«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարզաբանում էր, թե մինչ այդ էլ լատինատառ ուղղության զարգացման հայեցակարգն է ընդունվել, ու զարմանում էր, թե ինչու հատկապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը բուռն քննարկումների առիթ դարձավ:
Քանի որ հարցը արդեն քաղաքականացված էր, այս հայեցակարգի նախագծում տեղ գտած մի ձևակերպում, թե այն մշակվել է վարչապետը Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա, առավել մեծացրեց հետաքրքրությունը ռուսաց լեզվի ու դրա զարգացման հայեցակարգի նկատմամբ: Բայց ահա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում վարչապետը կանգնեց ու շատ պարզ հայտարարեց՝ «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»:
Այս ամենից հետո հարցի քաղաքական հնչեղությունն ապահովված է: Ստացվում է, որ ՀՅԴ-ական նախարարը հայեցակարգի գոյությունը հիմնավորում է ՀՀԿ-ական վարչապետի հանձնարարականով, որը հայտարարում է, թե նման հանձնարակական չի եղել: Ու հարց է առաջանում՝ կրթության և գիտության նախարա՞րն է այն գցում վարչապետի վրա, թե՞ վարչապետն է, հասկանալով հարցի քաղաքական հնչեղությունը, իրեն ապահովագրում՝ փաստի առաջ կանգնեցնելով Լևոն Մկրտչյանին: Իսկ այս հարցն արդեն հետաքրքիր է հատկապես վերջին շրջանում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերության մեջ «ճաքերի» առաջացման մասին լուրերի ֆոնին, որոնք, ի դեպ, հերքում են թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ՀՀԿ-ական ներկայացուցիչները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այս հարցի կապակցությամբ armtimes.com-ին ասաց «Հանգի՛ստ եղեք, այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա», ու հավելեց, թե վարչպետի ու ԿԳ նախարարի հայտարարություններում առկա հակասության պատճառները պարզելու համար պետք է դիմել ԿԳՆ և կառավարության աշխատակազմ:
Մեր հարցին, թե արդյոք չկա՞ քաղաքական հնչեղություն ունեցող հարցի պատասխանատվությունը կոալիցիոն գործընկերներից յուրաքանչյուր կողմից մյուսի վրա գցելու միտում, Վարդանյանը շեշտեց՝ «Բացարձակ չեմ տեսնում որևէ պատասխանատվություն կոալիցիոն գործընկերոջ վրա գցելու միտումներ»:
ՀՀԿ-ից ևս ցանկանում էինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ, բայց մեզ հասկացրին, թե ՀՀԿ-ում հակված են այս հարցը չխորացնել, դրա համար շատերը խուսափում են այս թնջուկի առնչությամբ քաղաքական գնահատականներ հնչեցնել:
Կարելի է ասել, որ պաշտոնական «կռուտիտը» կա, որով կփորձենք «թե՛ գայլերին կուշտ պահել, թե՛ գառներին փրկել», այսինքն՝ ոչ վարչապետին գցել, ոչ էլ ԿԳ նախարարին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: