնել և ժողովրդին առաջնորդել ապստամբության։

Թամար Հովհաննիսյանին և Պետրոս Մակեյանին խնդրում եմ ստանձնել կից ցուցակում նշված գործիչներին համախմբելու և Ճակատի ձևավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը։

Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որն, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով”.

Առաքելյան Արմինե

Անդրեասյան Կարեն

Ավետիսյան Վոլոդյա

Բադասյան Վահան

Բաղդասարյան Ալբերտ

Բարսեղյան Լևոն

Գրիգորյան Արմեն

Դիլբարյան Նարինե

Ենիգոմշյան Ալեք

Զոհրաբյան Ապրես

Իոաննիսյան Դանիել

Խառատյան Հրանուշ

Կարապետյան Ռուբեն

Կյուրեղյան Արմենակ

Հովհաննիսյան Արմեն

Հովհաննիսյան Թամար

Հովհաննիսյան Հմայակ

Հովհաննիսյան Րաֆֆի

Մակեյան Պետրոս

Մարտիրոսյան Արմեն

Մարտիրոսյան Վահրամ

Միքայելյան Սասուն

Պապյան Արա

Պետրոսյան Եղիշե

Ռուբինյան Կարապետ

Սանասարյան Դավիթ

Սաֆարյան Ստեփան

Փաշինյան Նիկոլ

Փոստանջյան Զարուհի

Օհանյան Սեյրան

Օսկանյան Վարդան»




Լրահոս