
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից:
Պարզվել է, որ երկու հաշվապահներին արձակուրդ է տրվել, բայց հետո նրանց ժամկետից շուտ ետ են կանչել, հետո նորից արձակուրդ ուղարկել: Եւ ամեն անգամ արձակուրդից ետ կանչելու եւ հավելյալ աշխատանքով ծանրաբեռնելու համար բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել:
Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. այս բոլոր որոշումների հետ ի պաշտոնե առնչություն է ունեցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Բայց հիմա նա պատգամավորական մանդատի բարիքներն է վայելում, իսկ Մինասյանին ու երկու հաշվապահներին աշխատանքից ազատել են: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն, հերքեց այս լուրերը` ասելով, որ որեւէ մեկին աշխատանքից չեն հեռացրել»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: