Սոցապ նախարարության 11 հանձնաժողովի նախագահ հայտնվել են մեղադրյալի աթոռին. Արտեմ Ասատրյանը կրկին ջրից չոր դուրս եկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեղեկություն, որ կաշառք ստանալու կասկածանքով կալանավորվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը: Ըստ ԱԱԾ-ի` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ գործել է կոռուպցիոն խումբ, որ ստացել է կաշառքներ եւ դրանք փոխանցել իր վերադասներին:

Ինչպե՞ս է տեղի ունեցել գործընթացը: ԱԱԾ-ն պարզել է, որ բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ հավաքված գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ հանձնել են բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին

Ի դեպ, երբ իրավապահները խուզարկություն էին իրականացրել հանձնաժողովի նախագահների աշխատասենյակներում, հավաքագրել էին նրանց կողմից օրեր առաջ քաղաքացիներից ստացած գումարների մասնաբաժինը՝ 2 միլիոն 547 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։

Արդյունքում, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել վերոնշյալ գործից, թե կոնկերտ որ պաշտոնատար անձինք են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կոնկրետ ինչի համար: Մասնավորապես իրապահների կողմից բացահայտված կոռուպցիոն բանդայի գործով 13 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին, որոնցից կալանքի տակ են գտնվում միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը, իսկ ահա 11 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Եվ այսպես` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւանի Կոմիտասի 49/4 շենքի 11-րդ հարկ հասցեով եւ Երեւան քաղաքի Արմենակյան փողոցի 129 հասցեով գտնվող աշխատասենյակներում ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցների եւ իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել է 1 միլիոն 528 հազար 600 դրամի կաշառք:

Իսկ ովքեր են եղել այն անձինք, որոնք կաշառքներ են տվել գործակալության պետ Արմեն Սողոյանին:

Այսպիսով` 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Արմեն Սողոյանին իր աշխատասենյակում 200 հազար դրամ կաշառք է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանը:
2016թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը տվել է 150 հազար դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Արոն Սիմոնյանը տվել է 288 հազար 600 դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Արարատի մարզի թիվ 2 ԲՍՓ նախագահ Զորիկ Մկրտչյանը 2016թ. նոյեմբերի 24-ին եւ 2016թ. դեկտեմբերի 23-ին նրա աշխատասենյակում որպես կաշառք տվել 40 հազար եւ 100 հազար դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Շիրակի մարզի թիվ 3 ԲՍՓ նախագահ Երեմ Մարգարյանը 2016թ. դեկտեմբերի 23-ին տվել է 100.000 դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը տվել է 100.000 դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը` 100 հազար դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ Վայոց ձորի ԲՍՓ նախագահ Ցիալա Խուդինյանը տվել է 150.000 դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի ԲՍՓ նախագահները յուրաքանչյուրը տվել է 100.000 դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանը 2016թ. հկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում իրենց հատկացված աշխատասենյակում մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 265 հազար դրամ:

Ի դեպ, այս գործով ԱԱԾ-ն նախաքննությունը ավարտել է:
Ասել է, թե հանձնաժողովի նախագահների համար սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ կատարվածը դաս չի եղել: Սակայն այս պարագայում ուշագրավն այն է, որ հերթական կոռուպցիոն սկանդալից հետո ջրից չոր դուրս եկավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս