ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանքերի տիրակալները. ովքե՞ր են Հայաստանի հանքատեր պաշտոնյաները. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական զարգացման գործակալության» տվյալների համաձայն՝ Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր:

factor.am-ը գրում է, որ դրանցից 421-ի արդյունահանումը, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, ընթացքի մեջ է, 42-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման փուլում: Սա ամենաստվերային ոլորտն է, անվերահսկելի ու եկամտաբեր, ինչով և բացատրվում է ոլորտում պատահական մարդկանց չլինելը:

Դրանց մեծ մասի սեփականատերերը նախարարներ են, պատգամավորներ, մարզպետներ, այլ պաշտոնյաներ՝ նախկին ու ներկա: Մամուլը տարբեր ժամանակներում ներկայացրել է հանքատեր պաշտոնյաների անունները, առանձնացնենք դրանցից մի քանիսը` մինչ այդ նկատելով, որ այդ ընթացքում կարող են եղած լինել հանքատերերի փոփոխություններ և ոլորտի վերաբաշխումներ: Եվ այսպես` հանքատեր պաշտոնյաների ցանկում իր կարևոր տեղն ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը:

2010 թվականին Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքային դաշտում շահագործման լիցենզիա էր ստացել Հովիկ Աբրահամյանին և Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պաատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն: Հովիկ Աբրահամյանի ընտանիքին է պատկանում նաև Վայոց ձորի Ելփին գյուղի պղնձի և մոլիբդենի հանքավայրի լիցենզիան, որը ստացել է Մխչյան գյուղում գրանցված «Արգամիկ» ՍՊԸ-ն: Ընկերության սեփականատերը Հովիկ Աբրահամյանի որդին է՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանի «Մեծն Հովնան» ՍՊԸ ն է լ շահագործում է Արարատում ավազի հանքը: Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը գրեց, որ Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը: Ըստ թերթի, նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել, ուստի այստեղ ունեցած բիզնեսները վաճառում է:

Իսկ ահա գործարար Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Նիկելի սար» ընկերությունը, որը 2011 և 12 թվականներին ստացել էր Շիրակի մարզի Մուսաելյան-Բարգուշատի և Ամասիայի բազմամետաղի հանքավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, ավելի ուշ հայտնվեց սնանկացման եզրին:

Հանքատեր պաշտոնյաների ցանկի առաջատարներից է բնապահպանության նախկին նախարար և ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, ով մի շարք հանքավայրերի փաստացի սեփականատեր է: Այդ հանքերը նա ձեռք է բերել բնապահպանության նախարար աշխատած տարիներին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Այվազյանը այդ հանքերի շահագործման նպատակով ներդրումներ չի անում, փոխարենը բավական բարձր գներով վաճառում է, ինչպես, օրինակ, որդու անունով գրանցված Սվարանցի և Հրազդանի երկաթահանքերի բաժնետոմսերի մի մասը, որը Այվազյանները 24 միլիոն դոլարով վաճառեցին չինական Fortune Oil ընկերությանը:

Համաձայն տարբեր հրապարակումների՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում: Նախկին ՕԵԿ, ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ նույն ջրամբարի հարավ-արևմտյան կողմում: Դեռ 2011 թվականին «Հայ ազգային կոնգրեսը» հրապարակեց 76 պատգամավորների ցանկ, որոնք զբաղվում են բիզնեսով, մի մասը՝ հանքարդյունահանման ոլորտում:

Խոշոր հանքատեր է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին պատկանող «Արարատցեմենտ» և «Մուլտի գրուպ սթոուն» ընկերությունները ցեմենտի հումքի և տրավերտինի հանքարդյունաբերություն են իրականացնում։ Ծառուկյանին է պատկանում Լոռու մարզի Մղարթ գյուղի ոսկու հանքը: Նախկին ոստիկանապետ, նախագահի նախկին խորհրդական, այժմ պատգամավոր Ալիկ Սարգսյանի ընտանիքին են պատկանում Արաքս գետի ավազանում գտնվող ավազի և տրավերտինի հանքեր՝ 550 հեկտարի չափով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս