Օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին խոստովանեց, որ վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալները մտահոգության առիթ են դարձել:
«Եւ հետեւաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձեւավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը: Սա առավել կարեւոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի եւ հաշվառելի»,- հայտարարել է վարչապետը: Նա նաեւ հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, մարզպետներին եւ առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկություն` գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին: Ի դեպ, վարչապետն արձանագրել է, որ աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներից: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսը, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ունի 75 տոկոս կատարողական»,- ներկայացրել է Կարեն Կարապետյանը:
Հավելենք, որ այս պատկերը պատահական չի ստացվել, քանի որ նախորդ տարիներին իշխանությունները գյուղատնտեսության ոլորտում թռիչքային աճեր են գրանցել, բայց պարզվում է, որ թվանկարչությամբ են զբաղվել: Մինչդեռ հայտնի է, որ գյուղատնտեսության ոլորտը չի հարկվում, հետեւաբար այդ թվերի իսկությունը պարզելը, մեծ հաշվով, հնարավոր չէ: Այսինքն՝ եթե գյուղապետը ներկայացրեց՝ պայմանական 110 տոննա խաղողի բերք է հավաքվել, ապա մենք կուրորեն պետք է հավատանք այդ թվերին, որովհետեւ մենք չենք կարող դա ստուգել: Ինչեւէ, սա դրա հետեւանքն է, որն էլ իշխանությունները «վայելում» են: Բացի այս՝ վերջին մի քանի տարիներին շինարարության ոլորտում անկում է արձանագրվում, հետաքրքիր է՝ սա վարչապետը հիմա՞ է նկատում:
Սյունէ Համբարձումյան