Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի այս տարվա նոյեմբերի 3-րդ տասնօրյակում: Մշակույթի նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծը, որի նախնական տարբերակը քննարկվել է կինոգործիչների հետ։ Նախարարությունը կինոգործիչներին ժամանակ է տվել` օրենքին ծանոթանալու եւ իրենց դիտարկումները ներկայացնելու համար։
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է կինոռեժիսոր Արամ Շահբազյանի հետ։
-Պարո՛ն Շահբազյան, ի՞նչ տպավորություններ ունեք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից։
-Կասեմ կարճ՝ դա ոչ թե օրենքի նախագիծ է, այլ բիզնես պլան։ Ամեն պայման ապահովված է օտարերկրյա ներդրողների համար, ինչը չենք կարող ասել տեղական արտադրողի առնչությամբ. վերջինս մնաց փշալարերից կախված։ Հստակ կանոնակարգված չէ՝ ինչ բան է ազգային կինոն։ Չկա մի կետ, որը կնպաստի ազգային կինոյի զարգացմանը։ Ազգային կինոյի զարգացումն այն է, երբ խթանում ես քո երկրի քաղաքացի հանդիսացող արտադրողի, ստեղծագործական խմբի գործունեությունը։ Օրենքը շատ բացեր ունի։ Հստակ չէ, օրինակ, թե Ազգային կինոկենտրոնը ինչ սկզբունքով է դրամաշնորհներ բաշխում եւ կոնկրետ ում։ Ես այս մասին բարձրաձայնել եմ դեռ այն ժամանակ, երբ օրենքի նախագիծը չկար։ Այս օրենքին կինոգործիչներն, իսկապես, երկար են սպասել, այնինչ` օրենքը ծամծմվեց, ծամծմվեց, իսկ արդյունքը, ցավոք, գոհացուցիչ չէ։
Հիշում եմ, որ տարիներ առաջ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասում էր, թե մեզ կինոյի մասին օրենք պետք չէ։ Տարիներ հետո եկան այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, օրենքը մեզ պետք է։ Որոշ ժամանակ առաջ եղավ կինոգործիչների հետ նախնական հանդիպում, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ քննարկվեց օրենքը, անդրադարձ կատարվեց այն հարցին, որ հայաստանյան կինոգործիչների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, որ նրանք առավելություններ չունեն, առաջարկվեց վերամշակել օրենքը, այնինչ` հետո նախագիծը նույն տեսքով «դեմ տվեցին» մեզ, ասացին՝ պետք է ընդունվի։
-Կինոոլորտում մասնավոր ներդրումների մասով ի՞նչ կասեք։ Ըստ օրենքի՝ կա՞ն շահագրգռող պայմաններ ներդրողների համար։
-Կասեմ, որ համապատասխան պայմաններ չկան։ Հստակ չէ՝ մասնավորն ինչ առավելություն կունենա, եթե ներդրում կատարի կինոոլորտում։ Մարդը ներդրում է անում կինոյում, նրանից գանձում են նույնքան հարկեր, որքան կգանձեն կոշիկ ներկրողից։ Պարզ չէ՞, որ մասնավորը այդ պարագայում նախապատվությունը կինոյի ոլորտին չի տա։ Պետք է նկատել նաեւ, որ օրենքի համաձայն պրոդյուսերական ինստիտուտը նորից անկատար է մնում։
-Եթե «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը համեմատենք արտերկրում գործող կինոյի մասին օրենքի նախագծերի հետ, պատկերն ինչպիսի՞ն կլինի։
-Անկեղծ ասած՝ նախանձով եմ նայում, թե ինչպեսէ, օրինակ, Վրաստանում կինոն զարգացում է ապրում։ Բացե՛ք միջազգային փառատոներն ու տեսե’ք վրացական կինոյի զարգացման տեմպը. դա օրենքի արդյունավետ նախագիծ մշակելու արդյունքն է։
–Օրենքի նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների շրջանակներում առնվազն 100 մլն դրամի չափով ֆիլմարտադրություն իրականացնելու դեպքում ֆիլմարտադրողը ֆիլմարտադրության ծախսերի կազմում ներառված աշխատանքները, ծառայությունները մատակարարներից ձեռք է բերելու դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով, իսկ մատակարարների չստացած եկամուտը փոխհատուցվելու է պետական բյուջեից:
-Արդյունքում հայաստանյան արտադրողին ձեռնտու է գնալ, Վրաստանում կինո նկարել, որ Վրաստանի քեշ-բեքը ստանա, պարզվում է` ավելի հեշտ է նստել, գնալ այդ երկրում կինո նկարել, քան քո երկրում։
-Նախագծով նախատեսված է նոր կառույցի` ֆիլմ-հանձնաժողով ազգային մարմնի ստեղծումը, որը ներկայացնելու է ֆիլմարտադրողների շահերը` դառնալով կապող օղակ վերջիններիս եւ պետության, ինչպես նաեւ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների միջեւ։ Ի՞նչ եք կարծում` այս մարմնի ստեղծումը կծառայի՞ իր նպատակին։
-Այդ նախաձեռնությունն ինձ համար զվարճալի է, քանի որ Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ պարզ չէ՝ ինչպես պետք է անեն, որ այդ մարմնի անդամներն ու կինոգործիչներն իրար խնամի-ծանոթ-բարեկամ դուրս չգան։ Ես կինոկենտրոնում առաջարկությամբ եմ հանդես եկել՝ նշելով, թե ինչպես պետք է գործի ֆիլմ-հանձնաժողովը։ Դրա անդամները պետք է Հայաստանից չլինեն, որպեսզի ապահովվի անկաշառ գործընթաց, բացի այդ՝ օտարերկրյա կինոգործիչները կարող են հուշել՝ որքանով է ֆիլմը համապատասխանում համաշխարհային կինոյի պահանջներին։ Ինձ ասացին, որ առաջարկս ընդունում են եւ կմտածեն այդ ուղղությամբ։
Աննա Բաբաջանյան