Ինչպե՞ս են մեր զինվորականները երիտասարդ տարիքում ստանում գեներալի կոչում. Մհերի պրոդյուսերը՝ վաստակավորի կոչման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախության 26-ամյակի կապակցությամբ մի շարք երգիչներ արժանացան ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Նրանց թվում են Արամեն, Մհերը, Սիրուշոն և այլք: Իհարկե այս անգամ էլ նախագահականում կայացած կոչումների շնորհման արարողությունը քննադատությունների առիթ տվեց: Շատերը նշում են՝ իսկ ի՞նչ վաստակ ունեն վերը նշված երգիչները մշակույթի ասպարեզում:

ArmLur.am-ի հետ զրույցում արդեն իսկ վաստակավոր արտիստի կոչումը ստացած երգիչ Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն ասաց, որ Մհերը շատ ուրախ է այս մրցանակի համար:

Ի դեպ հավելենք, երբ առաջարկեցինք զրուցել անձամբ Մհերի հետ՝ խոսելու կոչումը ստանալուց հետո վերջինս զգացողությունների մասին, Գեորգի Հարությունյանը նշեց, որ բոլոր հարցերն ուղղենք իրեն:

ArmLur.am-ի այն դիտարկմանը, որ շատ են երգչին կոչումը տալու հետ կապված քննադատությունները, որոնք մասնավորապես վերաբերում են վերջինիս երիտասարդ տարիքին և մշակույթի ոլորտում ունեցած վաստակին, Գեորգին պատասխանեց.
«Տարիքի հետ կապված քննադատում են, բայց Մհերն այդքան էլ փոքր չէ: Այդ դեպքում ինչպե՞ս են մեր զինվորականները երիտասարդ տարիքում ստանում գեներալի կոչում:
Մհերը վաստակել է իր կոչումը շնորհիվ իր արտիստ լինելու: Եթե Մհերը սիրված չլիներ, չունենար գեղեցիկ երգեր, եթե Մհերը Հայաստանը չներկայացներ մի քանի տեղ, կոչումը կլիներ շուտ, բայց քանի որ ինքը և ներկայացրել է Հայաստանը, և ժողովուրդը սիրում է իր երգերը, և ունի բավականին լուրջ և սիրուն երգեր Հայաստանի մասին, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ ինքը ստանար կոչումը: Ինքը սովորական երգիչ չի, ինքը միշտ ներկայացրել է Հայաստանը օտար տեղերում», – ասաց երգչի պրոդյուսերը:

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ կոչումը Մհերին տրվեց, քանի որ վերջինս մտերիմ է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, Գեորգի Հարությունյանն այսպես արձագանքեց.

«10 տարի է՝ Մհերը մտերիմ է Ռիտա Սարգսյանի հետ, ինչո՞ւ է տասը տարի հետո կոչում ստանում», – եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս