Իշխանությունները` մամուլի թշնամի. «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրինագիծը լուրջ սահմանափակումներ է դնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կառավարությունը լրատվամիջոցների գլխին իսկական պատուհաս է դարձել: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունն իբր որոշել է բարեփոխել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, սակայն այնպիսի նախագիծ է ներկայացրել, որ իրականում սահմանափակում է տեղեկատվություն ստանալու ազատությունը, որը առաջին հերթին հարված է մամուլին, հասարակական կազմակերպություններին եւ Կառավարության «կոկորդին կանգնած» այլ կառույցների գործունեությանը:

Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման»: Սա հրաշալի հնարավորություն է` մերժելու ցանկացած տեղեկատվության տրամադրումը:

Ցանկացած հարցման դեպքում կարելի է այս հիմնավորումներից որեւէ մեկը պատրվակ բռնել: Փաստորեն, մինչ Սերժ Սարգսյանը փորձում է աշխարհին ներկայանալ ժողովրդավարական իմիջով, պարծենում է, թե խոսքի ազատություն կա մեր երկրում, իրականում տեղի է ունենում հակառակը: Իսկ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարող են վաստակել մամուլի թշնամու տիտղոսը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս