
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա 1.5 տարվա ընթացքում կվաճառի ընկերության մինչև 75 մլն հասնող բաժնետոմսերը: Նրա խոսքով՝ վաճառքից ստացված գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
«Ես ակնկալում եմ, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում կվաճառենք Facebook-ի 35-75 միլիոն բաժնետոմսերը, որպեսզի շարունակենք աջակցություն ցուցաբերել կրթության, գիտության եւ իրավունքի ոլորտներում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ցուկերբերգը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Facebook- ի բաժնետոմսերի արժեքը վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան է աճել, որ նա կարող է ամբողջությամբ ֆինանսավորել իր բարեգործական գործունեությունը և պահպանել ընկերության նկատմամբ վերահսկողությունն առնվազն 20 տարի:
Նշենք, որ 2015 թ.-ի դեկտեմբերին, երբ ծնվեց Ցուկերբերգի դուստրը, նա հայտարարեց, որ Facebook-ի բաժնետոմսերի 99%-ը կնվիրաբերի բարեգործությանը՝ ընդգծելով, որ դրանց վաճառքը կիրականացվի «իր ողջ կյանքի ընթացքում »: